Thursday, December 3, 2009

«ԼՂ խնդիրը վերջնական փուլում է»

A1+. 2-12-2009- Աթենքում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը համարում է կարեւոր փաստաթուղթ: «Վերջին անգամ նման ձեւաչափով հանդիպում տեղի է ունեցել 2007թ.Մադրիդում, երբ երեք միջնորդ երկրների ԱԳՆ ներկայացուցիչները ներկայացրեցին այն փաստաթուղթը, որն այսօր կոչվում է Մադրիդյան: Սա երկրորդ անգամն է, որ նման ձեւաչափով հանդիպում է տեղի ունենում: Սա հզոր ուղերձ է միջազգային հանրությանը եւ հակամարտող կողմերին, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը մոտ եւ միջնորդ երկրները պատրաստ են աջակցություն ցուցաբերել խնդրի վերջնական կարգավորման համար»,- այսօր «Ա1+»-ին ասաց Վլադիմիր Կարապետյանը: Միջնորդ երկրների աջակցությունը, ըստ Կարապետյանի, կարող է երկու ձեւով լինել. «Բանակցային գործընթացում շատ նուրբ է հարցերի շրջանակը եւ կողմերին հեշտ չէ գնալ զիջումների: Աջակցությունը կարող է լինել թե քաղաքական, թե տնտեսական»: Իսկ միջնորդների աջակցության խոստումի տակ կարո՞ղ են ճնշումներ լինել' «Ա1+»-ի հարցին' Կարապետյանը պատասխանեց. «Եթե կողմերն ավելի համառ լինեն, քան սպասվում է, ապա չեմ բացառում, որ որոշակի ճնշման միջոցներ կիրառեն, սակայն յուրաքանչյուր կողմ կարող է դիմագրավել այդ ճնշումներին: Այնպես որ, չի կարելի ասել, որ այդ ճնշումները վճռական են եւ վերջնական:Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ բանակցությունները վերջնական փուլում են: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը իր ուշադրությունը կկրկնապատկի այս գործընթացի վրա»: Վլադիմիր Կարապետյանը դժվարացավ ասել, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի «վերջնական փուլում» երբ փաստաթուղթ կստորագրվի, եւ նշեց. «Մենք մտավախություն ունենք, որ փոխզիջումներն ադեկվատ եւ բալանսավորված չեն լինի հայկական կողմի համար: Միաժամանակ, ես ուզում եմ հույս հայտնել, որ ՀՀ իշխանությունները չեն գնա այնպիսի քայլերի, որոնք դեմ կլինեն ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի շահերին»: Անդրադառնալով Աթենքում Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, թե հրապարակված հայտարարությունում տեղ են գտել հայկական կողմի համար կարեւոր 3 սկզբունքներ' Վլադիմիր Կարապետյանը նկատեց. «Առաջին անգամ չէ, որ հիշատակվում է այդ երեք սկզբունքների մասին: Ես չեմ կարծում, որ մեր շահերից չի բխում ամեն անգամ խոսելով հակամարտության կարգավորման մասին' խոսել սկզբունքներից մեկի' տարածքային ամբողջականության մասին: Կարծում եմ' պետք է խոսել այն մասին, որ ԼՂ-ն պարտադիր պետք է մասնակցի բանակցություններին եւ լինի լիարժեք կողմ եւ իր վճռական խոսքն ասի»:

No comments: