Wednesday, December 2, 2009

ՏԱՐԱԾՔՆԵՐԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՒԼՈ՞ՒՄ

«Լրագիր» 2-12-2009- Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը Հանրապետական կուսակցության իր ազգանվանակից Գագիկի հետ Հայելի ակումբում դեկտեմբերի 2-ին կայացած բանավեճի ընթացքում խոսելով Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից, հայտարարել է, որ այդ գործընթացը Հայաստանի համար շահավետ չէ եւ դրա տրամաբանությունն ընդունելով, անխուսափելի է դառնալու Հայաստանին ագրեսոր ճանաչելը: Արման Մելիքյանը նշել է, որ Ադրբեջանը ներկայիս գործընթացի տրամաբանության պարագայում հնարավորություն է ստանում Հայաստանին ներկայացնել իր պահանջները: Հանրապետական Գագիկ Մելիքյանը բնականաբար համաձայն չի եղել այդ դիտարկմանը, ասելով, թե Աթենքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը վկայեց, որ բանակցային պրոցեսում կա առաջընթաց, եւ մեզ համար կարեւոր առաջընթաց է այն, որ Ադրբեջանն ընդունում է Ղարաբաղի ինքնորոշման փաստը: Ինչ վերաբերում է ագրեսոր համարվելուն, ապա Գագիկ Մելիքյանն ասում է, որ այդպես միայն Ադրբեջանն է համարում, իսկ որեւէ այլ տերություն կամ միջազգային կազմակերպություն Հայաստանին ագրեսոր չի համարում: Երբ լրագրողները փորձել են Գագիկ Մելիքյանից կոնկրետ հավաստիանալ, թե արդյոք նա կարող է ասել Մադրիդի սկզբունքների համաձայն տարածքների վերադարձի վերաբերյալ Հայաստանի իշխանության հստակ մոտեցումը, եւ կարող է արդյոք հստակ ասել, որ Հայաստանի իշխանությունը կտա, թե չի տա տարածքը վերադարձնելու համաձայնություն, Գագիկ Մելիքյանը կրկնել է Սերժ Սարգսյանի խոսքը, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Լրագրողները հիշեցրել են, որ խոսքը հարակից տարածքների մասին է: Գագիկ Մելիքյանը նշել է, թե դրանք հանձնել-չհանձնելու համաձայնություն չի կարող լինել, քանի որ այդ հարցերը քննարկման փուլում են: Նա նույնիսկ հայտարարել է, որ մադրիդյան սկզբունքներում ընդհանրապես տարածքների վերադարձի դրույթ չկա: Գագիկ Մելիքյանը նշել է, որ մադրիդյան սկզբունքները ուժի չկիրառումն է, տարածքների ամբողջականության եւ ինքնորոշման հիման վրա հակամարտության կարգավորումը: Մելիքյանը նաեւ հայտարարել է, որ մադրիդյան սկզբունքները գուցե մինչեւ տարեվերջ ներկայացվեն վերջնական հաստատման: Հարգարժան Հանրապետականը թերեւս մադրիդյան սկզբունքներ է համարում Հելսինկյան համաձայնության հայտնի դրույթները, որոնք Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունք են ոչ թե մադրիդյան փաստաթղթի, այլ պարզապես միջնորդ համանախագահների եւ կողմերի արտահայտած կամքի համաձայն: Մադրիդյան փաստաթուղթը, որ գաղտնազերծվեց ամիսներ առաջ, պարունակում է վեց դրույթ, որոնցից առաջինը հենց տարածքների վերադարձի մասին է: Բայց Գագիկ Մելիքյանը համառորեն շարունակում էր պնդել, որ մադրիդյան սկզբունքներում այդպիսի դրույթ չկա: Թերեւս պարզ է, որ նա այդպես էլ պնդելու էր, որովհետեւ հակառակ դեպքում ստիպված էր լինելու ասել, թե Հայաստանն ինչ մոտեցում ունի այդ դրույթի հանդեպ: Մինչդեռ Գագիկ Մելիքյանն ինչ իմանա: Իսկ Արման Մելիքյանը նշել է, որ խնդիրը կրկին հանգում է բանակցության տրամաբանությանը, շրջանակին, որը պարտադրված է եւ Հայաստանի համար որեւէ ելք չի թողնում ու զիջումը, փոխզիջման անվան տակ, դարձնում է անխուսափելի: Արման Մելիքյանի խոսքով, պետք է փոխվի այդ տրամաբանությունը, ինչը խնդիր է ոչ միայն Հայաստանի ներկայիս, այլ նաեւ խնդիր է եղել նախորդ երկու իշխանությունների համար:

No comments: