Tuesday, September 4, 2012

Մշակվում են քայլեր, որոնց ականատեսը շուտով կլինեք.Դավիթ Բաբայան

Tert.am. 4-9-2012- Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը անուղղակիրորեն կնշանակի, որ բանակցությունների շարունակման իմաստ չկա, այս մասին Tert.am–ին ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար, քաղաքագետ Դավիթ Բաբայանը։ «Հայաստանը միշտ ասել է, որ պատրաստ է ճանաչել ԼՂՀ անկախությունը և դրա համար համապատասխան հանգամանքներ են պետք: Հայաստանը աջակցում է, որպեսզի նախ միջազգային հանրությունը ճանաչի ԼՂՀ անկախությունը»,– ասաց նա: Նշենք, որ երեկ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել էր, թե Հունգարիայի կողմից իր մեղքը քավելու լավագույն սցենարը կլիներ այն, որ Հունգարիան ճանաչի Արցախի անկախությունը: Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը չի հայտնվի ոչ շահեկան վիճակում՝ նման առաջարկներ բարձրաձայնելով, եթե ինքն իսկ դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, Բաբայանը պատասխանեց այսպես. «Կրկնում եմ, շատ ավելի լավ կլինի, եթե Հունգարիան ճանաչի։ Դա կլինի լավագույն սցենարը, և նաև կարծում եմ՝ հարմար պահ կլինի իր մեղքը քավելու համար»: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստեփան Սաֆարյանը վերջին մի քանի օրերին պարբերաբար կրկնում է, որ հիմա ստեղծված է քաղաքական լավագույն պահը՝ Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու համար: Դավիթ Բաբայանի խոսքով՝ թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի կողմից մշակվում (ասաց՝ «մտածվում են» - Tert.am ) են քայլեր, որոնք շուտով երևան կգան և նպատակաուղղված կլինեն Ադրբեջանի և Հունգարիայի դեմ այլ երկրների դատապարտող քայլերի առաջ բերմանը, ավելի կոնկրետ՝ որպեսզի «Հունգարիան և Ադրբեջանը զգան իրենց սխալը և դրա հետևանքները»: Դավիթ Բաբայանը կարծում է, որ հայկական երկու պետությունների քայլերը պետք է ուղղված լինեն ընդհուպ մինչև ՄԱԿ-ին` Ադրբեջանի անդամակցության դադարեցմանը, ինչպես նաև այդ երկրի հետ մի շարք միջազգային կառույցների հարաբերությունների սառեցմանը: Հիշեցնենք, որ երեկ Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հանդիպելով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ, քննարկել էին տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի համատեքստում անդրադարձել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստին և իրենց խորին ափսոսանքն էին հայտնել այն վնասի համար, որ «Սաֆարովին ներում շնորհելն ու նրա գործած հանցանքը մեծարելու փորձերը հասցրել են խաղաղ բանակցային գործընթացին և կողմերի միջև փոխադարձ վստահության մթնոլորտին»: Ի պատասխան հարցի, թե չի՞ կարծում, որ համանախագահների տոնայնությունն, այնուամենայնիվ, այն աստիճանի չէր, որպեսզի Ադրբեջանն իրեն զգար որպես քննադատվող կողմ, Դավիթ Բաբայանը նկատեց. «Միգուցե, բայց չմոռանանք, որ համանախագահող երկրների ղեկավարներն են շատ ավելի կոշտ հայտարարություններով հանդես եկել: Մինսկի խումբը «առանձին կառույց չէ», և եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոշտ հայտարարությամբ է հանդես գալիս, ապա դա նշանակում է, որ նման դիրքորոշում, բնականաբար, որդեգրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը»:

No comments: