Thursday, December 3, 2009

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«ԱԶԳ», 03-12-2009- Այդ մասին դեկտեմբերի 1-ի համարում գրել է «Հյուրիեթի» հեղինակ Սեֆա Քափլանը: Ահա թե ինչ. «Անունը Լեո Սուրեն է, Հալեպից... Հաջողությամբ հանձնեց Եվրոմիության գլխավոր քարտուղարության փորձագետի քննությունը: Եթե անցկացնի հարցազրույցները նույն հաջողությամբ, ապա կդառնա Թուրքիայի Հանրապետությունում պետական ծառայություն ստանձնող առաջին հայ քաղաքացին: Նա 1981-ին ծնվել է Ստամբուլում, հայկական վարժարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ռոբերտ քոլեջում, այնուհետեւ տեղափոխվել է Հալեպ, ապա վերադարձել եւ զբաղվել է ոսկերչությամբ: Մագիստրատուրան «Եվրոինտեգրման քաղաքական տնտեսությունը» թեմայով ավարտել է Լոնդոնի տնտեսական դպրոցում, որտեղ միաժամանակ եղել է Թուրք ուսանողների միության վարչության անդամ: Ակտիվ մասնակցել է այս դպրոցի համար աննախադեպ Հայ ուսանողների միության կազմավորման աշխատանքներին: Լեո Սուրենի համար շրջադարձային է եղել Լոնդոնում Հրանտ Դինքի հիշատակին Հայ եւ Թուրք ուսանողների միությունների համատեղ կազմակերպված միջոցառումը: Նա բացի թուրքերենից, տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի եւ արեւմտահայերենի: Ինչ վերաբերում է հարցազրույցներին, որոնք կկանխորոշեն Լեո Սուրենի ԵՄ-ի գլխավոր քարտուղարությունում որպես փորձագետ աշխատելու հարցը, ապա դրանք կսկսվեն դեկտեմբերի 7-ին: Ինչպես նշեց «Բիլգի» համալսարանի դասախոս Այհան Աքթարը, 1926-ի «Պետական ծառայության մասին» օրենքը պահանջում էր, որ ծառայողը պարտադիր թուրք լինի: Թեեւ, նրա վկայությամբ, 1965-ին այս օրենքը փոխվեց, թուրք լինելու նախապայմանը պետական ծառայողի համար փոխարինվեց Թուրքիայի քաղաքացի լինելու նախապայմանով, սակայն փոքրամասնությունների զգալի մասը հեռացել էին երկրից, իսկ մնացածներն էլ չէին համարձակվում պետական ծառայության անցնելու դիմում ներկայացնել: Սուրենի օրինակը նշանակում է ոչ մահմեդականների առջեւ պետական ծառայության գլխավոր խոչընդոտի վերացումը Թուրքիայում: Սակայն որոշ ժամանակ Հալեպում բնակվելու պատճառով Ազգային հետախուզական կազմակերպությունըՙ MIT-ին պետք է հավանություն տա Լեո Սուրենին, որպեսզի նա դառնա ԵՄ-ի փորձագետ»:

No comments: