Wednesday, December 2, 2009

«ՄԻ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ ԲՆԱՋՆՋԵԼԻՍ ԽԼԵՑԻՆ ՆԱԵՎ ՆՐԱ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ»

Սա է, ըստ «Թարաֆի» հեղինակի, պատմության հետ առերեսման գլխավոր խոչընդոտը «ԱԶԳ», 02-12-2009- «Թարաֆ» թերթի նոյեմբերի 24-ի համարում Հուսեյին Քալքան ստորագրությամբ հրապարակվել է «Թոռները եւ փաստաթղթերը» հոդվածը, որտեղ հեղինակն անդրադառնում է այն հայ կանանց եւ աղջիկներին, որոնք Մեծ եղեռնի տարիներին հայտնվել են թուրք երեւելիների ընտանիքներում եւ բռնի մահմեդականացվել: Հարցն ինքնին բազմաբնույթ է, ինչը դժվարացնում է դրա ուսումնասիրությունը: Իսկ թուրքական ընտանիքներում հայտնվելու պատճառով մահմեդականացված հայ կանանց եւ աղջիկների ճակատագիրըՙ ավելի քան ողբերգական, այն առումով, որ ջարդարարները ցեղասպանության ենթարկելով մի ամբողջ ժողովրդի, նրանից ունեցվածքի հետ խլել են նաեւ կանանց ու աղջիկներին: Քալքանի հոդվածում հիշատակվում է առեւանգված հայուհու թոռ Ֆեթհիե Չեթինը, ինչպես նաեւ ներկայացվում են նրա մեծ մոր ճակատագրին արժանացած այդ կանանց եւ աղջիկների ողբերգությունն ամբողջ դաժանությամբ երեւան հանող փաստեր, թեկուզ առանձին: Ահա թե ինչ է գրել «Թարաֆ» թերթի հեղինակ Հուսեյին Քալքանը. «Ֆեթհիե Չեթինի «Մեծ մայրս» գիրքը դյուրընկալելի չէ, առավել եւս նրա Այշե Գյուլ Ալթընայի հետ հրապարակած «Թոռներ» գիրքը: Սա 25 առանձին պատմվածքներից կազմված տառապանքների ժողովածու է: Դեռեւս չգիտենք, թե որքան են այս կարգի պատմությունները: Հերոսներից ոմանք իսկապես անհայտ կորել են, ոմանք էլ որպես «մահմեդական»ՙ անհետացել են մեր մեջ: Ունեն երեխաներ, թոռներ, սակայն վերջիններս պարտադրված շարունակում են լռել: Մինչդեռ ինքնամաքրման համար մեզ անհրաժեշտ է իմանալ այս պատմություններն ու առերեսվել պատմության հետնաբեմի հետ: Հայերի ջարդերում կողոպուտի ենթարկվեց ոչ միայն այս ժողովրդի ունեցվածքը, այլեւՙ նրա երեխաները: Դա արվեց ոչ թե պատահականորեն կամ սահմանափակվեց մի քանի երեխաներով, այլ համակարգված ձեւով եւ ուղղորդվեց վերեւից: Հայ երեխաների համակարգված այս կողոպուտը հասկանալու համար բավական են նույնիսկ պետության հրապարակած հատուկենտ վավերագրերը: Հայկական հարցին առնչվող եւ հասարակությանը մատչելի բաց վավերագրերում ամենամեծ կապոցը հայ որբերին վերաբերողներն են կազմում: Տեղահանության եւ կոտորածի ողջ ընթացքն ուղղորդող Թալեաթ փաշան ուղղորդեց նաեւ երեխաների կողոպուտը: Մեր երկրում հայ երեխաների դաժան ճակատագրի առումով, ըստ ամենայնի, վճռորոշ եղավ Թալեաթ փաշայի 1915-ի հուլիսի 12-ին վարչական 16 կենտրոններ հղած հետեւյալ հեռագիրը. «Հայերի տեղահանման եւ փոխադրման ընթացքում ծնողներից զրկվող երեխաների խնամքն ու դաստիարակությունն ապահովելու նպատակով հրամայում եմ նրանց բաժանել այն գավառների եւ գյուղերի երեւելի եւ պատվարժան անձանց, որոնք բնակեցված չեն հայերով կամ օտարերկրացիներով» (վարչապետարանին առընթեր օսմանյան արխիվ, թիվ 54/41): Հեռագրի ոճից ակնհայտ է դառնում, որ Թալեաթ փաշան հայերի ունեցվածքի պես նրանց երեխաներին եւս դիտարկում է որպես առգրավման ենթակա օբյեկտ: Թեեւ այս հոդվածում ցեղասպանության հարց չենք քննարկում, սակայն նշեմ, որ ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիան միայն այս փաստն անգամ դիտարկում է որպես ցեղասպանության դրսեւորում: Կոնվենցիայի երկրորդ հոդվածի 5-րդ դրույթը (ցեղասպան արարքների թվում) մատնանշում է. «Տվյալ էթնիկ խմբի երեխաներին բռնի կերպով մեկ այլ խմբին հանձնելը»: 17 երեխա, բոլորն էլՙ աղջիկ Աշխարհամարտի ավարտին Պոլսո հայոց պատրիարքարանը ձեռնամուխ եղավ ճարել այս երեխաներին: Հայտնաբերված եւ պատրիարքարանի խնամքի տակ առնված երեխաների թվաքանակի մասին հստակ տեղեկություններ չկան: Սակայն 8-ը հունվարի, 1919 թվակիր փաստաթուղթը կարեւոր է երեխաների կողոպուտի սեռական ուղղվածությունը բացահայտելու առումով: Այս փաստաթուղթը ներառում է ներքին գործերի նախարարության արտգործնախարարություն հղած երկու պատասխան նամակն ու երկու լրացուցիչ ցանկ (վարչապետարանին առընթեր օսմանյան արխիվ, HR. MU, 43/2-17): Դիմումներին համապատասխան Մաքրի Քյոյում (ներկայումսՙ Բաքըրքոյՙ Ստամբուլի թաղամաս) բնակվող մահմեդական «երեւելիների եւ պատվարժան անձանց» տներում հայտնաբերվել է 17 երեխա: Հայտնաբերվածները բացառապես աղջիկներ են: Հատկանշական է, որ այս երեւելի մեծամասնությունը, որոնց տներում երեխա է հայտնաբերվել, պետական պաշտոնյա է, կամՙ զինվորական: Անատոլիայի տարբեր բնակավայրերից առեւանգված այս աղջիկների մեծ մասը հանձնվել է եկեղեցիներին կամ պատրիարքարան: Իսկ մյուս մասինՙ մահմեդական լինելու պատրվակով կամ փախուստի դիմելու պատճառաբանությամբ պատրիարքարան չեն հանձնում, այլ պահում են տներում, որտեղ նրանք հայտնվել էին: Հենց այս աղջիկներին է վերաբերում հավելվածի առաջին ցանկը: Վավերագրերում աղջիկներին առնչվող տվյալները ցուցակագրված են: «Ընտանիքում աղախնի կամ հոգեւոր զավակի կարգավիճակով աղջիկներ պահող անձանց» ցանկում նշված են Դիարբեքիրի փոխկուսակալ Հալիդ Բեյի, Մաքրի Քյոյի պարենի տեսուչ Նասուհի Բեյի, հեռագրատան պետի տեղակալ Ալի Ռիզա Բեյի, Էրզրումի հեռագրատան գլխավոր տնօրեն Իհսան Բեյի, Օմեր Ռուշթյու փաշայի, սուլթանական քրեական դատարանի անդամ Իհսան Բեյի, 510-րդ դիվիզիայի 7-րդ վաշտի հրամանատար Մեհմեդ Նուրիի, հացի մատակարարման պատասխանատու Աբդուլլահի, պաշտոնաթող կառավարիչ Իբրահիմ Բեյի նման պետական պաշտոնյաների եւ զինվորականների անունները: Բանդըրմացի Վերժինն ու գլխավոր խմբագիրը Վելիդ Էբուզիյան Իթթիհատ վե Թերաքիի առաջնակարգ դեմքերից էր: Համալսարանն ավարտել էր Ֆրանսիայում, վերադառնալով Ստամբուլ հրատարակել է «Թասվիր-ի Էֆքյար», ապա եւՙ «Թավհիդ-ի Էֆքյար» թերթերը: Այս «պատվարժան» անձնավորության տանը հայտնաբերվել էր Բանդըրմա քաղաքից բերված 18 տարեկան մի աղջիկ: Ահա թե Վելիդ Ղբուզիյայի մասին ինչ է գրված «Ընտանիքում աղախնի կամ հոգեւոր զավակի կարգավիճակով աղջիկներ պահող անձանց» ցուցակում. «Էբուլ Զիազադե Վելիդ Բեյը բնակվում է Մաքրի Քյոյում, ֆրանսիական դպրոցի հարեւանությամբ, արտոնատերն է «Թասվիր-ի Էֆքյար» թերթի»: Ինչ վերաբերում է աղջկան, ապա նրա մասին էլ «Աղջիկների անունները» ցանկում Վելիդ Էբուզիյայի տանը գտնվող աղջկա մասին գրված է. «Վերժին բանդըրմացի է, 18 տարեկան, 8 մեջիդիե (օսմանյան դրամական միավոր) աշխատավարձի դիմաց քաղաքում որպես սպասավորուհի աշխատելիս պահանջարկի հիման վրա 1932-ի դեկտեմբերին նրան հանձնել են ոստիկանության առաջին բաժին» (որտեղից էլ, իհարկե, Վելիդին): Կոտորածի սեռական ուղղվածությունը Հավելվածի երկրորդ ցանկում եւս 21 հայ երեխաների անուններ են, մեծամասնությունըՙ աղջիկ: Նույնպես հայկական եկեղեցիներին կամ պատրիարքարանին հանձնված այս աղջիկները եղել են զինվորականների ու պետական պաշտոնյաների ընտանիքներում: Նրանց բնակության նախկին վայրերի մասին տվյալները ցույց են տալիս, որ այս աղջիկներին «պատվարժան անձանց» համար բերել են Անատոլիայի տարբեր բնակավայրերից, նույնիսկ Հալեպից, հազիվ թե խնամքը հոգալու մղումով: «Թոռներ» գրքի հերոսներից Արիֆը երեւան է հանում իրենց տներում այս աղջիկներին ընդունելու բուն պատճառըՙ ասելով. «Մեծ մորս մի հոգեւորական էր վերցրելՙ պատսպարելու, թե՞ գեղեցկության համար, չգիտեմ: Ոմանք ասում ենՙ պատսպարելու համար: Սակայն տեսնում եմ, որ միմիայն գեղեցիկ աղջիկներին են վերցրել... »: Իսկ Դենիզն ավելացնում է. «Եթե ազատ կամքով լիներ, ապա մեծ մայրս կնախընտրեր ճանապարհին մեռնել, քան... »: Փաստաթղթերն ու այս կարգի պատմությունները ցույց են տալիս կոտորածների սեռական ուղղվածությունը: Մի ամբողջ ժողովրդի կոտորելիս, նրա կանանց եւ երեխաներին էլ խլել են: Թերեւս դա է պատճառը, որ հարցին եւ կատարվածի հետ առերեսվելու հանգամանքին այդքան հիվանդագին են մոտենում:

No comments: