Wednesday, December 2, 2009

ԵԱՀԿ–ում Մամեդյարովը խոսել է դրական դինամիկայի մասին

Tert.am. 2-12-2009- Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի շրջանակներում, անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս անկայունության գլխավոր աղբյուր ու մեծ խոչընդոտ է Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման և եվրոպական ու եվրաատլանտյան համակարգերին ինտեգրվելու ճանապարհին», –հաղորդում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը։ «Որպես այդ հակամարտության արդյունք՝ Ադրբեջանի տարածքի գրեթե 20%-ը դեռևս գրավված է Հայաստանի կողմից, մոտավորապես 1 մլն ադրբեջանցիներ ենթարկվել են էթնիկ զտման, տեղահանվել են և դարձել փախստականներ։ Գրավյալ տարածքներում հազարավոր ադրբեջանական պատմամշակութային ժառանգության կոթողներ ավերվել և կողոպտվել են»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Բացի այդ, ինչպես նշել է Էլմար Մամեդյարովը, «այս տարին հատկանշական էր երկու երկրների նախագահների հանդիպումների հաճախականության, ինչպես նաև ամենակարևոր, բայց և չլուծված հարցերի մանրազնին և խորը քննարկումների առումով»։ «Պետք է ընդունեմ, որ վերջին բանակցություններում նկատելի էր դրական դինամիկա. երկու կողմերն էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, համաձայնել են ակտիվացնել բանակցությունները։ Ադրբեջանը պահպանում է կառուցողական դիրքորոշում և կողմ է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի շրջանի հայկական և ադրբեջանական համայնքների խաղաղ համագոյակցությանը»,- հայտարարել է Մամեդյարովը՝ ընդգծելով, որ «սա հիմք կհանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման համար»։ «Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունն Ադրբեջանի կազմում արդարացի և հուսալի որոշում կլինի, ինչը կարող էապես թուլացնել ճնշումներն ու մարտահրավերները՝ հանուն տարածաշրջանի խաղաղության և կայունության»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։ Իր ելույթի վերջում Էլմար Մամեդյարովը ընդգծել է, որ Ադրբեջանում մեծապես հավատացած են, թե «հայկական զորամիավորումների դուրսբերումն Ադրբեջանի գրավյալ տարածքներից հստակ սահմանված ժամկետներում մեծ հեռանկար կստեղծի տարածաշրջանի համար՝ ապահովելով կանխատեսելիության, զարգացման և օգուտների բոլորովին այլ հնարավորություն յուրաքանչյուրի և ողջ տարածաշրջանի համար։ Սա է խնդրի բուն էությունը»։

No comments: