Friday, June 25, 2010

ԻՆՉՈՒ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆ

«Լրագիր» 25-6-2010- Հունիսի 18-ին տեղի ունեցած սահմանային հայտնի միջադեպից մոտ մեկ շաբաթ անց Սերժ Սարգսյանն այցելեց Ղարաբաղ ու այնտեղ նաեւ հանդիպեց վիրավոր զինվորների հետ: Մինչ այդ նա հասցրեց ավարտել իր կիսամշակութային այցը Սանկտ-Պետերբուրգ, ավարտեց իր այցը Գերմանիա, բացեց Ջերմուկում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարը, տեղեկացավ, թե ինչ վիճակում է Ջերմուկի զբոսաշրջային ապագան: Փաստորեն, այդ ամենն ավելի կարեւոր էր դասվել, քան Ղարաբաղը, այնտեղ տեղի ունեցածը, քան հայկական բանակի զոհված եւ վիրավոր զինվորները: Ընդհանրապես, Սերժ Սարգսյանն այդպիսի դեպքերի համար կարծես թե ունի բավական հետաքրքիր մարտավարություն: Օրինակ, վրաց-ռուսական պատերազմի ընթացքում Հայաստանը հայտնվում է շրջափակման մեջ, ապրանքային եւ վառելիքային ճգնաժամ է սկսում, իսկ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ Պեկինում եւ հետեւել ամառային օլիմպիական խաղերին: Ի՞նչ մարտավարություն կամ քաղաքական պահվածք է դա` անտարբերություն, անուշադրություն, թե պարզապես ցուցադրական սառնասրտություն, անդրդվելիություն, ինքնավստահության դրսեւորման փորձ: Միգուցե Սերժ Սարգսյանն այդպիսով փորձում է երկրի քաղաքացիներին զերծ պահել խուճապից: Բայց ընդհանուր առմամբ, երկրի քաղաքացիների շրջանում դա թերեւս ընկալվում է որպես անհամարժեքություն: Օրինակ, քաղաքացին չի կարողանում հասկանալ, որ երբ երկիրը հայտնվում է ապրանքային ճգնաժամի շեմին, ինչպես է երկրի նախագահը հանգիստ օլիմպիադա նայում: Կամ, երկրի քաղաքացին չի կարողանում հասկանալ, որ եթե հարձակում է եղել երկրի զինուժի վրա եւ զոհվել է հինգ զինվոր ու մի քանիսը վիրավորվել, ինչպես է երկրի նախագահը Սանկտ-Պետերբուրգում հայկական համայնքի ձեւավորման 300-ամյակ նշում: Ի դեպ, երկրի քաղաքացին նույն կերպ էլ չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է երկրի նախագահը “քահ-քահ ծիծաղում”, երբ ասենք Թուրքիայի հավաքականը գոլ է խփում Հայաստանի հավաքականի դարպասը: Թեեւ երեւի Հայաստանի քաղաքացիների մտածողությունն է շատ նեղ Սերժ Սարգսյանի աշխարհայացքի եւ աշխարհընկալման համեմատ: Միգուցե քաղաքացիները եսասիրաբար պահանջում են, որ նախագահն ամեն րոպե իրենց կողքին լինի, հատկապես վտանգի պահերին: Մինչդեռ չեն գիտակցում, որ դա հնարավոր չէ, որ նախագահը միշտ չէ, որ քաղաքացիների կողքին լինելով կարող է օգտակար լինել նրանց համար: Շատ դեպքերում քաղաքացիների համար ավելի լավ կլինի, եթե նախագահը հեռու լինի իրենցից: Օրինակ, այդ մարտավարությունը շատ է կիրառվում պատերազմական իրավիճակներում, երբ հրամանատարը հարվածն իր վրա վերցնելով հեռանում է զորքից, շեղում է հակառակորդին եւ այդպիսով զինվորներին հնարավորություն է տալիս ասենք դուրս գալ շրջափակումից եւ փրկվել: Ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքացիների տակտիկական պատրաստվածությունը թույլ է, եւ դրանից էլ նրանք հաճախ չեն կարողանում համարժեք ընկալել երկրի ղեկավարի գործողություններն ու դրանք են թյուրիմացաբար համարում իրավիճակին ոչ համարժեք: Եվ քանի որ այժմ ակտուալ է կրթական համակարգի թեման, միգուցե արժե այդ բացը լրացնելու համար մտածել հանրակրթական դպրոցներում ինչ որ կրթական ծրագիր ներդնելու մասին: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: