Wednesday, December 2, 2009

Հայաստանը վերահաստատում է դիրքորոշումը, Ադրբեջանը` տեղի է տալիս

Panorama.am. 2-12-2009- Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, մասնավորապես` ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` Աթենքում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում ունեցած ելույթում: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, այդ գործընթացը նախաձեռնելու դրդապատճառների մասին խոսելուց հետո, ՀՀ արտգործնախարարը նշել է, որ նույն տեսլականով առաջնորդվելով` Հայաստանը շարունակում է ակտիվ բանակցել նաև ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծելու նպատակով: «Ընթացիկ տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վեց անգամ հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում, որը շարունակում է մնալ բանակցությունների ամուր ձևաչափ: Թեև բանակցող կողմերը Մադրիդյան փաստաթղթի քննարկումների առումով որոշակի առաջընթաց են գրանցել, այնուամենայնիվ տակավին առկա են հարցեր, որոնք լուծման կարիք ունեն: Հայաստանը պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորմանը` հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա, մասնավորապես` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների, որոնք երեկ արտացոլվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ: Մենք վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում հնարավորություն ստեղծելու համար կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են խոչընդոտել խաղաղ գործընթացը: Այդ թվում` հակամարտության ու ընթացող բանակցությունների էությունը խեղաթյուրել փորձող այն փորձերը, որոնք հնչեցին այստեղ` Ադրբեջանի նախարարի ելույթում»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը: Նկատենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ևս անդրադարձել է Ղարաբաղյան կարգավորման խնդրին` վստահեցնելով, թե պաշտոնական Բաքուն կառուցողական մոտեցում է որդեգրել և պատրաստ է «Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղին ինքնակառավարում շնորհել»: Այստեղ երկու դիտարկում կարելի է անել: Նախ` ադրբեջանցի նախարարն օգտագործել է «ինքնակառավարում» եզրը, անգլերեն` «self-governance», մինչդեռ ընդամենը մեկ օր առաջ, նույն Էլմար Մամեդյարովը մյուս պատվիարկների հետ համատեղ ստորագրել է մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված է «ինքնորոշում» եզրը, անգլերեն «Self-Determination» (հայտարարության անգլերեն բնօրինակին կարելի է ծանոթանալ ԵԱՀԿ պաշտոնական կայքում): Մյուս դիտարկումն այն է, որ Էլմար Մամեդյարովը` չնայած տարածքների, փախստականների ու պատմական հուշարձանների մասին շարունակ ներկայացվող քարոզչական պնդումներին, այս անգամ հրաժարվել է «տարածքային ամբողջականություն» կամ «սահմանների անխախտելիություն» եզրի կիրառումից: Ակնհայտ է, որ այս մասով նա այլևս հրաժարվում է իր նախկին տեսակետներից:

No comments: