Tuesday, June 30, 2009

Հայաստանում անհանգստացած են իրանցի լրագրողների ձերբակալության կապակցությամբ

Tert.am. 29-6-2009- հայ լրագրողներ արձագանքել են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հաղորդագրությանը և իրենց անհանգստությունն են արտահայտել Իրանում դեպքերի կապակցությամբ։ Լրագրողների հայտարարության մեջ ասված է. «Հիմք ընդունելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության պաշտոնական կայքի հունիսի 25-ի հաղորդագրությունը (http://www.rsf.org/Confessions-arrests-and-a-campaign.html)` հայտնում ենք մեր խորին անհանգստությունը հետընտրական Իրանում կատարվող իրադարձությունների կապակցությամբ: Հունիսի 14 -ից մինչև այսօր, Իրանում շարունակվում են ԶԼՄ-ների ներկայացուցիչների ձերբակալությունները: Չքաղաքականացնելով մեր գործողությունը և հանդես գալով անհատապես` մեր լրատվամիջոցներից անկախ, հայտնում ենք մեր բողոքը խոսքի ազատությանը բռնացող ցանկացած գործողության դեմ և կոչ ենք անում ապահովել մարդու հիմնարար իրավունքները: Հայտարարության ներքո ստորագրած հայ լրագրող-ֆոտոլրագրողներիս մտահոգում է իրանցի տասնյակ գործընկերների ներկա կարգավիճակն ու ճակատագիրը: Ուժ և համբերություն ենք մաղթում ձերբակալված լրագրողների և բլոգերների, լուսանկարիչների ընտանիքներին, ովքեր տեղեկություն չունեն իրենց հարազատների մասին: Հույս ունենք, որ մեր գործընկերները ազատ կարձակվեն որքան հնարավոր է կարճ ժամանակամիջոցում և կշարունակեն իրենց գործունեությունը: Մենք անհանգստանում ենք նաեւ Իրանում ձերբակալված հարյուրավոր մտավորականների և սովորական քաղաքացիների համար»: Հայտարարության տակ ստորագրել են՝ Թագուհի Թորոսյան, Կարին Գրիգորյան, Անահիտ Հայրապետյան, Սեդա Պապոյան, Սառա Խոջոյան, Սոնա Գրիգորյան, Նազելի Օհանյան, Վաղինակ Ղազարյան, Անահիտ Մինասյան, Նվարդ Մանվելյան, Նազիկ Արմենակյան, Լուսինե Պետրոսյան, Օֆելիա Զաքարյան, Հայկարամ Նահապետյան, Հարութ Էկմանյան, Լուսինե Մուսայելյան, Շուշան Հարությունյան, Իննա Մխիթարյան, Անժելա Հարությունյան

38 տարի անց Թուրքիայում հունական ուղղափառ ճեմարան կբացվի

/PanARMENIAN.Net/ 29.06.2009 - 38 տարի անց Թուրքիայում կրկին բացվում է հունական ուղղափառ ճեմարան: Այդ մասին հայտարարել է մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթոգրուլ Գյունայը: Նրա խոսքերով, այդ կապակցությամբ եղել է կառավարության որոշումը: «Ճեմարանը չի ընդգրկվի Թուրքիայի բարձրագույն կրթության համակարգում, սակայն այլ կերպ ուղղակի չի ստացվի»,-ասել է Գյունայը` հավելելով, որ դա քաղաքական խնդիր չէ: Նախարարն ուղղափառ ճեմարանի բացման ձգձգումը բացատրել է «տեխնիկական խնդիրներով»,-պետք է որոշել, թե ինչ է ներկայացնելու իրենից ճեմարանը` համալսարան թե բարձրագույն դպրոց: Ճեմարանը եկեղեցու սպասավորներ է պատրաստել ոչ միայն Թուրքիայի համար, իսկ նրա փակումը 1971թ. պատճառաբանվեց նրանով, որ այն չէր վերահսկվում կրթության նախարարության կողմից: «Ինչն անցյալում եղել է, անցյալում էլ պետք է մնա: Մենք պետք է նորովի նայենք իրերին»,-ասել է Գյունայը: Հունական ճեմարանի բացումը պահանջում էին նաեւ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն: Վերջին տարիներին Անկարան քայլեր է ձեռնարկում, որ ուղղված են ոչ մահմեդական ազգային փոքրամասնությունների` հույների, հայերի եւ հրեաների իրավունքների պահպանմանը, գրում է «Միլիեթ դեյլին»:

Ադրբեջանում հույս ունեն «գազը փոխել Ղարաբաղի հետ»

Tert.am. 29-6-2009- Բաքուն անվանել է Ղարաբաղի համար իր գինը, դա գազն է: Այս մասին 1news.az-ի հայտարարել է ադրբաջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:
«Եթե Ռուսաստանը համաձայնի մեր առաջարկության հետ, ապա կարծում եմ՝ կարելի է այն կնքել: Սակայն Ռուսաստանը կարող է մեզ զիջել միայն 5-6 «գրավյալ» շրջան, իսկ Ղարաբաղի և Լաչինի միջանցքի հարցը կարող է հետաձգվել»,- հայտարարել է նա:
Եթե Բաքուն պահանջի ողջ Ղարաբաղը, ապա, Ալիզադեի կարծիքով, «Ռուսաստանը չի սահմանափակվի գազով, այլ նաև կպահանջի այնտեղ մտցնել իր խաղաղարարներին: Այդ ժամանակ ԱՄՆ-ը նույնպես կարող է հայտարարել, որ ինքը ոչնչով վատը չէ և իր խաղաղարարներին կբերի այնտեղ, «ինչի արդյունքում շուկա կաստացվի»:
«Կարծում եմ, որ եթե սկզբնական շրջանում 5-6 շրջաններ ազատվեն, ապա դա վատ տարբերակ չի լինի: Ժամանակը մեր օգտին է աշխատում»,- եզրափակել է քաղաքագետը:

Մահիր Օրալ. Ես փորձում էի կանգուն մնալ, սակայն աչքերիս առջեւ միայն «աստղեր« էի տեսնում

/PanARMENIAN.Net/ 29.06.2009 - Գերմանիան ներկայացնող թուրք բռնցքամարտիկ Մահիր Օրալը մեկնաբանել է IBF վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամի հետ շաբաթ օրը կայացած մենամարտը, որի 10-րդ փուլում նա պարտություն կրեց տեխնիկական նոկաուտով: «Արթուրն իրոք հզոր հարվածներ է հասցնում: Ես ջանում էի կանգուն մնալ, սակայն աչքերիս առջեւ միայն «աստղեր էին»: Ես չէի ցանկանում հիասթափեցնել իմ երկրպագուներին, որոնք ժամանել էին Համբուրգից ինձ սատարելու համար, այդ պատճառով ցանկանում էի շարունակել մենամարտը»,-Օրալի խոսքերն է մեջբերում fightnews.com-ը:

Իրանից Հայաստան փորձել են ներմուծել կես կիլոգրամ ափիոն

Tert.am. 29-6-2009- ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս կանխել են մոտ կես կիլոգրամ ափիոն տեսակի թմրամիջոցի ներմուծման երկու դեպք։ Թմրամիջոցն Իրանից փորձել են ներմուծել Կապան քաղաքի երկու բնակիչ` Իգոր Նիկողոսյանն ու Արթուր Բարսեղյանը։ Ի դեպ, մաքսանենգները թմրամիջոցը տեղափոխելու յուրատեսակ ձև են ընտրել` որպես թաքստոց օգտագործելով սեփական մարմինը։ Սովորաբար նման դեպքերում մաքսանենգները թմրամիջոցը տեղափոխում են ստամոքսի մեջ, սակայն Նիկողոսյանն ու Բարսեղյանն ընտրել են մարմինն օգտագործելու այլ տարբերակ, որը բավականին քիչ է հանդիպում, առավել ևս ՀՀ մաքսային ծառայության պրակտիկայում նման դեպք արձանագրվում է առաջին անգամ։ Ապօրինի ճանապարհով թմրամիջոցներ տեղափոխելու վերաբերյալ ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների հիման վրա Նիկողոսյանին և Բարսեղյանին Մեղրիի մաքսակետից ուղեկցել են Ագարակի հիվանդանոց, որտեղ էլ ենթարկել են զննման։ Մոտ կես կիլոգրամ թմրամիջոցը նրանց մարմիններից հնարավոր է եղել դուրս բերել միայն բժշկական հատուկ միջամտության արդյունքում։ Տեղեկացնենք, որ ՀՀ Առողջապահության նախարարի` 2003թ.-ի N 691 հրամանի համաձայն, ափիոնի 25 գրամն արդեն իսկ համարվում է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց։ Ի դեպ, ըստ հավաստի տվյալների, 1 գրամ ափիոնի արժեքը մոտ 20 000 դրամ է, այդ հաշվարկներով, առգրավված մոտ կես կիլոգրամ ափիոնը կարժենա շուրջ 10 միլիոն դրամ։ Կատարվում է քննություն։

G8 արտգործնախարարները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման կոչ են անում

/PanARMENIAN.Net/ 27.06.2009 - G8 արտգործնախարարները իտալական Տրիեստե քաղաքում կայացած գագաթաժողովին հանդես են եկել հայտարարությամբ, որում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են արել հասնել հակամարտության խաղաղ լուծմանը: «Մենք մեր օժանդակությունն ենք հայտնում տարածաշրջանում կայունության հասնելու գործում: Մենք աջակցում ենք այդ ուղղությամբ ջանքերը ՄԱԿ, ԵԱՀԿ ու Եվրամիության ակտիվ մասնակցության պայմաններում: Մենք տարածաշրջանի բոլոր խաղացողներին կոչ ենք անում միասին աշխատել չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորման համար»,- նշվում է G8 ԱԳՆ ղեկավարների հայտարարության մեջ, որը տեղակայված է Իտալիայի ԱԳ նախարարության կայքում: Հայտարարության համաձայն, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները աջակցում են տարածաշրջանային համագործակցության զարգացումը եւ ողջունում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման շուրջ ջանքերը: «Կովկասն այդտեղ ապրող բնակչության համար խաղաղության եւ բարգավաճման տարածքը դառնալու պոտենցիալ ունի»,- նշվում է G8 ԱԳՆ ղեկավարների հայտարարության մեջ:

Մայքլ Ջեքսոնը գրեթե ճաղատ է եղել

Tert.am. 29-6-2009- Փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի դատաբժշկական փորձաքննության մասնագետները հայտնել են, որ երգիչը գրեթե ճաղատ է եղել, ամբողջովին ծածկված ասեղից մնացած վերքերով և կշռել է ընդամենը 51 կգ։ Sun բրիտանական պարբերականը հայտնում է, որ փոփ արքայի ստամոքսում եղել են միայն դեղահաբեր, իսկ մարմինը ծածկված է եղել բազմաթիվ սպիներով, որոնք մնացել են առնվազն 13 պլաստիկ վիրահատություններից։ Այդ մասին հաղորդում է Mignews-ը։ Բժշկական ասեղցներից մնացած բազմաթիվ հետքերը ցավազրկող դեղահաբերի հետևանք են, որոնք Ջեքսոնը ներարկել է տարիների ընթացքում օրական երեք անգամ։ Պաթոլոգոանատոմների հաղորդմամբ՝ Ջեքսոնը կեղծամ է կրել, որը քողարկել է չնչին մազածակույթը։ Երգչի մի քանի կողոսկրեր կոտրվել էին, երբ բժիշկները փորձել են վերակենդանացնել երգչին։ Դատաբժշկական փորձագետներին զարմացրել են նաև այն հետքերը, որոնք մնացել են Ջեքսոնին վերակենդանացնելու ապարդյուն փորձերից, որոնցից մեկի ընթացքում բժիշկը չի կարողացել ադրենալին ներարկել։ Մարմնի վրա ակնհայտ են նաև թթվածնային դիմակից մնացած հետքերը։ Բացի այդ, նախնական փորձաքննությունը ցույց է տվել, որ Ջեքսոնը բավական լավ էր վերականգնվում մաշկի քաղցկեղի հեռացման վիրահատությունից հետո։

Ադրբեջանը մեղադրվում է Իրանում «նարնջագույն հեղափոխության» կազմակերպման մեջ

/PanARMENIAN.Net/ 29.06.2009 - Իրանի MehrNews լրատվական գործակալությունը մեղադրում է Ադրբեջանին` Իրանում «նարնջագույն հեղափոխության» կազմակերպման մեջ: «Իրանում նախագահական ընտրություններից կես տարի առաջ ԿՀՎ գործակալները հանդիպել են իրանցի ընդդիմադիրների հետ եւ հանձնարարականներ տվել նրանց Թուրքիայում, Ադրբեջանում, Քուվեյթում ու ՄԱԷ-ում»,-ասվում է հաղորդագրութայն մեջ: Գործակալությունը նշում է, որ իրանցի մարզիկները, մշակույթի գործիչները, գործարարները այդ երկրներում մշակվում էին ԿՀՎ-ի կողմից: Իրանում հեղափոխության ծրագիր կազմելու համար մեղադրվում են նաեւ Վուդրո Վիլսոնի եւ Սորոսի հիմնադրամները: Նշվում է նույնիսկ այդ նպատակների համար ամերիկյան հիմնադրամների հատկացված գումարը` 32 մլն դոլար:

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները չեն հանդիպել

Tert.am. 29-6-2009- Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու միջև հանդիպում տեղի չի ունեցել։ Այս մասին Tert.am-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Ադրբեջանական APA գործակալությանը՝ հղում կատարելով CNN Turk-ին գրել է, թե Հունաստանի Կորֆու կղզում ԵԱՀԿ անդամ պետությունների հանդիպման շրջանակներում հունիսի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների կարճատև հանդիպումը։ Հայկական արտաքին գերատեսչությունը տեղեկացրել է, որ ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկությունը հանդիպման վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը։

Ավստրիական կազմակերպությունն Իրանի մասին պատմող գրքեր կնվիրի ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտին

HayInfo. 29-6-2009- «Ավստրիայի մշակութային հաստատություններ» կազմակերպությունը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի իրանագիտության բաժնին կնվիրաբերի Իրանի մասին պատմող գրքեր, տեղեկացրեցին ԳԱԱ մամուլի ծառայությունից։ «Իրանի պատմության, արվեստի, հարևան երկրների հետ պատմական և մշակութային առնչությունների մասին պատմող 55 գիրք կփոխանցվի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում»,- ասվում է հաղորդագրությունում

Բակո Սահակյանը ԵՊՀ պատվիրակության հետ քննարկել է ԼՂՀ-ում կրթության եւ գիտության զարգացման հարցերը

/PanARMENIAN.Net/ 27.06.2009 - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին հանդիպում է ունեցել Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության եւ կրթության զարգացմանը վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, երկրի ղեկավարը կարեւորել է Երեւանի պետական համալսարանի դերը հայրենի գիտության եւ կրթության զարգացման գործում: Նախագահն ընդգծել է Հայաստանի Մայր բուհի հետ Արցախի պետական համալսարանի սերտ համագործակցության անհրաժեշտությունը` համարելով այն մեր երկրում գիտության եւ կրթության զարգացման կարեւոր գործոններից մեկը: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ գիտության եւ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը եւ Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը:

Արմեն Մարտիրոսյան. «Զարուհի Փոստանջյանի շուրջ աղմուկը արհեստական է»

«Ազատություն» 29-6-2009 - Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունում խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի շուրջ ստեղծված աղմուկը կապում է ԵԽԽՎ-ի վերջին բանաձեւի` իշխանական օղակներում առաջացրած «անհանգստության» հետ: Փոստանջյանի գործընկերը նրա արարքի մեջ ոչ հայրենասիրական դրսեւորում չի տեսնում եւ ստեղծված աղմուկն արհեստական է համարում:«Սա կենտրոնացված հրահանգ է եղել, եւ իշխանությունների ամենաբարձր մակարդակով իջեցված հրահանգ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արմեն Մարտիրոսյանը:ԵԽԽՎ-ում Հայաստանին վերաբերող բանաձեւի քվեարկությունից հետո Զարուհի Փոստանջյանի կազմակերպած ստորագրահավաքին, որի կետերից մեկը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով դեռեւս անազատության մեջ գտնվող անձանց, այդ թվում Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանի ազատ արձակման հարցին էր վերաբերում, միացել էին նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչ Գյուլթաքին Հաջիեւան եւ Թուրքիայի պատվիրակ Էրոլ Ասլան Ցեբեցին, ինչը առաջին նման դեպքն է:Արմեն Մարտիրոսյանը վստահ է, որ Փոստանջյանի քայլը թուրք եւ ադրբեջանցի պատգամավորներից ստորագրություն ստանալու համար դատապարտելի չէ, դա ընդամենը ընթացակարգային հարց է եղել` պետք էր ստանալ 5 ստորագրություն հարցը քննարկման դնելու համար:Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի համոզմամբ` անցած շաբաթ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած 1677 բանաձեւը խիստ բովանդակություն ունի, ինչը անհանգստություն է առաջացրել իշխանական օղակներում:«Ի վերջո, Հայաստանը մնաց մոնիտորինգի տակ, եւ իշխանության պատվիրակների ջանքերը «Ա1+»-ի հարցը բանաձեւից հանելու ուղղությամբ ապարդյուն անցան», - ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը` պնդելով, որ Զարուհի Փոստանջյանի շուրջ ստեղծված աղմուկը հանրության ուշադրությունը ԵԽԽ--ի բանաձեւից շեղելու նպատակ ունի: «Ադրբեջանցի պատգամավորը եւ թուրք պատգամավորը եթե միանում են Զարուհի Փոստանջյանի առաջարկությանը, որպեսզի Սասուն Միքայելյանը կամ մնացած ազատամարտիկները, Արցախյան ազատամարտի մասնակիցները ազատ արձակվեն ... Զարուհի Փոստանջյանը դիմել է մեր պատվիրակներին, որպեսզի նրանք միանան իր առաջարկներին, ինչը նրանք մերժել են: Այսինքն` իրենք դեմ են, որպեսզի տաս անմեղ զոհերի մահվան հանգամանքները բացահայտվեն, կամ, ասենք, քաղբանտարկյալները բանտից ազատվեն», - նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: Արմեն Մարտիրոսյանը, իր հերթին, կասկածի տակ է առնում իշխանության ներկայացուցիչների` միջազգային ատյաններում կատարած քվեարկությունները. - «Մոնիտորինգի հանձնաժողովի այն բանաձեւի օգտին է [ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիկարության ղեկավար] Դավիթ Հարությունյանը քվեարկում, որտեղ նշվում է, որ Ադրբեջանը չի կարող լինել ժողովրդավարական երկիր, քանի դեռ իր տարածքները օկուպացված են. այսինքն, հարց` Լեռնային Ղարաբաղը օկուպացված տարա՞ծք է: Կամ [հանրապետական պատգամավոր] Գագիկ Մինասյանը Սեւծովյան տնտեսական վեհաժողովում ադրբեջանական առաջարկի կողմ է քվեարկում, ըստ որի` հետխորհրդային հակամարտությունները մեր տարածաշրջանում սեպարատիստական դրսեւորումների պատճառով են. այսինքն, հարց` Լեռնային Ղարաբաղում պայքարը անջատողակա՞ն պայքար է եւ էքստրեմիստակա՞ն: Կամ, ասենք, [«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր] Նաիրա Զոհրաբյանը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման եւ հայրենասիրության մասին է խոսում այն դեպքում, երբ, ասենք, ինքը դեմ էր Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը [«Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովի] օրակարգում ներառելուն»:

Երևանում անհատական բնակելի տներն էժանացել են 4.2%-ով

hayInfo.26 Հունիս 2009 - Երևանում 2009թ. մայիսին անհատական բնակելի տների շինության 1քմ մակերեսի շուկայական միջին գները, 2009թ. ապրիլի համեմատ, նվազել են 4.2%-ով և կազմել 302,4 հազար դրամ (840 դոլար): Այդ մասին ասվում է ստացված Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվետվության մեջ: Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“: Ըստ կոմիտեի տվյալների՝ 2009թ. մայիսին Երևանում վաճառվել է 43 անհատական բնակելի տուն, ինչը 6.2%-ով պակաս է 2009թ. ապրիլի ցուցանիշի համեմատ: Միաժամանակ 2008թ. մայիսի համեմատ անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքների քանակը Երևանում նվազել է 63.2%-ով:Անհատական բնակելի տների ամենաբարձր գները Երևանում 2009թ. մայիսին արձանագրվել են Կենտրոնում՝ 501,2 հազար դրամ (մոտ 1400 դոլար)՝ մեկ քմ-ի համար, իսկ ամենացածր գները՝ Նուբարաշեն համայնքում, որտեղ մեկ քառակուսի մետրը կազմել է 155,3 հազար դրամ (մոտ 430 դոլար):

Փետրվարին հարձակման ենթարկված արքեպիսկոպոս Ներսես Պոզապալյանը վախճանվել է հիվանդանոցում

hayInfo.26 Հունիս 2009 - Երևանում 2009թ. մայիսին անհատական բնակելի տների շինության 1քմ մակերեսի շուկայական միջին գները, 2009թ. ապրիլի համեմատ, նվազել են 4.2%-ով և կազմել 302,4 հազար դրամ (840 դոլար): Այդ մասին ասվում է ստացված Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվետվության մեջ: Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“: Ըստ կոմիտեի տվյալների՝ 2009թ. մայիսին Երևանում վաճառվել է 43 անհատական բնակելի տուն, ինչը 6.2%-ով պակաս է 2009թ. ապրիլի ցուցանիշի համեմատ: Միաժամանակ 2008թ. մայիսի համեմատ անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքների քանակը Երևանում նվազել է 63.2%-ով:Անհատական բնակելի տների ամենաբարձր գները Երևանում 2009թ. մայիսին արձանագրվել են Կենտրոնում՝ 501,2 հազար դրամ (մոտ 1400 դոլար)՝ մեկ քմ-ի համար, իսկ ամենացածր գները՝ Նուբարաշեն համայնքում, որտեղ մեկ քառակուսի մետրը կազմել է 155,3 հազար դրամ (մոտ 430 դոլար):

Saturday, June 27, 2009

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը hանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարարին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Հունիսի 26-ին աշխատանքային այցով Փարիզ ժամանած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի նստավայրում հանդիպում ունեցավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Մեթյու Բրայզայի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրիչիկի հետ: Վեց ժամից ավելի տեւած բանակցությունների ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների դեմ առ դեմ հանդիպումը, այնուհետեւ նրանց միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` ս.թ. հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքում տրված հանձնարարականի համաձայն նախարարները շարունակեցին բանակցությունները` քննարկելով արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր Մադրիդյան փաստաթղթում առաջարկվող սկզբունքների շուրջ կողմերի դիրքորոշումների մոտեցման նպատակով: Նախարարներ Նալբանդյանն ու Մամադյարովը անդրադարձան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման կազմակերպման հնարավորությանը: Բանակցությունների արդյունքում որոշվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ս.թ. հուլիսի առաջին կեսին կայցելեն տարածաշրջան: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Փարիզում կայացած հանդիպումը օգտակար էր եւ անցավ կառուցողական մթնոլորտում: Հունիսի 27-ին Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Հունաստան` մասնակցելու ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին: 27-06-2009

«Հայկական ժամանակ». Իրանի դեսպանությունը հաստատել է

Օրեր առաջ օրաթերթը հրապարակել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Իրան պաշտոնական այցի չմեկնելու պատճառները, որը տեղ էր գտել մեր մամուլի տեսությունում: Հրապարակմանը արձագանքել է նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը: Հաստատել են Երեկ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հաստատել է նախօրեին մեր թերթում տպագրված տեղեկությունը այն մասին, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Իրան հետաձգվել է։ «Իսլամական Խորհրդարանի նախագահ պարոն Լարիջանիի հրավերով մեծարգո պարոն Հովիկ Աբրահամյանի այցը ծրագրվել էր ս.թ. հունիսի 20-ից 21-ը և հետաձգվեց իրանական կողմի առաջարկով»,- ասված է Իրանի դեսպանատան կողմից մեզ ուղարկված գրության մեջ։ Իրանական կողմը, սակայն, հայտնում է, որ Հովիկ Աբրահամյանին չի ասվել, թե եթե ինքը գնա, իրեն չեն ընդունի։ Այսինքն՝ հետաձգումը կազմակերպվել է այլ ձևակերպմամբ։ Սա, սակայն, էական չէ, քանի որ միայն այն փաստը, որ Հովիկ Աբրահամյանը այցի հետաձգման մասին տեղեկացել է օդանավակայանում, ավելի քան խոսուն է և ՀՀ իշխանությունների նկատմամբ Իրանի իշխանությունների վերաբերմունքի հստակ ցուցիչ։

«Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմում Հայաստանը պաշտպանվողի դերում է»

«ՀԵՏՔ» 26-6-2009- Այսօր «Հայելի» ակումբում ArmenianHouse.org էլեյկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանն ու տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը անդրադարձան Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող տեղեկատվական պատերազմին: Կ. Վրթանեսյանը նշեց, որ արցախյան շարժման առաջին տարիներին շատ սահմանափակ ռեսուրսներով Հայաստանը բավական հաջող տեղեկատվական պատերազմ էր վարում Ադրբեջանի դեմ: Սակայն ներկայումս Հայաստանն ավելի պաշտպանվողական դիրքում է`շատ հարցերում, և որտեղ անհրաժեշտ է պատասխան տալ, լռում ենք: «Օրինակ` Նախիջևանում Ջուղայի գերեզմանատան խաչքարերի դեպքում: Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանին սպանողը Ադրբեջանում հերոսացավ: Կամ էլ` այս տարվա հունվարին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածած այն կեղծ հայտարարությունը, թե ադրբեջանցիների պահանջով հոլանդական մի ընկերություն իր հայազգի աշխատակցին ազատ է արձակել` ազգության պատճառով: Հայկական կողմը ոչ մի կերպ չարձագանքնեց: Կամ` երբ ադրբեջանական կայքերում, Հայաստանի մասին խոսելիս, Արևմտյան Ադրբեջան եզրն են օգտագործում»,- ասաց նա: Ս. Մարտիրոսյանն էլ նշեց, որ Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական պատրեազմները մի քանի թիրախ ունեն`Հայաստանի հասարակությունը, սփյուռքը, երրրորդ երկրների ներկայացուցիչները, և հենց Ադրբեջանի հասարակությունը: «Օրինակ, Հայաստանի ներսում ակնհայտ է, որ շատ լուրջ է իրավիճակը, որովհետև հայկական լրատվամիջոցներից շատերի համար որպես տեղեկատվական աղբյուր հանդիսանում են ադրբեջանական կայքերը, ու դրա հիման վրա արդբեջանական դեզինֆորմացիան սկսեց տարածվել: Ինչ վերաբերում է երրորդ երկրների վրա ազդեցությանը, ապա շատ տեղերում ադրբեջանական քարոզչությունը տեղ չի հասնում, քանի որ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում, բայց շատ անգրագետ է դա անում»,-ասաց Սամվել Մարտիրսյանը: Նա օրինակ բերեց, որ միջազգային կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանը կարող է բոլորին բաժանել նյութեր հայկական տեռորիզմի մասին, բայց ամբողջ նյութերը ադրբեջաներեն լինեն: Բայց միևնույնն է, փորձագետի կարծիքով, ադրբեջանցիներն արդեն սկսում են օգտագործել արտասահմանի փորձը: «Ինչ սեմինար կամ կոնֆերանս էլ լինի արտերկրում, Ադրբեջանի դեսպանատունը կամ ինչ որ հ/կ-ներ անպայման ներկա են լինում: Իսկ Հայատանից դա արվում է միայն անհատների կողմից, դեսպանատները չեն բարեհաճում ներկայանալ: Ադրբեջանում արդեն մի քանի տարի է` գործում է հստակ համակարգ` տեղի նախագահական ապարատը ամբողջ տեղեկատվական համակարգը վերահսկում է, դա հզոր համակարգ է, ու ինչքան էլ վատ աշխատեն, մեկ է` իր արդյունքն ունենում է»,- ասաց նա: Ինչո՞ւ է Հայաստանը տեղեկատվական պատերազմում պաշտպանվողի դիրքում հայտնվել: Կ. Վրթանեսյանն ասում է, որ նախ հարձակումները շատ են, հետո` ռևանշի ցանկությունից ելնելով`ադրբեջանցիներն ավելի ակտիվ են, նրանց հարձակումներն անընդհատ են: Ս. Մարտիրոսյանն էլ իբրև հավելում` ասաց. «Վերջերս հայկական մի լրատվամիջոցում շատ զարմացել էին, որ իրենց հայերեն նյութը արդբեջանական մամուլով մեկ տարածվել էր: Իրենց թվում էր, որ դա բացառվում է, եթե իրենք հայերեն են տպել: Իսկ հակառակ դեպքը երբեք չի լինում, որ ադրբեջաներեն նյութերն այստեղ տարածվեն»: Օրերս մշակված տեղեկատվական անվտանգության հայեցակարգը ի՞նչ կարող է փոխել այս ոլորտում: Կարեն Վրթանեսյանը հայեցակարգ ունենալը դրական է համարում, ասում է`դա ցույց է տալիս, որ փորձ է արվում համակարգված աշխատանք սկսել այս ոլորտում: Սակայն մյուս կողմից` թե ինչքանով այդ հայեցակարգը կգործի, ինչքանով ռեալ աշխատանք կտարվի, դժվարանում է ասել: «Որոշ ժամանակ առաջ ընդունվել էր նաև ազգային անվտանգության հայեցակարգը, և չգիտես ինչու այդ հայեցակարգը նախ հասատատել էին Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում, ինչն արդեն ծիծաղելի է, երբ երկիրն իր անվտանգության հարցերը համաձայնեցնում է երեք իրար լրիվ հակառակ դիրքեր ունեցող ուժերի հետ: Նաև բաներ կան, որ հատուկ ոչ մի հայեցակարգ էլ պետք չէ, պետք է տարրական ինչ-որ բաներ հասկանալ»: Սամվել Մարտիրոսյանի կարծիքով` այդ հայեցակարգում շատ ընդհանուր բաներ կան գրված, հարցն այն է, թե ինչպես դա կաշխատի:Նրա կարծիքով` շատ բարդ է լինելու, քանի որ հիմնական խնդիրը անգրագիտությունն է: «Անցյալ տարվա օգոստոսին` երբ ռուս-վրացական պատերազմն էր, հայկական մամուլն արձակուրդի էր, որովհետև ներքին քաղաքական խնդիր չունեինք: Մեզ միայն ներքին տեղեկատվական դաշտն է հետաքրքրում: Ադրբեջանում ապատեղեկատվություն տարածեցին, թե Հայաստանից է ռմբակոծվում Վրաստանը, մեզ մոտ մի մամուլ չկար, որ հակառակը տպեր: Մի կայք էր այդ օրերին ակտիվ աշխատում, այն էլ Ադրբեջանի կողմից գրանցված միակ հայկական կայքն էր»,- ասաց նա:
Նատաշա Հարությունյան

Փարիզում սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

/PanARMENIAN.Net/ 26.06.2009 - Փարիզում սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ հասարակայնության եւ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը:

Ղարաբաղում ամուսնության նպաստ կստանան նաեւ Հայաստանի քաղաքացիություն ունեցողները

«ՀԵՏՔ» 26-6-2009- ԼՂՀ կառավարությունն օրերս հաստատել է «Նորաստեղծ ընտանիքների համար ամուսնության նպաստ սահմանելու մասին» 2007թ. թիվ 724 որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, ըստ որի, ընդլայնվում է ամուսնության նպաստ ստացող զույգերի շրջանակը: Նոր փոփոխության համաձայն, ամուսնության նպաստից կարող են օգտվել նաեւ այն զույգերը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսիններից մեկը հանդիսանում է ՀՀ քաղաքացիություն ունեցող ԼՂՀ Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, իսկ մյուսը ԼՂՀ քաղաքացի է կամ ունի ԼՂՀ-ում մշտական հաշվառում: Հիշեցնենք, որ ամուսնության նպաստ, որը կազմում է 300 հազար դրամ, նորապսակները Ղարաբաղում ստանում են 2008 թվականի հունվարի 1-ից:2008 թվականին հանրապետությունում աննախադեպ աճել է ամուսնությունների գրանցման քանակը. տարվա ընթացքում գրանցվել է 3058 ամուսնություն` 2007թ. 518-ի դիմաց: Ինչպես «Հետքին» տեղեկացրել են ԼՂՀ սոցապահովության նախարարությունից, ընդհանուր առմամբ, հունիսի 10-ի դրությամբ ամուսնության նպաստ է ստացել 3061 զույգ: Ի դեպ, արդարադատության նախարարության տվյալների համաձայն, այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում գրանցվել է 175 ամուսնություն: Անահիտ Դանիելյան

Ոչ միայն մինչեւ աշուն, այլ նաեւ աշնանը հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի լինելու

/PanARMENIAN.Net/ 26.06.2009 - Ոչ միայն մինչեւ աշուն, այլ նաեւ աշնանը հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի լինելու: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական համալսարանի (ՌՀՌՀ) ԱՊՀ երկրների բաժնի վարիչ Ալեքսանդր Սկակովը: «Հայ-թուրքական երկխոսությունը գրեթե արգելակված է: Սկսելով այդ գործընթացը` Անկարան ակնթարթային նպատակներ է ունեցել, այն է` ամրապնդել իր դիրքերը Կովկասում, դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, սեպ խրել Հայաստանի եւ սփյուռքի միջեւ»,- ասել է ռուս փորձագետը: Նրա խոսքերով, Թուրքիայի եւ Հայաստանի հասարակությունների մեջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ միասնական դիրքորոշում չկա: Խոսելով Մոսկվայի արձագանքի մասին Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ` ռուս փորձագետն ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարեւոր է թուրքական կողմի հաստատուն դիրքորոշումն ինչպես այդ գործընթացում, այնպես էլ այլ միջազգային գործընթացներում: «Եթե Ռուսաստանը համոզված լիներ, որ հայ-թուրքական գործընթացի ետեւում երրորդ ուժ չկա, նա դրական կտրամադրվեր»,- ասել է Սկակովը:

Փարիզում հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները

«Ազատություն» 26-6-2009- Ուրբաթ օրը Փարիզում հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, հանդիպման առաջարկը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներինն է: Ըստ Տիգրան Բալայանի` համանախագահները եւս մասնակցելու են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների զրույցին:Իբրեւ կանոն, արտգործնախարարների հանդիպմանը հաջորդում է երկու երկրների նախագահների հերթական հանդիպումը: Այդուհանդերձ, Տիգրան Բալայանը դժվարացավ ասել, թե նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը երբ կհանդիպեն: Նա հավելեց, որ հարցը, թերեւս, այսօրվա հանդիպման ընթացքում հստակեցվի:Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, չորեքշաբթի օրը երկրի պաշտպանության նախարարության սահմանապահ զորքերի եւ ներքին զորքերի համատեղ լայնածավալ զորավարժությունների ժամանակ դիմելով զինված ուժերի ներկայացուցիչներին, մասնավորապես, հայտարարել է. - «Այժմ մեր բանակը տարածաշրջանում ամենահզորն է: Մեր տարածքային ամբողջականությունը խախտված է, տարիներ շարունակ մեր հողերը գրավված են: Մենք ձգտել ենք եւ ձգտելու ենք հարցը բանակցությունների միջոցով լուծել, բայց արդեն15 տարի է` այդ բանակցությունները չեն տալիս արդյունք: Այդ դեպքում, մենք, անշուշտ, մեր բանակի ուժերի վրա պետք է հույսներս դնենք»:Ալիեւի խոսքերով` վերջին տարիներին հենց այդ նպատակով էին ձեռնարկվում գործնական քայլեր բանակի պոտենցիալը մեծացնելու ուղղությամբ:

Իլհամ Ալիեւը համաձայնել է, որ ադրբեջանական ձյուդոիստները մասնակցեն Հայաստանում Եվրոպայի առաջնությանը

/PanARMENIAN.Net/ 26.06.2009 - Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ինտենսիվ կերպով նախապատրաստվում է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը տեղի է ունենալու Երեւանում 2009-ի սեպտեմբերի 11-13-ը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը, մրցաշարում սպասվում է 40 հավաքականների մասնակցություն, որոնց թվում հավանական է Ադրբեջանի հավաքականի ներկայությունը: «Քանի որ Ադրբեջանը, ինչպես նաեւ Թուրքիան ձյուդոյի եվրոպական միության անդամ են, ապա բնական է, որ նրանց եւս հրավեր է ուղարկվել: Թուրքիան անպայման մասնակցելու է առաջնությանը, իսկ Ադրբեջանը որոշ ժամանակ մտածելուց հետո դրական պատասխան է տվել: Ադրբեջանի նախագահ եւ ԱՕԿ նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերով, Ադրբեջանի հավաքականը պետք է մասնակցի առաջնությանը: Այնպես որ մեծ հավանականություն կա, որ նրանք կժամանեն Երեւան»,- ասել է Ավետիսյանը:

Հայտնի է դարձել Մայքլ Ջեքսոնի մահվան հնարավոր պատճառը

Tert.am. 26-6-2009- The Sun պարբերականը հայտնել է լեգենդար համաշխարհային փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնի մահվան հնարավոր պատճառը։ Հնարավոր է, որ «փոփ արքայի» շնչառությունը կանգ է առել ցավազրկող դեղամիջոցի ներարկումից հետո։ Այդ մասին The Sun-ին հայտնել են Լոս Անջելեսի համալսարանի շտապ օգնությունից։ Ըստ աղբյուրի՝ Ջեքսոնը կորցրել է գիտակցությունը Demerol ցավազրկող դեղամիջոցի ներարկումից հետո։ Այդ դեղամիջոցն իր ազդեցությամբ նման է մորֆինի։ «Ներարկումից հետո նա սկսեց ավելի դանդաղ շնչել, իսկ այնուհետև շնչառությունն ընդհանրապես կանգ առավ։ Երգչի անձնական բժիշկը փորձել է արհեստական շնչառություն տալ, շտապ օգնությունը ժամանել է 8 րոպեների ընթացքում և սկսել է վերակենդանացման աշխատանքները։ Սակայն սրտի աշխատանքը վերականգնելու բոլոր փորձերը ապարդյուն են եղել»,- նշել է աղբյուրը։

Թե ինչու են փաստաթղթի տակ ստորագրել ադրբեջանական եւ թուրքական գործընկերները, կպատասխանի հենց ինքը` Զարուհի Պոստանջյանը

/PanARMENIAN.Net/ 26.06.2009 - «Իշխանությունների ներկայացուցիչները, չտարբերակելով, թե որտեղ է անցնում հայրենիասիրության եւ դավաճանության սահմանը, քարոզարշավ են սկսել «Ժառանգություն» կուսակցության դեմ` օգտագործելով սեւ փիարի բոլոր միջոցները, ինչպես նաեւ ԶԼՄ-ները»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նա զարմանք է հայտնել, որ «Ժառանգություն» կուսակցության ոչ մեծ ներկայացուցչությունը խորհրդարանական խմբակցությունում, որի մեջ մտնում են ընդամենը 7 պատգամավորներ, կարող է այդպես խանգարել իշխանություններին եւ անախորժություններ պատճառել: Նա նաեւ նշեց, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Զարուհի Պոստանջյանը Հայաստանի հարցով ԵԽԽՎ զեկույցի մեջ լրացումներ կատարելու իր առաջարկություններում այնպիսի կետեր է ներառել, որոնք բխում են մեր երկրի շահերից: «Ինչու, ինչպես եւ ինչ մտադրություններով են ստորագրել փաստաթուղթը ադրբեջանական եւ թուրքական գործընկերները, սրանք հարցեր են, որոնց շուտով կպատասխանի Զարուհի Պոստանջյանը»,- հայտարարել է Ալավերդյանը: Լարիսա Ալավերդյանը խորհուրդ է տվել սեփական հակահայկական գործունեության վրա ուշադրություն դարձնել նրանց, ովքեր համարձակվել են Զարուհի Պոստանջյանի արարքը համարել դավաճանություն: «Բոլորին հայտնի է, որ Կիեւում մոնիտորինգային խմբի նիստի ընթացքում մեր ներկայացուցիչները Դավիթ Հարությունյանի նախագահությամբ փաստաթուղթ են ստորագրել, որում սեւով սպիտակի վրա գրված է, որ Ադրբեջանի ժողովրդավարական զարգացմանը խանգարում է այն հանգամանքը, որ երկրում դեռ մնում են Հայաստանի կողմից շրջափակված տարածքներ: Եւ դրանից հետո նրանք փորձում են դավաճան անվանել մարդուն, որը պայքարում է Արցախի ազատագրական պատերազմի հերոսների իրավունքների եւ իրավական պետություն հաստատելու համար»,- ընդգծել է նա:

«ԱՌԱՆՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԻՐԱԳՈՐԾԻ»

«ԱԶԳ», 26-06-2009- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, մասնակցելով թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, պատգամավորներին «տեղեկություններ է հայտնելՙ կապված նոր ժամանակաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության ընկալման հետ»: Դավութօղլուն թուրք պատգամավորներին հավաստիացրել է, որ «առանց Ադրբեջանին ուշադրության առնելու Թուրքիան Հայաստանի հետ քաղաքականություն չի իրագործի»: «Թուրք-հայկական սահմանի բացումը խնդիր է դառնում, բայց այն բաց էր մինչեւ 1993-ը», ասել է Դավութօղլուն, հավելելով, որ Երեւանի հետ Անկարայի հարաբերություններն «առանց Բաքվի չեն զարգանա»: Թուրքական նոր արտաքին քաղաքականության ընկալումը Դավութօղլուն պատգամավորներին բացատրել է «Թուրքիայի շուրջ հազար մղոնանոց շրջանում գտնվող ամեն հարց հետաքրքրում է Անկարային» արտահայտությամբ, հաղորդում է «Արմենպրեսը»:

Լրագրողների բողոքի ակցիայի ժամանակ Վարդգես Գասպարին պառկեց գետնին

Tert.am. 26-6-2009- Այսօր նախագահական նստավայրի մոտ «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի երեք տարվա անազատության մեջ գտնվելու առիթով կազմակերպված բողոքի ակցիա էին անցկացնում լրագրողները։ Երբ ոստիկանները սկսեցին ցրել լրագրողներին, բողոքի ակցիայի մասնակից, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին ի նշան բողոքի պառկեց գետնին։ «Ես եղել եմ անազատության մեջ, ու նույնիսկ բողոքել չի կարելի, ես կալանավայրում եղել եմ և գիտեմ, որ դուք բոլորդ Սերժ Սարգսյանի պոտենցիալ կոլեգաներն եք, բոլորդ պաշտպանում եք նրան»,- գետնին պառկած վիճակում նման հայտարորություն արեց Վարդգես Գասպարին, երբ ոստիկանները հորդորում էին նրան բարձրանալ։ Ի դեպ, Գասպարին կոչ էր անում լրագրողների գետնին պառկելու միջոցով իրենց բողոքի ձայնը բարձրացնել։

ՍՏՐԱՍԲՈՒՐԳԸ ՖՈՐՏ ԲՈՅԱՐԻՆ ՎՆԱՍ ՉԷ

Lragir. 26-6-2009- Եթե Ժառանգություն խմբակցության անդամ, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը միայնակ գրավեր Կիրովաբադը եւ շրջապատեր Բաքուն, ապա նա հաստատ այդքան մեծ ուշադրության չէր արժանանա Հայաստանի հեռուստաեթերում, որքան արժանացավ ԵԽԽՎ հունիսի նստաշրջանում ծավալած իր գործունեության մի դրվագի պատճառով: Զարուհի Փոստանջյանը հունիսի 25-ին Հայաստանի հեռուստաեթերի “աստղն” էր, բայց իհարկե ոչ այն իմաստով, որ նոր էր վերադարձել Ֆորտ Բոյարի նկարահանումներից, ինչպես մեր մյուս “աստղերը”, որոնք եթերում հիացած պատմում էին, թե ինչքան լավ էր ամեն ինչ, թե ինչպես են իրենց “ֆորտ” կամ “բոյար” կամ “ֆորտ բոյար” տեսնելու տարել: Ի տարբերություն ամենօրյա կամ ամանորյա աստղերի, Զարուհի Փոստանջյանը հեռուստաեթերը “գերել” էր ԵԽԽՎ Հայաստանի մասին բանաձեւի վերաբերյալ իր լրացումների համար թուրքական եւ ադրբեջանական պատվիրակություններին դիմելու պատճառով: Դա շարժել էր հայկական հեռուստաեթերի հայրենապաշտական ջիղն ու Զարուհի Փոստանջյանին մի քիչ քաղաքավարի, մի քիչ ակնարկված, բայց խարազանում էին ինչքան որ հնարավոր է: Մնում էր միայն, որ Փոստանջյանը հայտարարվեր ազգի թշնամի եւ բարձրացվեր Հայաստան նրա վերադարձը արգելելու հարցը: Ընդ որում, չի բացառվում, որ այդ հարցը գտնվում է անվտանգության խորհրդի քննարկման փուլում: Ի վերջո, թուրքական եւ ադրբեջանական պատվիրակները բրիտանական դիվանագետ չեն, իսկ Հայաստանի մասին բանաձեւի համար նրանցից ստորագրություն վերցնելն ամենեւին էլ թեյ խմել չէ: Հատկանշական է սակայն, որ Զարուհի Փոստանջյանի “ազգադավ” քայլը “բացահայտած” հեռուստաընկերությունները ոչ միայն զլացել էին նրա քայլի մասին տարատեսակ կարծիքներ որոնելիս մի հատ էլ պատգամավորին փնտրել եւ նրանից էլ իր քայլի բացատրություն ստանալ, այլ նույնիսկ զլացել էին հեռուստադիտողին բացատրել, թե ինչի համար, որ լրացման համար է Զարուհի Փոստանջյանը փորձել ստորագրություն ստանալ թուրքերից եւ ադրբեջանցիներին: Բանից անտեղյակ հեռուստադիտողը կարող էր տպավորություն ստանալ, թե Զարուհի Փոստանջյանը ցանկացել է Երեւանի բանալիները հանձնել թուրքերին ու ադրբեջանցիներին: Մինչդեռ խոսքն ընդամենը այն մասին է, որ պատգամավորը ցանկացել է Հայաստանի մասին ԵԽԽՎ նոր բանաձեւի մեջ ներառել բոլոր քաղբանտարկյալներին անխտիր ազատելու եւ մարտի 1-ի հարցի փաստահավաք խումբը վերականգնելու հարցերը: Արդյոք որեւէ մեկը դրանց մեջ տեսնում է վտանգ մեր պետության կամ ազգի համար: Արդյոք այդ ամենն ավելի վտանգավոր է, քան ասենք այն, որ Հայաստանի նախագահը պարգեւատրում է Վրաստանի նախագահին այն ամենից հետո, ինչ Վրաստանում անում են հայկական հուշարձանների, ջավախքահայության հետ: Կամ արդյոք դա ավելի վտանգավոր է, քան այն, որ Հայաստանի նախագահը հայտարարում է հայ-թուրքական պատմական հարցերը քննարկելուն դեմ չլինելու մասին, կամ հայտարարում է այն մասին, թե Իլհամ Ալիեւի հետ հանդիպումներում նրան առաջարկում է ներդրում անել Ղարաբաղում եւ այդպես փորձել Ղարաբաղը պահել Ադրբեջանի կազմում: Չգիտես ինչու հայկական հեռուստաեթերի ուշադրությունն այդ ամենի վրա չի կենտրոնանում: Զարուհի Փոստանջյանն իհարկե երեւի թե միամտություն է արել: Եթե ԵԽԽՎ-ին պետք լիներ այդ հարցերն ընդգրկել բանաձեւի մեջ, համենայն դեպս այնպես, ինչպես որ կցանկանար Զարուհի Փոստանջյանը, ապա դա կարվեր առանց նրա ավելորդ ջանքի, եւ միգուցե ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն ինքը անձամբ ընկներ ու ստորագրություններ հավաքեր այդ լրացումների համար: Կրկնում եմ, եթե դա պետք լիներ ԵԽԽՎ-ին: Համենայն դեպս նախադեպերը պետք էր երեւի թե հաշվի առնել ու իզուր տեղը գործին չխառնել թուրքերին ու ադրբեջանցիներին, ու իզուր տեղը չդառնալ հայկական հեռուստաեթերի “աստղ”, որովհետեւ այ դա արդեն կարող է լինել վարկաբեկիչ:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

Հայաստանը նախագահական ընտրություններից հետո անցավ ամենաբռնի ճնշումների միջով

«ՀԵՏՔ» 26-6-2009- «2009 թ-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքում հաղթեց Սերժ Սարգսյանը, հավաքելով ձայների 52 տոկոսը, Հայաստանն անցավ վերջին տարիների ընթացքում, թերևս, ամենաբռնի ճնշումների միջով: Ընդհանուր առմամբ, երկիրը աչքի ընկավ կոռուպցիայի բարձր մակարդակով, դատական համակարգի անկախության բացակայությամբ և ոստիկանության կողմից խոշտանգումների կիրառմամբ»,- ասված է «Իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիայի» 2009թ տարեկան հաշվետվության մեջ, որի էջերում Հայաստանը առաջին անգամ է հայտնվել: Այն այսօր «Մարիոթ» հյուրանոցում լրագրողներին ներկայացրեցին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները: Հաշվետվությունը հրապարակվել է ֆեդերացիայի և Ընդդեմ խոշտանգումների միջազգային կազմակերպության համատեղ աշխատանքի արդյունքում: Հաշվետվությունը ներկայացնելու օրը պատահական չէր ընտրված, քանի որ այսօր խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է: Հաշվետվությունում ներկայացված են նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակագրությունը` իրավախախտումների և բռնաճնշումների շեշտադրմամբ, որոնք իրականացվել են հատկապես իրավապաշտպանների նկատմամբ. «Իրավապաշտպանների վիճակը հասարակության մեջ դեմոկրատիայի մակարդակի ինդիկատորն է, երբ որ իրավապաշտպանները վտանգի մեջ են հայտնվում, նշանակում է` դեմոկրատիայի մակարդակը հասել է այնպիսի մի աստիճանի, երբ մարդը, ով պաշտպանում է մարդկանց և քաղաքացիների իրավունքները, դառնում է գոյություն ունեցող համակարգի թշնամին»,- ասաց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը: Այս հաշվետվությունից բացի Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և ֆեդերացիայի անդամ, Հայաստանում գործող Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) հետևել են նաև Հայաստանում մարտի 1-ի գործով ձերբակալված անձանց դատավարություններին և դրա հետ կապված օրենսդրական վերջին փոփոխություններին: Այսօր ներկայացվեց նաև այդ դիտարկումների նախնական եզրակացությունը, որտեղ, արձանագրելով բոլոր իրավախախտումները, կոչ են անում ՀՀ իշխանություններին քրեական վարույթի ժամանակ չօգտագործել այնպիսի ապացույցներ, որոնք ձեռք են բերվել դաժան վերաբերմունքի արդյունքում, այն դեպքում, երբ կասկածյալի դեմ ցուցմունքները ձեռք են բերվել խորթ մեթոդների միջոցով, անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ մեթոդների կիրառողներին արդարադատության առաջ կանգնեցնելու, մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան ձեռք բերել անկողմնակալ ապացույցներ և աստիճանաբար նվազեցնել կախումը վկաների ցուցմունքներից և ինքնախոստովանական ցուցմունքներից քրեական արդարադատություն իրականացներլիս: Հեղինակները, չընդունելով վերջերս կատարված որոշ օրենսդրական փոփոխություններ, ՀՀ իշխանություններին նաև կոչ են անում «ապահովել մեղադրյալի`իր դատաքննության ժամանակ ներկա գտնվելու իրավունքը, ինչպես նաև իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը»: ՔՀԻ ներկայացուցիչ Լիլիթ Պետրոսյանի խոսքերով` չնայած համաներմանը, իրենք կոչ են արել իշխանություններին ձեռնարկել այս բոլոր քայլերը, քանի որ անպատժելիության մթնոլորտը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, և այս մեկ տարին հստակ ախտորոշեց Հայաստանում արդարադատության ոլորտում առկա բոլոր խնդիրները: Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ղեկավարները երեկ հանդիպում են ունեցել նախագահականում. «Մենք նրանց բացատրեցինք մեր մտահոգությունները դատական գործընթացների, ոստիկանությունում առկա խնդիրների մասին, բռնությունների, իրավապաշտպանների վիճակի վերաբերյալ, մենք լիովին անկեղծ էինք մեր գնահատականներում, նախագահականից մեզ հավաստիացրին, որ այդ բոլոր դեպքերը կմեկնաբանվեն: Գործընթացը սկսվել է, բայց մենք դեռ ոչ մի բան չենք կարող երաշխավորել, բայց մենք կհետևենք, թե ինչ է տեղի ունենում և այս հարցերով կրկին կվերադառնանք Հայաստան»,- ասաց Սուեր Բելասենը: Տիկին Բելասենն ուրախ է , որ իրենց Հայաստանում հնարավորություն են տվել բանտեր գնալ. «Այդ թույլտվությունն արդեն ինչ-որ մեծ քայլ է, որ հնարավոր է բանտեր այցելել, քանի որ մի շարք երկրներում օբյեկտիվ դիտորդներին ուղղակի հնարավոր չէ բանտեր մտնել, բայց ավելի մեծ քայլ կլիներ, եթե կարողանայինք այցելել ոստիկանական բաժանմունքներ, որը Հայաստանում այսօր հնարավոր չէ, իսկ շատ հաճախ հենց այնտեղ են տեղի ունենում ամենալուրջ խախտումները»,- ասաց նա: 155 կազմակերպություն ընդգրկող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան ժամանել է Հայաստան ֆեդերացիայի 37-րդ կոնգրեսը պատրաստելու համար, որը տեղի է ունենալու 2010 թ.-ի ապրիլի 4-7-ը: Այն առաջին անգամ է անցկացվելու ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Հայաստան են ժամանելու մոտ 110 երկրների իրավապաշտպաններ: Կոնգրեսի հիմնական թեման լինելու է արդարադատությունն իր տարբեր ասպեկտներով. «Բոլոր տարածաշրջաններում և երկրներում, այդ թվում Հայաստանում, արդարադատության արդյունավետությունը պայմանավորված է դեմոկրատիայի զարգացմամբ, օրենքի նկատմամբ եղած հարգանքով և տնտեսական կայունությամբ: Արդար դատավարությունը ենթադրում է իրավահավասարություն, երբ հավասարապես պաշտպանվում են ինչպես մեղադրող կողմի, այնպես էլ պաշտպանական կողմի շահերը, երբ դատական համակարգը անկախ է»,- ասաց ֆեդերացիայի գործադիր տնօրեն Անտուան Բերնարը:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

«ԱԶԳ», 26-06-2009- Քաղաքական ռեալիզմը ուսուցանում է, որ մենք չպետք է արագ եւ հեշտ լուծում ակնկալեք ցեղասպանության ճանաչման հարցում: Այդուհանդերձ մենք շատ ցնցվեցինք, երբ մեր ակնկալիքները պատնեշի հանդիպեցին: Նախագահ Օբաման խուսափեց օգտագործել «Ց» (ցեղասպանություն) բառը նահատակների օրվա իր առաջին հրապարակային ելույթի ժամանակ, չնայած նա դրան շատ մոտեցավ Անկարայում կատարած իր մյուս հայտարարություններով: Սա նշանակում է, որ մենք շարունակելու ենք մեր ջանքերը գործադրել եւ պահանջել նախագահից, որ խոստմանը տեր կանգնի: Եթե կարողանանք արդյունավետ պայքար ծավալել, մեզ կհաջողվի գուցե կատարել տալ իր խոստումը նախքան պաշտոնավարության ավարտը եւ նախքան ամերիկահայերի քվեների կարիքն զգալը` նախագահության երկրորդ ժամկետի համար: Առիթը չպետք է բաց թողնենք պահանջելու նրանից, որ օգտագործի «Ց» (ցեղասպանություն) բառը, քանի դեռ ձվաձեւ գրասենյակն է զբաղեցնում: Այդ ժամանակ տարբերություն չի լինելու նախագահության թեկնածու Օբամայի եւ նախագահ Օբամայի միջեւ: Եթե 94 տարիները չեն սպառել մեր վճռականությունը, մենք կարող ենք դեռ առաջ գնալ եւ պահանջել, որ Մ. Նահանգների կառավարությունը եւ աշխարհի մյուս կառավարությունները ճանաչեն մեր ժողովրդի հանդեպ գործադրված ցեղասպանությունը: Մինչ դա կմնա մեր երկարաժամկետ նպատակը, մենք պարտավոր ենք դիմագրավել անմիջական քաղաքական մարտահրավերներին, որոնք հառնում են մեր առաջ: Պետքարտուղարությունը նախորդ վարչակազմի օրոք տվել էր իր գնահատականը կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ եւ այս գնահատականը կարծես անփոփոխ փոխանցվել է Օբամայի վարչակազմին: Անշուշտ արտաքին քաղաքականության բազմաթիվ այլ խնդիրներ եւս չեն վերանայվել եւ չեն վերանայվելու: Թեպետ նախագահ Օբաման փոխել է Մ. Նահանգների քաղաքականությունը Մերձավոր Արեւելքի նկատմամբ եւ հաշտեցման եզրեր է փնտրում զայրացած մահմեդական աշխարհի հետ, որին նախորդ վարչակազմը անշրջահայաց կերպով ռմբակոծեց եւ ահաբեկեց, փոփոխությունը չի տարածվում արտաքին քաղաքականության մյուս հարցերի վրա: Բուշի վարչակազմի նոր պահպանողականները մեկ ասույթ էին սովորել իրենց ուսուցիչ Բեռնար Լուիսից, այն է, որ մահմեդականները սրով ու թրով էին նվաճել աշխարհը, ուրեմն նրանք հարգում էին միայն ուժը եւ իշխանությունը: Այդ ասույթը գուցե ճշմարիտ հնչեր այն ժամանակ, միջին դարերում, բայց մեր օրերում, ներկա դարաշրջանում դա հարված հասցրեց վարչակազմի երեսին, եւ այդ պատճառով էլ Մ. Նահանգները գտնվում են այս վիճակում: Նախագահ Օբաման որոշակիորեն շրջվեց այդ ցինիկ փիլիսոփայությունից եւ, հուսով ենք, քաղաքականության այդ փոփոխությունը մեզ խաղաղություն է պարգեւելու: Թվում է, թե պետքարտուղարությունը շարունակելու է իր նախորդների քաղաքականությունը, որը ձեռնտու է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի համար, որպեսզի կարողանա փոխհատուցել իր քարոզարշավի թուրք հովանավորներին: Մինչ ցեղասպանության հարցի ամբողջ ծանրաբեռնվածությունը նախագահի ուսերի վրա է, Հայաստանին ուղղված ներկա պատժամիջոցներն ավելի խոր արմատներ ունեն: Կարծես բավական չէր, որ վարչակազմը զգալիորեն նվազեցրել էր Հայաստանին տրված տարեկան օժանդակության չափսը, ավելացնելով Ադրբեջանին հատկացված չափաբաժինը, հիմա էլ մեկ ուրիշ ապտակ է հասցնում մեր երեսին, որի անմիջական ազդեցությունը զգալու է մեր ժողովուրդը: «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան» (ՀՄԿ) 67 միլիոն դոլարով կրճատել է իր ծրագրերը Հայաստանում: Որոշումը ընդունվել է հունիսի 10-ին` Հիլարի Քլինթոնի նախագահությամբ անցկացված ՀՄԿ-ի տնօրենների խորհրդի ժողովի ընթացքում: ՀՄԿ-ի ծրագիրը Հայաստանում մեկնարկեց 2006-ի սեպտեմբերին: 235 միլիոն դոլար էր հատկացված Հայաստանում այդ ծրագրի իրականացման համար: Գումարը տրամադրվում էր եռամսյակը մեկ` ժողովրդավարական չափանիշների իրականացման հիման վրա: Ծրագրված էր ընդգրկել 750 հազար հողագործների կամ հանրապետության գյուղական բնակչության 75 տոկոսին: Ծրագրի գլխավոր բաղկացուցիչ մասերն էին ճանապարհների շինարարությունն ու ոռոգման համակարգերի վերանորոգումները: Ըստ Համաշխարհային շուկաների ուսումնասիրման կենտրոնից (ՀՇՈւԿ) Նատալյա Լեշչենկոյի` «Հայաստանի կառավարությունը չի տեսնելու 2006-ի պայմանագրով նախատեսված 67 միլիոն դոլարը, որը մինչեւ 2011 թվականը հատկացվելիք 235,5 միլիոն դոլարի օժանդակության մաս էր կազմում: Դրանից 160 միլիոն դոլարը պետք է ուղղորդվեր ճանապարհների շինարարությանն ու վերակառուցմանը: Այժմ սկսված ծրագրերը պետք է կանգ առնեն»: Այս որոշումը կարծես վերանայման ենթակա չէ: Նույն աղբյուրը որպես պատճառ նման կոշտ մոտեցման նշում է. «Մ. Նահանգների պետքարտուղարությունը, որը ՀՄԿ-ն ղեկավարում է ժողովրդավարական չափանիշներով, անհանգստացած է Հայաստանում ժողովրդավարության վիճակով` 2008-ի փետրվարին կայացած նախագահական վիճելի ընտրություններից ի վեր, եւ նախազգուշացրել է կառավարությանը հատկացումների հնարավոր նվազեցման մասին, եթե բարեփոխումներ չկատարվեն: Մայիսի 31-ի քաղաքապետի ընտրությունը մայրաքաղաք Երեւանում, որն, ըստ ընդդիմության, խարդախված էր, «վերջին կաթիլն էր»: ՀՄԿ-ն դադարեցրեց ենթակառուցվածքների վերանորոգմանը հատկացվելիք օժանդակությունը, շեշտելով, որ որոշումն անփոփոխ է եւ պատասխանատվության ամբողջ ծանրությունը ընկնում է հայկական իշխանությունների վրա»: Նրանք, ովքեր ծանոթ են Հայաստանի գյուղական վայրերի ճանապարհների ողորմելի վիճակին, շատ լավ են հասկանալու այս պատժամիջոցի ամբողջական ազդեցությունը, որն ուղղված է առավելապես ժողովրդին եւ ոչ թե կառավարությանը, որին մեղադրում են ժողովրդավարական նորմերը չպահպանելու համար: Պատժական այս գործողությունն ամբողջովին քաղաքական ենթատեքստ ունի: Դա ժողովրդավարական չափանիշների կիրառման երկակի բնույթի հետեւանք է: Հարեւան Ադրբեջանը վերջերս հանրաքվեով փոփոխություն մտցրեց սահմանադրության մեջ` թույլատրելով Իլհամ Ալիեւին նախագահել մինչեւ կյանքի վերջը, որը նշանակում է վերադարձ դեպի միջնադարյան խանական համակարգին: Դրան հասնելու համար Ալիեւը բանտարկեց լրագրողների եւ սպանել տվեց ընդդիմադիր առաջնորդների: Եվ այս բոլոր «ժողովրդավարական» գործողությունների համար Ադրբեջանը վարձատրվեց` հավելյալ օժանդակություն ստանալով Մ. Նահանգներից: Ավելին, Օբաման շարունակում է Ազատության աջակցության օրենքի 901 հոդվածի վերաբերյալ Բուշի որդեգրած քաղաքականությունը: Բուշը Կոնգրեսի կամքին հակառակ գնալով, զենքի վաճառքը Ադրբեջանին դարձրել էր կիրառելի արտոնություն: Պետքարտուղարության գործողությունը քաղաքական շատ ավելի խոր ենթատեքստ ունի, քան սոսկ ժողովրդավարական չափանիշների կիրառումը Հայաստանում թե Ադրբեջանում: Իր լկտի գործողություններով Բաքվի կառավարությունը արդեն իսկ ժողովրդավարական նորմերը ծիծաղի առարկա է դարձել: Իսկ Հայաստանը պարզապես դարձել է Կովկասում գերհզոր պետությունների մրցակցության զոհը: Ռուսաստանը սեղմում է օղակը Վաշինգտոնի կողմից պաշտպանյալ պետության` Վրաստանի շուրջը, Մ. Նահանգներն էլ իր հերթին փոխադարձաբար պատժում է Ռուսաստանի կողմից պաշտպանյալ պետությանը` Հայաստանին: Մի քանի օր առաջ Անվտանգության խորհրդում իր վետոյի իրավունքից օգտվելով` Ռուսաստանը վերջ տվեց ՄԱԿ-ի դիտորդական առաքելության մանդատին` Վրաստան-Աբխազիա սահմանագծում, հայտարարելով, որ Աբխազիան այժմ արդեն ինքնուրույն պետություն է: Բացի այդ, մայիսի 31-ի երեւանյան քաղաքապետի ընտրությունների արդյունքները վիճարկեց միայն ընդդիմությունը, որն ակնկալելի է որեւէ երկրում, բայց Եվրոմիության դիտորդների հավանությանն արժանացան: Դժբախտաբար, Բուշի վարչակազմը անընդհատ փորձեց ապակայունացնել Հայաստանը: Դրանում համոզվելու համար բավական է միայն լսել Մ. Նահանգների ֆինանսավորմամբ գործող «Ազատ Եվրոպա»-«Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները: Թվում է, թե Օբամայի վարչակազմն էլ է որդեգրել այդ քաղաքականությունը, եւ հիմա ՀՄԿ-ի նոր պատժամիջոցով մի նոր հարված է հասցնում անօգնական մի ժողովրդի: Մի՞թե սա չի հակասում Օբամայի դավանած բարձրարժեք բարոյական սկզբունքներին: USAID-ին սկզբունքորեն որեւէ այլ բանի հետ առնչություն չպետք է ունենա, մասնավորապես չպետք է օգտագործվի որպես քաղաքական գործիք` քայքայելու վարկ ստացող երկրի ներքին քաղաքականությունը: Վերջերս Բոլիվիայի կառավարությունը խստորեն բողոքել էր, որ USAID-ին պաշտպանում է երկրի ընդդիմադիր խմբավորումներին: Ծիծաղելի է, որ այդ ընդդիմադիր կուսակցությունների կազմում հարուստ հողատերերն են, որոնք ցանկանում են անջատվել այդ աղքատ երկրի մնացյալ մասից: Պատահականություն չէ, որ Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը Ամերիկա է ուղեւորվում այս օրերին բացատրական որոշ աշխատանքներ կատարելու տեղի հայկական համայնքներում: Իր նախորդների նման տիկին Յովանովիչն էլ կարողացել է կարճ ժամանակում շահել Հայաստանի բարեհաճությունը, սակայն նա հիմա ստիպված է իր վերադասների սարսափելի գործողություններին ըմբռնումով մոտենալ եւ փորձել մեղմել մեր ընդվզումը: Մեր պարտականությունն է պատշաճ հարգանքի պայմաններում տալ նրան ամենախրթին հարցերը: Իր շրջագայության ավարտին կասկած չպետք է ունենանք, որ նա պետքարտուղարությանը ներկայացրած հաշվետվության մեջ նշի, որ հայկական համայնքը զայրացած է այս անտեղի եւ չհիմնավորված գործողությամբ եւ որ ամեն ինչ անելու է համապատասխան վերաբերմունք ցուցաբերելու որեւէ ժամանակ եւ որեւէ ձեւով: Մեր մյուս գործողությունը օրենսդիր մարմինների հետ է: Մեր քարոզչական խմբավորումներին զուգահեռ, ամեն մի հայ պարտավոր է այնքան ձանձրացնել կոնգրեսականներին եւ սենատորներին, մինչեւ մեր ընդհանուր ձայնը լսելի դառնա: Մ. Նահանգները որոշիչ դերակատարություն ունի շատ երկրների, այդ թվում, իհարկե, նաեւ Հայաստանի ճակատագրում: Հայաստանը չի կարող նավթ կամ որեւէ այլ ռեսուրս հայտնաբերել ինքն իրեն անփոխարինելի դարձնելու համար: Ոչ էլ կարող է փոխել դաշնակցային կապերը, քանի դեռ Թուրքիան աչալրջորեն հսկում է սահմանում: Այնպես որ Հայաստանի պաշտպանական գիծն այստեղ է, այս երկրում` Մ. Նահանգներում: Մենք պետք է մարտահրավերն ընդունենք, քաղաքականապես գրագետ դարձնենք մեր համայնքը եւ մեր ձայնը բարձրացնենք ի պաշտպանություն Հայաստանի: Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Երեւանին դեռ պետք չէ սրել հայ-վրացական հարաբերությունները Ջավախքի խնդրով

/PanARMENIAN.Net/ 26.06.2009 - Ներկա դրությամբ, երբ տարածաշրջանում բարդ գործընթացներ են տեղի ունենում, սրել հայ-վրացական հարաբերութունները` կտրուկ դնելով Սամցխե-Ջավախքի հայերի խնդիրները, ուղղակի վտանգավոր է: Այդ մասին հունիսի 25-ին Երեւանում մամլո աուլիսի ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային համագործակցության եւ գլոբալացման վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ժամանել է Հայաստան, որպեսզի լուծի իր համար կարեւոր առաջադրանքները: Հայկական կողմն առաջադրել է իր հարցերը վրացական կողմին` հաղորդակցական խնդիրներ, մասնավորապես «Վերին Լարս» ՀԱԿ-ի խնդիրը, հայկական բեռնափոխադրումների սակագներ»,- ընդգծել է հայ փորձագետը: Նրա կարծիքով, այսօր Վրաստանը հանդես է գալիս «Կովկասյան տան» գաղափարով եւ ցանկանում է տարածաշրջանն անկախ տեսնել երրորդ ուժերի միջնորդությունից: «Թե ինչ կտա մեզ Սահակաշվիլու այցը, դեռ բարդ է ասել: Բայց պարզ է մի բան, հայ-վրացական հարաբերություններում գոյություն ունի Սամցխե-Ջավախքի հայերի խնդիրը: Սա հարց է, որը պետք է լուծվի երկխոսության, բանակցությունների եւ փոխըմբռնման ճանապարհով»,- նշել է Ստեփան Գրիգորյանը, ավելացնելով, որ այդ խնդրի կարգավորումը ելնում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի շահերից: Փորձագետի կարծիքով, 2008-ի օգոստոսյան պատերազմի պատճառով Վրաստանի քաղաքական վերնախավն այժմ գտնվում է բարդ հոգեբանական դրության մեջ եւ տվյալ պահին պետք չէ սրել իրավիճակը կոշտ հայտարարություններով: Խոսելով «Վերին Լարս» ՀԱԿ-ի մասին` Ստեփան Գրիգորյանը նշել է, որ քիչ հավանական է, որ այն կբացվի մոտ ժամանակները: «Դժվար է պատկերացնել, որ Մոսկվան եւ Թբիլիսին կարող են համաձայնության գալ մոտ ժամանակները ՀԱԿ-ը բացելու շուրջ»,- ասել է Գրիգորյանը:

ՀԱԿ. «Քաղբանտարկյալների մի մասի ազատ արձակումը պարտադրված քայլ էր»

«Ազատություն» 26-6-2009- Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որում, անդրադառնալով հայտարարված համաներմանը՝ պնդում է, որ «քաղբանտարկյալների մեծ մասի ազատ արձակումը [իշխանություններին] պարտադրված քայլ էր»: «Բացարձակապես անմեղ մարդանց տարիուկես զնդանելը վարչախմբի հանցագործությունն է, ինչի համար շուտ թե ուշ պատասխան են տալու մեղավորները։ 51 քաղբանտարկյալների մեծ մասի ազատ արձակումը պարտադրված քայլ էր, արդյունք՝ Հայ Ազգային Կոնգրեսի հետեւողական ու գրագետ քաղաքական աշխատանքի, ամենալայն զանգվածների համառ ու անտեղիտալի պայքարի։ Դա Հայ Ազգային Կոնգրեսի ամենաառարկայական հաղթանակն է, ինչի առթիվ շնորհավորում ենք համաժողովրդական շարժման բոլոր մասնակիցներին», - ասված է հայտարարությունում:Նշելով, որ հայտարարված համաներումը վարչախմբի կողմից երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու մտահոգության արդյունք չէր, եւ պնդելով, որ «քաղբանտարկյալների մեծ մասի ազատության մեջ հայտնվելը հնարավոր դարձավ» ՀԱԿ-ի ձեռնարկած գործողությունների շնորհիվ»՝ հայտարարության հեղինակները շարունակում են. - «Մայիսի 31-ին Երեւանի քաղաքային իշխանության ընտրություններին վճռական մասնակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը բազմապատկեց իր հաղթաթղթերը եւ քաղաքական գործոնի իր կշիռը։ Այդ հաղթաթղթերի շնորհիվ ԵԽ կառույցները քաղբանտարկյալներին ազատ արձակելու անընդհատ ձգձգվող խնդրում կանգնեցին վարչախմբի վրա առավել մեծ ու իրական ճնշուներ գործադրելու անշրջանցելի անհրաժեշտության առջեւ, ինչի արդյունքը եղավ նրանց մեծ մասի ազատ արձակումը»։«Գողական ու խուժանական բնազդներով առաջնորդվող վարչախումբը չկարողացավ օգտագործել իր վերջին շանսը՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու ու հետապնդումները դադարեցնելու միջոցով ներքաղաքական երկխոսության համար պայմաններ ստեղծելու համար. նա ազատ արձակեց այնքան քաղբանտարկյալ, որքան անհրաժեշտ էր միայն ԵԽ պատժամիջոցից խույս տալու համար», - ասված է հայտարարությունում։ - «Դրանով նա ապացուցեց, որ չնայած կրած պարտությանը, չի հրաժարվում սեփական ժողովրդին որպես թշնամի ընկալելու ու նրա դեմ անհեռանկար պատերազմը շարունակելու արկածախնդիր գաղափարից»։ «Ուստիեւ Հայ Ազգային Կոնգրեսը կրկնապատկված եռանդով եւ ուժով շարունակելու է պայքարը բանտերում մնացած մյուս քաղբանտարկյալների ազատ արձակման ու քաղաքական հետապնդումները դադարեցնելու համար։ Միաժամանակ Կոնգրեսը նաեւ վճռականորեն մնալու է այս պայմաններում միակ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով երկրում լեգիտիմ իշխանություն հաստատելու եւ սահմանադրական կարգը վերականգնելու իր քաղաքական պլատֆորմի վրա», - ասված է ՀԱԿ-ի՝ ուրբաթ օրը տարածած հայտարարությունում։

Պուտինը խորհուրդ է տալիս ռուսներին քիչ խմել

Tert.am. 26-6-2009- Ալկոհոլիզմի և ծխելու դեմ պայքարը պետք է դառնա ազգի առողջության պահպանման համար պայքարի գլխավոր ուղղություն: Նման կարծիք այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: «Դուք նշեցիք ծխելու դեմ պայքարը, սակայն մենք նաև պետք է ավելի քիչ խմենք: Դա լուրջ կնպաստեր ազգի առողջության պահպանմանը, դրանում կարելի է չկասկածել»,- ասել է նա: «Ես կարծում եմ, մենք պետք է հետևենք առողջ ապրելակերպ վարելու քարոզներ իրականացնելու վերաբերյալ Ձեր խորհուրդներին, և դա պետք է դառնա այս ոլորտում մեր աշխատանքների հիմնական ուղղությունը»,- ավելացրել է վարչապետը: Բացի այդ, Ռուսաստանը պետք է այս ոլորտում իր ջանքերը միավորի ԱՀԿ-ի հետ: Բացի այդ, Պուտինը ԱՀԿ ղեկավարին հավաստիացրել է, որ Ռուսաստանը մտադիր չէ կրճատել առողջապահության վրա արվող ծախսերը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։

Տեղ չկա՞

A1+- 25-6-2009- Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու' ուսանողներին հասցեագրված մտքերն ու տեսակետները լսարանին փոխանցելու համար առնվազն պետք է ընտրյալ լինել, ընտրյալ' ՀՀ նախագահի նստավայրի կողմից: Այսօր Սերժ Սարգսյանի լրատվական ծառայությունից հեռախոսով «Ա1+»ին տեղեկացրեցին, որ Սահակաշվիլու այցը ԵՊՀ լուսաբանելու համար պետք է հրավերք ունենալ: Պարզվում ' Վրաստանի նախագահի բոլոր հանդիպումներն ու այցերը լուսաբանելու համար պետք է առանձին-առանձին հավատարմագրվել: Այսօր Նախագահականում շատ սիրալիր ստուգեցին եւ պարզեցին, որ «Ա1+»-ը ԵՊՀ-ի հանդիպումը լուսաբանողների ցանկում չկա: Իհարկե, սա մեզ համար անակնկալ չէր, քանի որ առաջին եւ անկասկած վերջին դեպքը չէ: Բացի այդ այս հանդիպմանը մասնակցելու են ոչ բոլոր ուսանողները, այլ միայն ընտրյալները: Ի դեպ, այդ միջացառումը հնարավոր է լուսաբանել, առանց այնտեղ ներկա լինելու: Կարելի է կանխատեսել' ավանդույթի համաձայն' Սահակաշվիլուն ԵՊՀ-ում մեդալ կշնորհվի, եւ մի քանի ընտրյալ ուսանողներ հիացմունքով նրան կհարցնեն, թե ինչպե՞ս է Սահակաշվիլին պատրաստվում էլ ավելի խթանել հայ-վրացական ջերմ եւ բարիդրացիական հարաբերությունները, որոնց, ըստ Սերժ Սարգսյանի, երեկվա ելույթի կարող են նախանձել աշխարհի շատ ժողովուրդներ: Ի դեպ, Նախագահականի լրատվական ծառայությունից այսօր «Ա1+»-ին նաեւ բացատրեցին, թե ինչո՞ւ «Ա1+»-ը տեղ չի գտել Սահակաշվիլու ԵՊՀ հանդիպումը լուսաբանող ԶԼՄ-ների շարքում. «Հանդիպման համար ընտրված դահլիճը շատ փոքր է: Տեղ չկա: Ընդամենը մի 4 հեռուստաընկերություն է հրավիրվել»: Իսկ, երբ նշեցինք, որ մեզ իբրեւ գործակալություն են երեկ հրավիրել, պարզվեց, որ որպես գործակալություն էլ տեղ չունեն: «Գործակալություններից էլ են քիչ հրավիրվել' ընդամենը 2-ը»,- պատասխանեց նույն սիրալիր ձայնը: Ավելացնենք, որ այսօր Միխաիլ Սահակաշվիլին այցելել էր Ծիծեռնակաբերդ, հարգել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: «Ա1+»-ին այս միջոցառումը լուսաբանելու հնարավորություն տրվել էր:

ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ցանկությունն «անեծք է» Ֆրանսիայի համար

/PanARMENIAN.Net/ 25.06.2009 - «ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ցանկությունն «անեծք է» Ֆրանսիայի համար, սակայն համագործակցությունն Արեւելքի համար միանգամայն ընդունելի է»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Ըստ Սարկոզիի Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արեւելքի գծով խորհրդատու Բորիս Բուլոնի, եթե խոսենք Միջին Արեւելքի հեռանկարների մասին, ապա Թուրքիան գործընկեր է Ֆրանսիայի համար: «Թուրքիան եզակի դեր է կատարում տարածաշրջանում: Այն, որ Ֆրանսիան դեմ է Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին, չի նշանակում, թե Փարիզն ու Անկարան չեն կարող դաշնակիցներ եւ բարեկամներ լինել Եվրամիությունից դուրս»,-ասել է Սարկոզին: Ֆրանսիայի նախագահը բազմիցս է հայտարարել, որ ԵՄ-ն Թուրքիայի տեղը չէ: Վերջին անգամ նա ասել է այդ մասին անցած ամիս, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը:

Վրաստանի նախագահը շրջանցել է Ջավախքի իրական խնդիրները

Tert.am. 25-6-2009- Մենք Վրաստանը չենք բաժանում էթնիկ վրացիների, էթնիկ հայերի, օսերի, ադրբեջանցիների: Այսօր այս մասին Երևանի պետական համալսարանում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նրա խոսքերով` էթնիկ խմբերից որևէ մեկը որևիցե առավելություն չունի: Խոսելով Ջավախքի մասին՝ Վրաստանի նախագահը նշել է. «Ոչ մի տարածաշրջան վերջին տարվա ընթացքում այնքան ներդրումներ չի ստացել, որքան Ջավախքը»: Նախագահի խոսքերով` Ջավախքը հանդիսանում է «լիարժեք գազաֆիկացվող» շրջան: Նա հաղորդել է, որ այս տարաշրջանում կառուցվում է խոշոր երկաթգծային նախագիծ, որը Վրաստանի միջոցով կապելու է Հյուսիսային Չինաստանը Եվրոպայի հետ: «Շատ մարդիկ վերադառնում են այնտեղ և մենք ողջունում ենք նրանց վերադարձը»,- ընդգծել է Սահակաշվիլին: Վրաստանի նախագահի խոսքերով` սկսվում է «խոշոր» էլեկտրակայանի շինարարություն, որտեղ կզգացվի մի քանի հազար հավելյալ բանվորների կարիք: «Դա նշանակում է, որ այդ մարդկանց փորձը պահանջարկ կունենա, և նրանք իրենց հասարակության լիիրավ անդամներ կզգան»,- ասել է Սահակաշվիլին: Նշենք, որ ինչպես Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի Հայաստան կատարած այցի ընթացքում, այնպես էլ Միխայիլ Սահակաշվիլիի այցի ժամանակ Ջավախքի թեման մակերեսորեն է շոշափվել: Վրացի երկու պաշտոնյաներն էլ, Ջավախքը հիշատակելիս, սահմանափակվել են հասարակական խնդիրների մասին խոսելով, որոնք թե´ Վաշաձեի, թե ´ Սահակաշվիլիի կարծիքով` Վրաստանում ամենուր առկա են: Իրական խնդիրների մասին չի խոսվել։ Սահակաշվիլիի այցի ընթացքում նրան այդպես էլ Ջավախքի իրական խնդիրների վերաբերյալ սուր հարցեր չեն տրվել: Երեկ նախագահականում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Վրաստանի նախագահին հայկական կողմից տրվել է միայն մեկ հարց, իսկ այսօր ԵՊՀ-ի ուսանողների հետ հանդիպման ընթացքում լրագրողները չեն կարողացել հարցեր ուղղել նախագահներին:Ինչ վերաբերվում է մի քանի հասարակական կազմակերպությունների` Միխայիլ Սահակաշվիլիի դեմ բողոքի ցույցերի միջոցով Ջավախքի հարցը բարձրացնելու ցանկությանը, ապա նրանց գործողությունները կասեցվել են ոստիկանները, ովքեր առավոտյան «Արմենիա Մարիոթ»-ի, իսկ կեսօրին ԵՊՀ-ի մոտ կոպիտ կերպով ցրել են ցուցարարներին: Փաստորեն, Հայաստանի իշխանություններն այս հարցը նույնպես համարել են «անհարմար»:

BBC-Ն ՂԱՐԱԲԱՂԻ ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ

Lragir. 25-6-2009- Այսօր BBC միջազգային հեռուստաալիքը մի նյութ մատուցեց հեռուստադիտողին, որը անգլիական քաղաքականության հայամետության անտարակույս ապացույցը կարող էր լինել, եթե չլիներ զգուշավոր մի վերապահում՝ too good to be true, այսինքն չափազանց լավ է ճշմարիտ լինելու համար: Համաձայն լավ հեռուստանյութի ներկայացման դասական կանոնների, այս ռեպորտաժը ընդգրկում էր հետևյալ կետերը. 1. Հայաստան-Ադրբեջան հակամարտության ներկայացումը ղարաբաղյան հարցի շուրջը: Պատկերային առումով ուղեկցումը չափազանց տպավորիչ էր` խրամատներ, որտեղ մարտավարժություններ են անում 18-19 տարեկան տղաները, ընդ որում թղթակիցը մեկնաբանում էր սույն փաստը Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վտանգներով: 2. Աշխարհագրական և էթնիկ հակասությունները նյութը պատկերում էր Շուշի քաղաքի կադրերով: Շեշտը դրվում էր կրոնական խորհրդանիշների վրա, մասնավորապես վերակառուցվող քրիստոնեական եկեղեցու և դատարկ մզկիթի հակադրության վրա: Համատեքստում ընթերցվում էր, որ ղարաբաղցիները քրիստոնյա են և մզկիթներ չեն ավիրում: 3. Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հարցազրույցը նախ պարտադիր կետ էր պաշտոնական կարծիքի հնչեցման համար, ինչպես նաև բարձրաձայնում այն փաստի, որ ղարաբաղցիները հաստատապես ագրեսոր չեն և նրանց ձեռնարկած բոլոր գործողություններն ինքնապաշտպանական են (ի դեպ, հայերեն հնչած հարցազրույցի առաջին նախադասություններն այնքան ինֆորմատիվ չէին, որքան անգլերեն թարգմանությունը): 4. Այս եզրափակիչ հատվածը նվիրված էր էմոցիոնալ տեխնոլոգիային: Ղարաբաղյան մարտերում հորը կորցրած Լուսինեն հոր գերեզմանաքարի մոտ խոսում էր այն մասին, որ այդքան զոհերից հետո ղարաբաղցիները չեն պատրաստվում մի թիզ անգամ հող հանձնել իրենց մայրենի հողից: 5. Այս հատվածը մեկնաբանողը եզրափակեց այսպես. “ղարաբաղցիները համարում են այս հողը իրենցը և մտահոգ են Ադրբեջանի վերազինմամբ, թեպետ չեն պատրաստվում ընկրկել պատերազմի վտանգի առջև: Փոքր Ղարաբաղը դեռ սպասում է իր հարցի լուծմանը”:Չի կարելի կարծել, որ BBC-ն այս ամենը անում է հայկական լոբբիի ազդեցության տակ, Անգլիայում հայկական լոբբին այնքան էլ ազդեցիկ չէ: Կարելի է հուսալ, որ սա շրջադարձ է արևմտյան քաղաքականության մեջ, եթե միայն այն չի օգտագործվում Ադրբեջանից ինչ-ինչ զիջումներ կորզելու համար: Ինչևէ, BBC-ն ղարաբաղյան խրամատներում հաճելի նորություն է, միայն թե դրանից հետո հանկարծ խրամատներում կրակոցներ չլինեն:
ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Փնտրելու են լրագրողին ծեծողներին

A1+- 25-6-2009- Ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում շարունակվում է նախաքննությունը լրագրող Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ կատարված հարձակման մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել «Հետաքննող լրագրողներ» ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ կատարված հարձակման կապակցությամբ քաղաքացի Կարեն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել 5 տարվա ազատազրկման: Սակայն լրագրողի վրա հարձակում իրականացրածներից երկուսին չի հաջողվել հայտնաբերել: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից գրավոր ցուցում է տրվել ոստիկանությանը՝ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները հանցագործության լիարժեք բացահայտումն ապահովելու համար: Մասնավորապես՝ խնդիր է դրվել հայտնաբերել լրագրողի վրա կատարված հարձակման ականատես այլ վկաների, ստուգել տուժողի, ԶԼՄ-ների կողմիցի հնչեցրած վարկածները, պարզել Կ.Հարությունյանի հետ կապի մեջ գտնվող, դեպքի հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց: Միաժամանակ մատնանշվել են կոնկրետ այն գործողությունները, որոնց կատարումն, ըստ դատախազության, անհրաժեշտ է լրագրողի կողմից առաջ քաշված վարկածը լիարժեք ստուգելու եւ ընդհանրապես անջատված մասով պարզաբանման ենթակա բոլոր հանգամանքները լիարժեք բացահայտելու համար:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուղիղ երեք տարի առաջ` 2006թ. հունիսի 26-ին ձերբակալվեց Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը: Երեք տարիների ընթացքում Հայաստանի եւ միջազգային տարբեր իրավապաշտպան եւ լրագրողական բազմաթիվ կազմակերպություններ հանդես են եկել ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրին անհապաղ ազատելու կոչով: Հաշվի առնելով երեք տարվա ընթացքում պայմանականորեն նրան վաղաժամկետ ազատ արձակելու բոլոր ապօրինի եւ չհիմնավորված մերժումները` կարող ենք արձանագրել, որ 2006թ.-ին նրա նկատմամբ իրագործված իշխանական վրեժխնդրությամբ եւ այդ թվականից ի վեր Հայաստանի տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ գործված եւ մինչ օրս շարունակվող բռնաճնշումները մեկ կենտրոնից ղեկավարվող ընդհանուր քաղաքականության թերեւս առաջին օղակն էր: Հայաստանի իշխանություններն այդպես էլ չգիտակցեցին, որ խոսքի ազատության, մարդու ազատությունների եւ իրավունքների դեմ ռեպրեսիվ միջոցներն ու ապօրինի բռնաճնշումները ծանր հարված են հասցնում մեր երկրի առանց այն էլ վնասված միջազգային վարկին: Ազատ խոսքը լռեցնելու պատվիրատու իշխանական ամենավերին ատյաններում այդպես էլ չգիտակցեցին, որ խոսքի ազատությունը ճնշող ամեն մի քայլ էականորեն հարվածում է Հայաստանի միջազգային հեղինակությանը, լրջագույն կասկածներ հարուցում ժողովրդավարությանն ու համամարդկային արժեքներին Հայաստանի հավատարմության հանդեպ, որոնց պարտավորությունների կատարումը մեր երկիրն ստանձնել է միջազգային հեղինակավոր կառույցների առջեւ: Արման Բաբաջանյանի պատիժը կրելուց օրացուցային ազատ արձակումը տեղի է ունենալու ընթացիկ տարվա սեպտեմբերին: Սակայն ուզում ենք հավատալ, որ նրա նկատմամբ նույնիսկ անազատության մեջ գտնվելու ողջ ժամանակահատվածում իրագործված հետապնդումներից հետո, Հայաստանի իշխանությունները կսթափվեն եւ ժամ առաջ Արման Բաբաջանյանին թույլ կտան վերադառնալ իր սիրած ստեղծագործական աշխատանքին: Որպես Հայաստանում հասարակական կարծիք ձեւավորող լրատվամիջոցների ղեկավարներ եւ որպես Արման Բաբաջանյանի գործընկերներ` մենք մեր զորակցությունն ենք հայտնում նրան` հանուն Հայաստանում ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների եւ ազատությունների հարգման եւ ազատ խոսքի գոյության: Ա1+-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյան Հայկական ժամանակ օրաթերթի խմբագիր Հայկ Գեւորգյան Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան 168 ժամ թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան Հայք օրաթերթի գլխավոր խմբագիր Գեղամ ՆազարյանՏարեգիր թերթի գլխավոր խմբագիր Վասակ ԴարբինյանLragir.am խմբագիր Հայկազն Ղահրիյան Ժամանակ օրաթերթի խմբագրակազմ 2009թ. հունիսի 26-ին լրանում է Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի ազատազրկման երրորդ տարին: Ազատ խոսքի բոլոր պաշտպաններին հրավիրում ենք հունիսի 26-ին` ուրբաթ օրը, ժամը 12:00-ին ներկա գտնվել ՀՀ նախագահի նստավայրի առջեւ նշանակված բողոքի ակցիային:

Սարկոզիի այցը Հայաստան քիչ հավանական է

/PanARMENIAN.Net/ 24.06.2009 - Հաջորդ ամիս պաշտոնական այցով Հայաստան կժամանեն Կիպրոսի ու Սերբիայի նախագահներ` Դիմիտրիս Խրիստոֆիասը եւ Բորիս Թադիչը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել իրազեկ աղբյուրը: Միեւնույն ժամանակ ասվում է, որ Հայաստան է մտադիր ժամանել նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել աղբյուրը դիվանագիտական շրջանակներից, Սարկոզիի այցը Հայաստան քիչ հավանական է: Ադրբեջանական ԶԼՄ-ները մեկ ամիս առաջ տեղեկություններ էին տարածել, թե հունիսի 23-24-ին Ֆրանսիայի նախագահը կայցելի տարածաշրջան, սակայն դա ապատեղեկատվություն էր:

«Ո՞րն է տղայիս սպանության պատճառը»

A1+- 25-6-2009- «Ես'ծնողս, այսօր գնացել եմ ծայրահեղ քայլի' ՀՀ Կառավարությունից, Սերժ Սարգսյանից պահանջում եմ արտաշիրիմում, որպեսզի պարզվի իմ երեխայի սպանությունը. ես ուզում եմ իմանալ դրա իրական պատճառը»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում այլայլված բացականչում էր 2007թ օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Կարճաղբյուր գյուղի զորամասում սպանված 19-ամյա Տիգրան Օհանջանյանի մայրը' Գոհար Սարգսյանը: Խաղաղ ժամանակ զոհված զինծառայողների ծնողներն այսօր էլ էին կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անցկացնում: 2 տարի առաջ զոհված զինծառայողներ Անդրանիկ Հայրապետյանի, Գեղամ Սերգոյանի եւ Տիգրան Օհանջանյանի ծնողները չեն համակերպվում իրենց որդիների մահվան հետ: Պաշտոնական վարկածով' նրանք դժբախտ պատահարի զոհեր են: Մինչդեռ նրանց ծնողների համոզմամբ' իրենց որդիներն ուղղակի սպանվել են եւ այդ պատճառով նրանք այսօր դիմել էին ծայրահեղ քայլի' եկել են ՀՀ վարչապետից պահանջելու' կատարել իրենց զավակների արտաշիրիմում: Օրինակ' Տիգրան Օհանջանյանի մահվան պաշտոնական վարկածը' էլեկտրահարումն էր: Սակայն նրա մայրը' տիկին Գոհարը, տարակուսանքների մեջ է. «Եթե էլեկտրահարվել է իմ երեխան, ապա ինչո՞ւ են պատառոտվել նրա շորերը, ինչո՞ւ են ատամները բերանից դուրս թռել: Ես արտաշիրիմում եմ պահանջում ատամների համար: Թող ասեն' քանի՞ վոլտ հզորության հոսանքից տղայիս ատամները կարող են դուրս թռչել, եւ ես կհրաժարվեմ արտաշիրիմումից»: Այսօր նրա նպատակը մեկն է, որպեսզի իր տղային սպանողը պատասխան տա: Նա պատմում էր, որ իր որդին 2-րդ կուրսի ուսանող էր, Ստավրոպոլ քաղաքի ձյուդոյի չեմպիոն էր եւ ինքնակամ եկել էր Հայաստան' հայրենիքին ծառայելու: «Այս ի՞նչ է կատարվում այս անարդար երկրում: Ո՞ւր գնամ, ո՞ւմ դիմեմ, ո՞վ է այս պետության ղեկավարը: Իմ երեխային սպանել են, ինձ էլ թող սպանեն»,- ափերից դուրս եկած ասում էր մայրը: ՀՀ Կառավարությունից այսօր նրան ու զոհված մյուս զինվորների մայրերին ասել են, թե բոլորը նրանց հարցի, պահանջի մասին տեղյակ են, սակայն ոչնչով չեն կարող օգնել, մանավանդ վարչապետն այս պահին Սյունիքի մարզում է: Այնտեղ է անցկացվում կառավարության արտագնա նիստը: «Մեր հարցը ոչ մի կերպ լուծում չի ստանում: Իմ երեխայի արյունոտ պատառը իրենց կոկորդին է կանգնելու, կուլ չեն կարողանալու տալ»,- վճռականորեն հայտարարեց տիկին Գոհարն' ավելացնելով, որ իր ամուսինն այս պահին հերթապահում է Շահումյանի գերեզմանատանը, որ մինչեւ արտաշիրիմում չգողանան իրենց տղայի դիակը:

Փարիզում ցույց է տեղի ունեցել ի պաշտպանություն Սիլվա Հարությունյանի

/PanARMENIAN.Net/ 25.06.2009 - Փարիզում ցույց է տեղի ունեցել ի պաշտպանություն Սիլվա Հարությունյանի, որը դատապարտվել է երե ք տարվա ազատազրկման Իրանի դատարանի կողմից լրտեսության եւ հակակառավարական գործունեության համար: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, ակցիային մասնակցել են հայեր, պարսիկներ, ինչպես նաեւ լրագրողուհի Ռոքսանա Սաբերին ԱՄՆ-ից, որը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման, սակայն Իրանի իշխանությունները ներում են շնորհել նրան: 2008 թվականի հունիսի 26-ին Իրանում ձերբակալվել է 34-ամյա Սիլվա Հարությունյանը` մոր եւ մանկան առողջության հարցերով զբաղվող IREX հումանիտար կազմակերպության բժշկուհի 34-ամյա Սիլվա Հարությունյանը: Նա ձերբակալվել է Իրանում «թավշյա հեղափոխության» նախապատրաստման մեղադրանքով եւ դատապարտվել է երեք տարվա ազատազրկման:

ՀԱՅԱՍՏԱՆԻ “ԲԱՆԱՆԱՅԻՆ” ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Lragir. 25-6-2009- Մամուլի ասուլիսում Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Նինկե Օմեսը հրապարակեց որոշ թվեր, որոնք, թերեւս, կցնցեին ցանկացած անկախ պետության ցանկացած քաղաքացու: Սակայն այդ թվերի արձագանքը հազվագյուտ հանգիստ էր՝ հայրենի հեռուստաալիքները գործնականում չլուսաբանեցին մամուլի ասուլիսը, բավարարվելով լավագույն դեպքում այն ցիտատով, թե “հայկական իշխանություններին հաջողվում է կատարել քայլեր, որ ուղղված են ճգնաժամի բացասական հետեւանքները կանխելուն”: Տիկին Օմեսի խոսքում այս խոսքերը թերեւս միակ դրական արձագանքն էին Հայաստանի կառավարության քաղաքականությանը: Մնացյալ ամեն ինչ, հատկապես թվերը խոսում էին այն մասին, որ իրավիճակը Հայաստանում վատ է, էլ ավելի է վատանալու, իսկ Հայաստանի իշխանությունն ի վիճակի չէ անգամ նվազագույնն անել: Նինկե Օմեսը, նախ, սենսացիոն կանխատեսում արեց, որ վերաբերում է արտաքին պարտքին: Նա ասաց, թե ԱՄՀ հաշվարկով, 2011 թ. Հայաստանի ՀՆԱ-ում արտաքին պարտքի մասնաբաժինը կհասնի 46 տոկոսի: Այլ խոսքով, Հայաստանի ՀՆԱ կեսը պետք է վճարվի պարտքի տեսքով: Երեւում է, 50 տոկոսն այն սահմանագիծն է, որից հետո պետությունը սնանկ է ճանաչվում, այդ պատճառով էլ ԱՄՀ “սահմանափակվել է 46 տոկոսով: Հիշեցնենք, որ ներկայում այդ թիվը 18 տոկոս է: Երկրները, որոնք ապրում են արտաքին պարտքերի հաշվին, որպես կանոն կոչվում են բանանային: Այնտեղ գործում է գրպանային կառավարություն, իսկ երկիրը ղեկավարում են բացարձակապես այլ մարդիկ: Այդ մարդիկ աջակցում են կառավարությանը, նույնիսկ ներում են փոքր կամակորությունները, որ այն չդիպչի իրենց շահերին: Նման պատկեր է ձեւավորվում նաեւ Հայաստանում: Համենայնդեպս, մամուլի ասուլիսից նման տպավորություն էր: ԱՄՀ ներկայացուցիչը հայտարարեց, թե Հայաստանի կառավարությունն ի վիճակի չէ իր քաղաքացիներին աշխատավարձ ու թոշակ վճարել, այդ պատճառով էլ ԱՄՀ լրացուցիչ 312 միլիոն դոլար է հատկացրել, ընդ որում, հակառակ իր կանոնների, ոչ թե Կենտրոնական բանկին, այլ ուղղակի կառավարությանը՝ փակելու աշխատավարձի ու թոշակի պարտքերը:ԱՄՀ ներկայացուցիչն ամեն առիթի դեպքում հիշում էր Ռուսաստանի վարկի մասին, մի քանի անգամ նշեց, որ Հայաստանի բոլոր դժբախտությունները նրանից են, որ նա չափազանց շատ է կապված Ռուսաստանին, որ կրճատվել են տրանսֆերտները, շինարարության ներդրումները, իսկ տարեվերջին հայաստանի տնտեսություն անկում կապրի մինչեւ 9,5 տոկոս: Ինչո՞ւ 9,5 եւ ոչ 10, հարցրել են լրագրողները: Դե որպեսզի երկնիշ թիվ չլինի, ժպիտով ասել է Օմեսը:Ներկայացնելով Հայաստանի տնտեսության անմխիթար տվյալներ, տիկին Օմեսը կարծես ասում էր՝ ճգնաժամը ճգնաժամ, բայց հասկացեք, վերջապես, ձեր շատ խնդիրներ կապված են այն բանի հետ, որ տնտեսությունը ղեկավարում են ոչ ազնիվ ու ոչ պրոֆեսիոնալ: ԱՄՀ խորհուրդ է տալիս իրականացնել տնտեսական քաղաքականության թուլացում, բարեփոխել հարկային ոլորտը, կրճատել հարկային բեռը արտադրողների համար: Վաղուց է խորհուրդ տալիս, սակայն արդյունք այդպես էլ չկա:Սակայն ԱՄՀ համբերատար կազմակերպություն է: Նա կսպասի եւս մի երկու տարի, մինչեւ գա պարտքը մարելու ժամանակը: Ինչպես պարզվել է, ԱՄՀ հաստատած 823 միլիոն դոլար վարկը Հայաստանը կսկսի փակել 3,5 տարի անց, այսինքն ճիշտ այն ժամանակ, երբ սպառվի ներկայիս կառավարության ժամկետը: Ստացվում է, որ ԱՄՀ, Համաշխարհային բանկը վարկ են տալիս ոչ թե Հայաստանին, այլ ներկայիս կառավարությա՞նը: Որպեսզի պաշտպանի նրան ցնցումներից ու սոցիալական բողոքի՞ց: Իսկ մի քանի տարի անց՝ թեկուզ ջրհեղե՞ղ: Ինչպե՞ս է փակելու Հայաստանը իր 46 տոկոսանոց արտաքին պարտքը: Եւ ինչո՞ւ է ԱՄՀ պաշտպանում ներկայիս կառավարությանը, եթե այն, ԱՄՀ իսկ գնահատականով, չի կարող նույնիսկ թոշակն ապահովել: Եւ կրկին հիշում ես բանանային երկրների մասին: Եթե Հայաստանի կառավարությանն այդ հարցում մեղադրեր ընդդիմությունը, դա կներկայացվեր որպես համաշխարհային դավադրություն: ԱՄՀ գնահատականները կառավարությունը ականջի հետեւ գցեց՝ եթե հեռուստաալիքներն այդ մասին չխոսեն, թոշակառուները չեն իմանա, որ իրենց թոշակը վճարում է Արժույթի միջազգային հիմնադրամը, եւ ոչ թե հայրենի կառավարությունը, որ խոստացել է չկրճատել սոցիալական վճարները: Եւ իրոք՝ ով կմեղադրի կառավարությանը իր ուղղակի պարտականությունների կատարման անընդունակության մեջ: Իսկ պարտականություններից մեկն այն է, որ թույլ չտրվի երկիրը վերածել բանանայինի, եւ միջոցներ գտնել երկրում սոցիալական կայունությունը պահպանելու, սեփական ռեսուրսների հաշվին: Այդ ռեսուրսները բավարար են՝ պետք է պարզապես ինչ որ բաներից հրաժարվել եւ “տրորել” յուրայինների ոտքը: Կարող է արդյոք կառավարությունը գտնել սեփական ռեսուրսը: Թե շարունակելու է աշխատել յուրային օլիգարխների խմբի թելադրանքի ներքո, որոնք, դատելով ամեն ինչից, որոշել են սաբոտաժի ենթարկել պետական բյուջեն: 2009 թ. առաջին 4 ամիսներին Հայաստանի 325 խոշոր հարկատուները վճարել են 24,2 տոկոսով պակաս հարկեր, քան անցյալ տարի, թեեւ այդ ձեռնարկությունների շրջանառությունը կրճատվել է 1 տոկոսով: Սա ոչ թե ԱՄՀ, այլ ազգային վիճակագրական ծառայության տվյալն է:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են տարբեր մակարդակներով

/PanARMENIAN.Net/ 25.06.2009 - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են տարբեր մակարդակներով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բուրակ Օզուգերգինը: «Մենք Երեւանի հետ քննարկում ենք բոլոր հարցերը եւ ամենակարեւորը` մենք հաստատել ենք հարաբերությունների կարգավորման սկզբունքները»,-ասել է նա: Ըստ Օզուգերգինի, «Ճանապարհային քարտեզը» կհրապարակվի, երբ հարմար պահը գա: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Անկարան սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը խաղաղ ճանապարհով եւ կնպաստեն դրական զարգացումներին եւ քայլերին ԵԱՀԿ ՄԽ կողմից: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կվերականգնի կայունությունը տարածաշրջանում»,-ասել է Օզուգերգինը: Նա հավելել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների Կորֆու կղզում կայացած հանդիպման շրջանակներում կարող է հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, գրում է թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուսը»:

«Հայոց աշխարհ». Կրակի հետ խաղը Վրաստանին օգուտ չի բերի

Հայ-վրացական հարաբերություննի վերաբերյալ իր տեսակետն է ներկայացրել օրաթերթը։ Մեջբերենք հատվածներ։ Կրակի հետ խաղը Վրաստանին օգուտ չի բերի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն բողոքի ցույցերով դիմավորելու գործելակերպը մեզանում արդեն վերածվում է յուրահատուկ ավանդույթի։ Բայց ինչպե՞ս դիմավորեն հայաստանցիները հարևան երկրի ղեկավարին, որն անընդհատ ասում է մի բան, իսկ անում՝ հակառակը։ Հայ-վրացական հարաբերություններում կուտակված պրոբլեմների վերջը ոչ միայն չի երևում, այլև անընդհատ ստեղծվում են նորերը։ Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը աստիճանաբար վերածվում է «եղբայրական երեսպաշտության», որում շահող դուրս գալու համար Սահակաշվիլին անընդհատ մեծացնում է իր խոսքերի ու գործերի միջև խզվածությունը՝ մոռանալով, որ վաղ թե ուշ դրանց այլևս ոչ ոք չի հավատալու։ Մինչդեռ առաջիկայում իրենց շուտափույթ լուծումը չգտնելու պարագայում հայ-վրացական հարաբերություններում կուտակված և իրենց լուծումը պահանջող պրոբլեմները աստիճանաբար կարող են միահյուսվել ինչպես այդ երկրի ներքաղաքական զարգացումների, այնպես էլ, որն ավելի վտանգավոր է, ռուս-վրացական հարաբերություններում ստեղծվող նոր կացության հետ։ ... Կարծում ենք, որ հայ-վրացական երկխոսությունը արևելյան «բազարի» վերածելու վրացական կողմի ներկա մարտավարությունը ոչ միայն պատիվ չի բերում Մ. Սահակաշվիլուն, այլև խոսում է վերջինիս ներքաղաքական և տարածաշրջանային դիրքերի ու հեղինակության խարխլման մասին։ Իսկ դրանց վերականգնման համար Վրաստանի նախագահին անհրաժեշտ են որոշակի երաշխիքներ Հայաստանի, հնարավոր է՝ նաև նրա միջնորդությամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այդ ամենի դիմաց բատոնո Միխեիլը մեծահոգաբար կարող է իջեցնել իր իսկ ստեղծած պրոբլեմների կարգավորման «գինը»։