Հունվարի 14-ի երեկոյան հեռուստալուրերի գրեթե բոլոր թողարկումներում բավական զգալի ուշադրություն էր հատկացվել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսին, որ նա տվել էր նույն օրը կեսօրին Ուրբաթ ակումբում: Սամվել Կարապետյանը, ով ի դեպ բավական նվիրված եւ ծավալուն աշխատանք է կատարում հայկական հուշարձանների հանդեպ ուշադրություն հրավիրելու ուղղությամբ, իր վրդովմունքն էր հայտնում, որ վրացիները հավակնություն են ցուցաբերում Հայաստանի հյուսիսային շրջաններում գտնվող մի քանի եկեղեցիների հանդեպ, համարելով, որ դրանք վրացական են: Մինչդեռ դրանք, ինչպես հավաստիացնում է Սամվել Կարապետյանը, ունեն նաեւ վրացերեն մակագրություններ, բայց հայկական հուշարձաններ են, որ կառուցվել են կամ քաղկեդոնական Հայաստանի ժամանակաշրջանում, կամ դրանից առաջ եւ փոխանցվել են քաղկեդոնական հայերին: Հասկանալի է Սամվել Կարապետյանի զայրույթը: Մարդը, որ մտահոգ է հայկական մշակութային կոթողների ճակատագրով, որն այդ կոթողների հանդեպ ուշադրությունը դարձրել է իր կյանքի գործը, միանգամայն իրավացիորեն կարող է զայրանալ, եթե տեսնում է, որ այլք հավակնում են այդ կոթողները հայերի ձեռքից խլելուն կամ վերցնելուն: Բայց խնդիրը երեւի թե պետք է արժանացնել հանգիստ քննարկման: Իհարկե, մասնագիտական դիտարկումների խնդիր է պարզելը, թե արդյոք իսկապես այդ հուշարձանները հայկական են, թե վրացիները ճիշտ են ասում, որ իրենցն են: Բայց ժամանակակից աշխարհում թերեւս կա, հաստատվել է մի պարզ ճշմարտություն: Իմի եւ քոնի հարցը որոշվում է առկա իրավիճակով: Եթե ինչ որ բանի տիրություն ես անում, ապա այն քոնն է, իսկ եթե ոչ, ապա դրա հավակնորդները կարող են բազմապատկվել երկրաչափական պրոգրեսիայով:Հիմա, հարց է առաջանում, թե արդյոք ինչ վիճակում են գտնվում Հայաստանի հյուսիսի այն եկեղեցիներն ու հուշարձանները, որոնց հանդեպ հավակնություն են հանդես բերում վրացիները: Որքան մեզ հայտնի է, այդ հուշարձանները գտնվում են անուշադրության եւ անտերության վիճակում, նաեւ թերեւս այն պատճառով, որ դրանց արձանագրությունները վրացերեն են, դրանք ունեն նորոգման, բարեկարգման կարիք: Այլ կերպ ասած, դրանք ունեն տիրոջ կարիք: Սամվել Կարապետյանի պես նվիրյալները պետք են, կատարում են շատ կարեւոր գործ, բայց պարզ է, որ միայն Սամվել Կարապետյանը չի կարող դրանց տիրություն անել: Դրանց տիրություն պետք է անի կամ Հայաստանի հանրապետության իշխանությունը, կամ Հայ Առաքելական եկեղեցին: Պետք է այդ հուշարձանները կենդանացնել, պետք է դրանք օգտագործել, որպեսզի դառնան մերը: Այլապես հեշտ է ասել, որ մերն են, որ կառուցվել են այն ժամանակ, երբ ասենք Եվան Ադամին համոզում էր մի կտոր խնձոր ուտել: Եթե ինչ որ բան քոնն է, ապա դա պետք է ապացուցել այդ քոնի հանդեպ ամենօրյա ուշադրությամբ, այլապես աշխարհի առաջ դու կորցնում ես քոնի հանդեպ բարոյական իրավունքը, իսկ դրա կորստից հետո արդեն ժամանակի խնդիր է մնացյալ բոլոր իրավունքները կորցնելու հարցը: Մի դեպքում դա կլինի մեկ տարի, մյուս դեպքում տասը, քսան, երեսուն տարի հետո, բայց կլինի հաստատ: Ուրեմն պետք չէ զայրանալ վրացիների վրա: Պետք է զայրանալ նրանց վրա, ովքեր այդ հուշարձանների հանդեպ պետք է լինեն պատասխանատու եւ ուշադիր, ովքեր պետք է հոգ տանեն այդ հուշարձանների մասին, դրանք դարձնելով հայկական: Որովհետեւ անգամ եթե եղել են հայկական, անտերության մատնվելով փաստացի դադարել են հայկական լինելուց, որովհետեւ որեւէ խելամիտ մարդ, իրեն պատկանող իրը մի կողմ չի նետի ու մոռանա այդ մասին:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment