Tuesday, July 22, 2008

ԵՐԵՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ

ՍՈՒՐԲ ԹԱԴԵԻ ՎԱՆՔԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵՑ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՊԱՏՄԱԿԱՆ ԿՈԹՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

Ս. Թադեոս առաքյալի պատմական վանքը, հուլիսի 2-10-ը Կանադայի Քվեբեկ քաղաքում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 32-րդ նստաշրջանի ընթացքում, որպես Իրանի 9-րդ պատմամշակութային կոթող պաշտոնապես գրանցվեց միջազգային այդ կազմակերպության պատվավոր ցուցակում:
Պաշտոնական հաղորդումների համաձայն, իրանական կողմը սուրբ Թադեի վանքի հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկմանն էր հանձնել նաեւ Ծործորի Ս. Մարիամ եւ Ս. Ստեփանոս նախավկայի վանքերի փաթեթները, որոնք քննարկվելու են ապագայում:
Իրանի հայկական հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ներգրավվելու գործընթացի բոլոր փուլերում, իր ամենայն աջակցությունն է ցույց տվել Հայաստանի Հանրապետությունը, այն համարելով՝ միջմշակութային համագործակցության ու փոխըմբռնման վառ դրսեւորում:
«Այն հիմնված է դարերով միմյանց հարեւանությամբ ապրած ժողովուրդների միջեւ առկա հարգանքի, նրանց պատմությունն ու ժառանգությունը որպես քաղաքակրթությունների ձեռքբերում դիտարկելու եւ արժեւորելու մոտեցման վրա», - ասված է ՀՀ ԱԳՆ-ի տեղեկատվության մեջ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պահպանման մասին կոնվենցիայի շրջանակներում վերը նշված ցուցակում ընդգրկված են շուրջ 851 համաշխարհային նշանակության արժեքներ:
Հատկանշելի է, որ Ս. Թադեն կառուցվել է Ս. Թադեոս առաքյալի շիրիմի վրա: Այն հայկական հնամյա վանքերից մեկն է, որ կառուցվել է 6-րդ եւ վերանորոգվել 9-րդ դարերում: 1227թ. մինչեւ 1833թ. ծառայել է որպես Ատրպատականի ՀԹ առաջնորդանիստ կենտրոն: Իսկ 19-րդ դարի առաջին տասնամյակի, Իրան-Ռուսաստան հայտնի պատերազմներից հետո, որի հետեւանքով հայաթափվեց շրջանը, Ս. Թադեի վանքը պահպանվել է տեղում մնացած սակավաթիվ հայերի ձեռամբ եւ ապրել է գրեթե մենավոր:
1954թ., երբ դեռ իրանահայ թեմերը ենթարկվում էին Ս. Էջմիածնին, ձեռնարկվել է առաջին ժողովրդական ուխտագնացությունը դեպի Ս. Թադե, որին իրենց մասնակցությունն են բերել 54 հազար հայեր: Իսկ այնուհետ գրեթե յուրաքանչյուր տարի կազմակերպվել է այդ ուխտագնացությունը: Այս տարվա ուխտագնացությանը քանի հազար իրանահայ ուխտավորների կողքին, ուխտի էին եկել նաեւ այլ երկրների հայեր: Այս առիթով իրենց հատուկ պատգամներն էին հղել Թեհրանի ՀԹ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը եւ Սպահանի ՀԹ առաջնորդ Տ. Բաբգեն եպիսկ. Չարյանը:
Բնությունը, ինչու չէ նաեւ մարդիկ, տասնամյակների ընթացքում, զգալի վնաս են հասցրել Ս. Թադեի վանքին, սակայն, վերջին տարիներին, պետական պաշտպանությունն ու նաեւ իրանահայ համայնքի ներդրումը բավականաչափ կարգի են բերել նրան: Եվ ահա, ինչպես հին անցյալում, երկրի հյուսիս-արեւմտյան շրշանում, Մակու քաղաքից դեպի հարավ, ընկած տարածքի բարձրունքներից մեկի վրա, դեպի Արարատ նայող մի հնամյա քարակերտ կառույց՝ Սուրբ Թադեի վանքը դարձյալ փայլում է, որպես շրջանի ամենաթանկ զարդերից մեկը:

No comments: