Wednesday, December 2, 2009

Թուրքիայի պետնախարարը Շվեցարիային քննադատել է՝ նշելով հայկական, հրեական, հունական համայնքների հետ թուրքերի խաղաղ գոյակցությունը

News.am. 2-12-2009- Թուրքիայի պետնախարարը կոչ է անում աշխարհի մահմեդականներին, որ իրենց գումարները Շվեցարիայից հանեն եւ բերեն Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman-ը։ Թուրքիայի պետնախարար եւ Եվրամիության անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը մյուս թուրք պաշտոնյանների պես կոշտ արձագանքեց Շվեցարիայի կողմից նոր մինարեների կառուցման արգելքին։ Բաղըշը խորհուրդ է տվել Շվեցարիայում գումարներ ունեցող մահմեդականներին՝ տեղափոխել իրենց գումարները Թուրքիա։ «Թուրքական բանկերի դռները նրանց առջեւ բաց են»,-ասել է թուրք պետնախարարը։ Բաղըշը օրինակ է բերել Թուրքիային, նշելով, որ չնայած Թուրքիայի բնակչության մեծամասնությունը մահմեդական է, սակայն դարերով իրար հետ հաշտ գոյատեւում են հայկական, հրեական, հունական հոգեւոր օջախները։ NEWS.am-ը հիշեցնում է, որ Էգեմեն Բաղըշը այս տարվա հուլիսին այցելելով Վանի Ախթամար կղզի եւ Սուրբ Խաչ եկեղեցի՝ հայտարարել էր, թե անհրաժեշտ է, որ Սուրբ Խաչը բացվի կրոնական արարողությունների համար եւ տեղադրվի գմբեթի խաչը։ Նա առանց խաչ եկեղեցին նմանեցրել էր առանց մահիկի մզկիթի։ Սակայն մինչ այժմ այդ հարցում որեւէ գործնական տեղաշարժ չկա։ Թուրքիայի խորհրդարանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է հետեւյալը. «Իսլամի ֆոբիան հակասեմիզմի պես մի բան է դառնում: Եվրոպայում գնալով ավելանում է ռասիզմը եւ ֆաշիստական վերաբերմունքը: Մինարեների կառուցման արգելումը մարդկության դեմ իրականացված հանցագործություն է»,-ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն էլ Հորդանան մեկնելուց առաջ, օդանավակայանում լրագրողներին ասել էր, որ մինարեների արգելումը Շվեցարիայի ամոթն է, եւ նշել է, որ դա ցույց է տալիս, թե ինչքան է եվրոպական հասարակության մեջ աճել իսլամի դեմ թշնամանքը: Նշենք, որ 5 տոկոս մահմեդական բնակչություն ունեցող Շվեյցարիան կատարել է հանրաքվե` կապված մինարեների կառուցման թույլտվության հետ, եւ 57տոկոսը ոչ է ասել:

No comments: