Sunday, December 21, 2008

Թուրք դիվանագետները խիստ քննադատության են ենթարկել «Հայերից ներողություն խնդրելու» մտավորականների նախաձեռնությունը

Մոտ 60 թուրք դիվանագետներ խիստ քննադատության են ենթարկել «Հայերից ներողություն խնդրելու» նախաձեռնությունն ու այդ արշավը ձեռնարկած մտավորականներին` դա որակելով որպես «դավաճանություն»: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Պաշտոնաթող դեսպանների ու դիվանագետների հրապարակած հայտարարությունում նշվում է, թե նման արշավը «հակասում է ազգային շահերին»: «Նման սխալ եւ միակողմանի արշավն անարգում է մեր պատմությունը: Սա նշանակում է դավաճանություն ինչպես Օսմանյան կայսրության վերջին շրջանում, այնպես էլ Հանրապետության ժամանակաշրջանում ահաբեկչական գործողությունների զոհ դարձած մեր հայրենակիցների նկատմամբ: Պատերազմական պայմաններում տեղի ունեցած 1915-ի հայկական տեղահանությունն ունեցավ դառը հետեւանքներ, սակայն թուրք մարդու` հայկական ապստամբությունների եւ ահաբեկչական գործողությունների հետեւանքով կրած կորուստներն ու ցավերն էլ քիչ չեն»,- նշվում է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ օրեր առաջ մի խումբ թուրք մտավորականներ` Բասքըն Օրանը, Ահմեդ Ինսելը, Ջենգիզ Աքթարը եւ Ալի Բայրամօղլուն, հանդես են եկել «Ներողություն եմ խնդրում» խորագրով արշավ սկսելու նախաձեռնությամբ, որի շրջանակում կազմակերպվել է ինտերնետային ստորագրահավաք, եւ արդեն կան առաջին արձագանքները: Այս նախաձեռնության նպատակն է ներողություն խնդրել հայերից «1915թ.-ի իրադարձությունների նկատմամբ ցուցաբերված անտարբերության եւ ժխտման համար»: Հիշեցնենք նաեւ, որ այս նախաձեռնության առաջին քննադատողներից է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին: Վերջինս իր գրավոր հայտարարության մեջ նշելով, թե հայերը ստում են` ամեն հարմար առիթի դեպքում հայտարարելով, որ 20-րդ դարասկզբին ենթարկվել են ցեղասպանության, ընդգծել է, թե թուրքերի «բնական եւ պատմական իրավունքն է» ներողություն ակնկալել հենց հայերից` թուրք ազգին բռնության ենթարկելու, օսմանյան պետական գործիչներին, Հանրապետության շրջանի դիվանագետներին սպանելու եւ «ղարաբաղյան ջարդերի» համար:

No comments: