Saturday, August 2, 2008

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՍՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ` ՀԱՆՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ԼՈՆԴՈՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ - ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ագրեսիվ Ադրբեջան» խորագրի ներքո «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը թարգմանաբար ներկայացրել է «Ադրբեջանը խոսում է պատերազմելու մասին` հանուն Լեռնային Ղարաբաղի» վերնագրով բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականի հոդվածը, ինչպես նաեւ դրա վերաբերյալ կենտրոնի մեկնաբանությունը: Ստորեւ հոդվածը եւ մեկնաբանությունը ներկայացվում են ամբողջությամբ:Հսկայական ռազմական ծախսերը վկայում են, որ Ադրբեջանը մեծացրել է Լեռնային Ղարաբաղն ու իր մյուս բռնազավթված տարածքները ուժով վերադարձնելու հնարավորությունը: Թեեւ նախագահի առաջիկա ընտրությունը գործոն է, այս առավել ագրեսիվ դիրքորոշումը պարզապես դատարկ սպառնալիք չէ: Ադրբեջանը հուսահատված է 14-ամյա բանակցությունների ձախողումից եւ եզրակացրել, որ համոզիչ ռազմական սպառնալիքն այն լավագույն միջոցն է, որը կստիպի Ղարաբաղի հայերին զիջումներ անել, իսկ, եթե դա էլ ձախողվի, նրանց դուրս քշել:

Խոսակցություն պատերազմի մասին

Հուլիսի 16-ին ԵԱՀԿ դիտորդները Լեռնային Ղարաբաղի հրադադարի գծի մի հատվածում չպլանավորված դիտարկում են անցկացրել` անսալով հրադադարի խախտումների մասին երկու կողմերի հայտարարություններին: Մթնոլորտը լարվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի սկզբին հայտարարեց, որ թեեւ Ադրբեջանը կշարունակի քաղաքական քայլեր կատարել Ղարաբաղը եւ հայերի վերահսկողության տակ գտնվող հարակից տարածքները վերադարձնելու ուղղությամբ, այդուհանդերձ` «մենք ամեն պահի պետք է պատրաստ լինենք մեր հողերը ռազմական ճանապարհով ազատագրելու»: Նա հավելել էր, որ Ադրբեջանի բանակն ամենահզորն է տարածաշրջանում:Պարոն Ալիեւի հայտարարությանը հետեւեցին մեծածավալ բանավեճեր ադրբեջանական մամուլում` ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու շուրջ: Հայ քաղաքական գործիչները հանդես եկան սուր քննադատությամբ` փորձելով միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել Ալիեւի հայտարարություններին եւ աջակցություն ստանալ իրենց դիրքորոշմանը: Ղարաբաղի ներսում արձագանքը նվազ դիվանագիտական էր: Հուլիսի 16-ին, այս կազմավորման պաշտպանության նախարարը հայտարարեց, թե բավարար ռազմական կարողություն ունի Ադրբեջանի յուրաքանչյուր հարձակում հետ մղելու համար:Վերջին շաբաթներին հրադադարի գծում փոխհրաձգությունը փաստում է, որ Ղարաբաղն իրականում սառեցված հակամարտություն չէ, եւ ընդհանուր առմամբ այդպիսին չի էլ եղել 1994 թվականի զինադադարից ի վեր: Ադրբեջանի համար շատ ավելին է դրված նժարին. բռնազավթվել է նրա տարածքի շուրջ 15 տոկոսը` բացի Ղարաբաղից, նաեւ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող շրջանները, որոնցից միայն երկուսն են անհրաժեշտ Հայաստանի հետ ցամաքային կապ պահպանելու համար: Յոթ շրջանների զավթումն ավելի մեծ զայրույթ է առաջացրել Ադրբեջանում, քան Ղարաբաղի զավթումը, քանզի դրան որեւէ քաղաքական արդարացում չկա:Վերջին տարիներին իրավիճակի մեծ փոփոխություն է տեղի ունեցել ադրբեջանական կողմում. պատերազմում պարտված բանակը վերափոխվում է` ֆինանսավորվելով երկրի նավթային պաշարների շահագործումից ստացվող մեծ եկամուտներով: Պարոն Ալիեւը վերջերս հայտարարել է, որ ռազմական ծախսերը 2003 թվականից սկսած աճել են տասն անգամ եւ այժմ կազմում են տարեկան 2 միլիարդ դոլար: Սա արդեն իսկ անհամեմատ գերազանցում է Հայաստանի ռազմական բյուջեն եւ դեռ ավելի պիտի աճի: Ադրբեջանի ձեռք բերած ռազմական տեխնիկան բավարար չի համարվում վերադարձնելու գրավյալ տարածքները, սակայն դա ցույց է տալիս, որ կա նման մտադրություն: Գիտակցվում է, որ առանցքային գործոնը Ադրբեջանի զինուժի որակն է: Պարոն Ալիեւը հունիսին շատ հստակ հայտարարեց, որ բանակն օր օրի ավելի արհեստավարժ է դառնում:

Հիասթափությունը մեծանում է

Ադրբեջանի կառավարության որդեգրած առավել ռազմատենչ տոնը հավանաբար մասամբ պայմանավորված է այս տարվա վերջին նախատեսված նախագահի ընտրությամբ, եւ Ալիեւը գրեթե վստահ է, որ հաղթելու է: Այդուհանդերձ, սխալ է պատերազմի մասին խոսակցությունները վերագրել միայն ընտրությունների գործոնին:Ադրբեջանը խորապես դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից: Մինսկի խմբին, որի անդամ են ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, հանձնարարված է հակամարտության կարգավորման ուղիներ փնտրել: 1994 թվականից ի վեր Մինսկի խումբը ոչնչի չի հասել, կամ քիչ բանի է հասել: Ադրբեջանի կարծիքով` Ռուսաստանը գերադասում է հակամարտությունը պահել սառեցված` իր ազդեցությունը Կովկասում պահպանելու համար: Ֆրանսիան համարվում է պասիվ եւ կողմնապահ` հօգուտ Հայաստանի` պայմանավորված իր երկրում հայկական Սփյուռքի առկայությամբ: Մեծ սպասումներ կան Միացյալ Նահանգներից, սակայն կարծես այս երկիրն էլ չի կարողանում հաղթահարել ռուսական խոչընդոտը (ԱՄՆ-ը նույնպես ազդեցիկ հայկական Սփյուռք ունի):

Ուժային դիվանագիտություն

Մինսկի խմբից հիասթափությունը հասկանալի է, սակայն երեւի այնքան էլ տրամաբանական չէ: Հակամարտությունը մնում է սառեցված, ոչ այն պատճառով, որ մեխանիզմներն են սխալ, այլ որովհետեւ երկու կողմերն էլ չունեն փոխզիջումների գնալու բավարար քաղաքական կամք: Հակամարտությունը փակուղի է մտել, քանի որ եթե ստատուս քվոն անընդունելի է Ադրբեջանի համար, Ղարաբաղի հայերը լիովին բավարարված են դրանով կամ, ավելի ճիշտ, նրանք ստատուս քվոն գերադասում են փոխզիջումներից, որոնց մաս կարող է կազմել Հայաստանի հետ ցամաքային կամրջի կորուստը կամ` Ադրբեջանի կազմում լայն ինքնավարության ընդունումը: Այս պատճառով էլ ձախողվում է կարգավորման բանակցային գործընթացը:Մինչ վերջերս Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների իրականացման սպառնալիքն այնքան լուրջ չէր, որ խառներ Ղարաբաղի հայերի հաշվարկները: Բաքուն կարծես եզրակացրել է, որ առաջ գնալու լավագույն միջոցը հակառակ կողմի հաշվարկները փոխելն է` առավել համոզիչ ռազմական սպառնալիք ներկայացնելու ճանապարհով:Այդ պատճառով Ադրբեջանի վերազինումն ու առավել ագրեսիվ դիրքորոշումը նախըտրական աղմուկ համարելը սխալ է: Սա արձագանք է հակամարտության կարգավորման ձախողմանը եւ մատնում է այն համոզմունքը, թե տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխությունը միջոցներից մեկն է` ստիպելու հայկական կողմին առավել ճկուն լինելու բանակցություններում: Ադրբեջանի ղեկավարության համար գործողությունների նման ընթացքը լրացուցիչ գրավչություն ունի, քանի որ այն տարածքներն ուժով վերադարձնելու տարբերակ է ստեղծում, եթե նրա ընդգծված ուժային դիվանագիտությունը ձախողման ենթարկվի:

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Միջազգային հարաբերությունների հարցերում մասնագիտացող բրիտանական հեղինակավոր այս հանդեսը հայտնի է իր թուրքամետ եւ ադրբեջանամետ դիրքորոշումներով: Այս անգամ, սակայն, «Էկոնոմիստ»-ը խոսում է Ադրբեջանի` պատերազմ սանձազերծելու նպատակների մասին, «բացատրելով» Բաքվի ռազմամոլությունն իբր չեզոք դիրքերից, իրականում` արդարացնելով այն եւ, միաժամանակ, նախապատրաստելով արեւմտյան հասարակական կարծիքը նման զարգացումներին:Առաջին իսկ պարբերությամբ, մի քանի հաջորդական քայլերով, հոդվածագիրն ընթերցողին տրամադրում է ադրբեջանական «տեսակետը» դրականորեն ըմբռնել: Նախ, առանց այս բարդ հակամարտության արմատներն ու պատմությունը թեկուզ հպանցիկորեն ներկայացնելու, անմիջապես նշվում է, թե «Լեռնային Ղարաբաղն ու մյուս բռնազավթված տարածքները» պատկանում են Ադրբեջանին: Այնուհետեւ ասվում է, թե «Ադրբեջանը հուսահատված է 14-ամյա բանակցությունների ձախողումից»: Ապա բերվում է Ադրբեջանի ռազմատենչության նրբանկատ բացատրություն. Բաքուն «եզրակացրել է, որ համոզիչ ռազմական սպառնալիքն այն լավագույն միջոցն է, որը կստիպի Ղարաբաղի հայերին զիջումներ անել»: Այս ամենից հետո շատ հանգիստ արձանագրվում է Ադրբեջանի բուն նպատակը` «դուրս քշել Ղարաբաղի հայերին»: Ընդ որում, եվրոպական զանազան կառույցներին անդամակցած պետության այս ցեղասպանական մտադրությունը հիշատակվում է առանց որեւէ բացասական երանգավորման ու գնահատական տալու: Երբ խոսքը վերաբերում է Հայկական հարցին` Հայաստանի եւ հայերի անվտանգությանը, ինչպես եւ հարյուր տարի առաջ, եվրոպական բոլոր արժեքներն ու համաձայնագրերը մոռացության են մատնվում:Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները քանիցս հրամցվում են ընդգծված ըմբռնումով, ահավասիկ մեկ օրինակ. «Ադրբեջանի համար շատ ավելին է դրված նժարին. բռնազավթվել է նրա տարածքի շուրջ 15 տոկոսը` բացի Ղարաբաղից, նաեւ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող շրջանները, որոնցից միայն երկուսն են անհրաժեշտ Հայաստանի հետ ցամաքային կապ պահպանելու համար: Յոթ շրջանների զավթումն ավելի մեծ զայրույթ է առաջացրել Ադրբեջանում, քան Ղարաբաղի զավթումը, քանզի դրան որեւէ քաղաքական արդարացում չկա»: Հայկական շահերի եւ անվտանգության պահանջների մասին քար լռություն է պահպանվում: Քանիցս ընդգծվում է նաեւ Ադրբեջանի պատերազմական մտադրությունների լրջությունը, դարձյալ առանց բացասական որեւէ վերաբերմունքի: Փաստորեն, «Էկոնոմիստը» ստանձնել է պատերազմի հրձիգի անպատվաբեր դերը:Սույն հոդվածը հայկական կողմը պետք է ընդունի որպես ահազանգ. արեւմտյան հասարակական կարծիքն սկսում են լրջորեն նախապատրաստել ադրբեջանական ագրեսիային եւ դրա հնարավոր հետեւանքներին` մեղքը հայկական կողմի վրա բարդելով, իհարկե:

No comments: