Saturday, June 12, 2010

ՄԵՆՔ ԷԼ ԲԱՔՎՈՒՄ ԿՍԿՍԵՆՔ

Ադրբեջանի խորհրդարանը վերջերս ընդունել էր իր երկրի ռազմավարական դոկտրինը, որտեղ անդրադարձ կար նաեւ ՀՀ-ին ու ԼՂ հիմնախնդրին: Ադրբեջանի ռազմավարական դոկտրինի վերաբերյալ զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի հետ: -Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ռազմավարական դոկտրինը, որտեղ նշված է, թե “Ադրբեջանը իրավունք ունի օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, ներառյալ ռազմական ուժը, ազատելու համար զավթված տարածքները ու վերականգնելու երկրի տարածքային ամբողջականությունը”: -Կարծում եմ, որ Հայաստանի հասցեին հնչած արտահայտությունները, որ տեղ են գտել այդ ռազմավարական դոկտրինում, նորություն չէ մեզ համար: Եվ նման արտահայտություններ ոչ միայն Ադրբեջանում, այլ նաեւ ադրբեջանցիների կողմից միջազգային տարբեր կառույցներում բազմիցս են հնչել: Միջազգային հանրության կողմից համարժեք գնահատական չստանալով, կամաց-կամաց այդ արտահայտությունները սկսել են թուլանալ ու հիմա արվում են միայն ներքին սպառման համար: Այնպես որ, ես դրան այնքան էլ էական տեղ չեմ տալիս ու չեմ կարծում, որ սա Ադրբեջանի ժողովրդի մեջ կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ: Ես բացարձակապես հեռու եմ այն մտքից, որ Ադրբեջանի ժողովուրդը ռազմատենչ է, կամ պատերազմի ցանկություններ ունի, ապրում է նման մղումներով, փորձում ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի դեմ: Իմ կարծիքով, այստեղ ժողովրդի կարծիքը հաշվի չի առնվել, այլ միայն ներքին սպառման համար արտահայտություններով փորձում են բորբոքել ընդհանուր իրավիճակը Հայաստանի դեմ: -Այնուամենայնիվ, նշված է ռազմական ուժի կիրառման հավանականության մասին: -Ես չեմ կարծում, որ եթե նման փաստաթուղթ ընդունված չլիներ, ապա Ադրբեջանը կխուսափեր ռազմական քայլերից: Այսինքն` այդ փաստաթուղթը բացարձակապես ոչ մի նշանակություն չունի ոչ մեզ, ոչ` իրենց համար: Այդ փաստաթուղթը չէ, որ նրանց իրավունք է վերապահելու ռազմական ուժ օգտագործել կամ չօգտագործել: Մենք այնքան միամիտ չենք եղել, որ մտածեինք` առանց այս փաստաթուղթն ընդունելու, Ադրբեջանն իրեն իրավունք չէր վերապահի ռազմական գործողությունների գնալ: 90-ականներին էլ Ադրբեջանն այս փաստաթուղթը չուներ եւ փորձեց ռազմական ուժի օգտագործմամբ ճնշել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը` դրանով ագրեսիա իրականացնելով Ղարաբաղի ժողովրդի դեմ: Իսկ եթե Ադրբեջանը հանկարծ փորձի մեզ հետ ռազմական ուժով խոսել, ապա արդյունքը կլինի այն, որ մենք էլ Բաքվում կսկսենք ազատագրական գործողություններ իրականացնել: -Այսինքն` այս փաստաթղթի ընդունումից հետո պատերազմի վտանգը ռեալ չե՞ք համարում: -Ոչ այս փաստաթուղթն ընդունելուց առաջ, ոչ էլ դրանից հետո ես պատերազմի վտանգը ռեալ չեմ համարում: Բայց պատերազմի վտանգը միշտ էլ եղել է` եւ սրանից առաջ, եւ սրանից հետո: Մենք միշտ հայտարարել ենք, որ պատերազմ չենք ուզում, պատերազմի չենք գնում, բայց ցանկացած ռազմական գործողություն համարժեք պատասխան է մեր կողմից ստանալու: Իրենք եթե համոզված չլինեին, որ համարժեք պատասխան չեն ստանա, ռազմական գործողություններ իրականացրած կլինեին դեռ շատ վաղուց: Համոզված եմ, որ չեն կարող մեզ հետ պատերազմական գործողություններով, ռազմական ուժ օգտագործելով խոսեն: -ՀՀ իշխանությունները սրանից հետո ավելի զգուշավոր կամ զգա՞ստ լինելու են, թե ոչ: -ՀՀ իշխանություններն այս հարցերում միշտ էլ եղել են զգույշ, հավասարակշռված բանակցային գործընթաց են իրականացրել ԼՂ հարցում, եւ զգուշավորությունը միշտ էլ դրսեւորվել է: Բայց մեր գործողությունները այս դոկտրինի հետ կապված չի եղել: Այդ դոկտրինը պարզապես ներքին օգտագործման մասին է: -Ադրբեջանի ռազմական դոկտրինը Ադրբեջանի դեմ ուղղված գործողություն է գնահատում “Հայաստանին կամ ադրբեջանական տարածքներում Հայաստանի կողմից ստեղծված անջատողական ռեժիմին ցուցաբերվող քաղաքական, ռազմական, տնտեսական եւ ցանկացած այլ օժանդակություն, որ նպատակ կունենա պաշտոնապես ճանաչել օկուպացիայի արդյուքները”: -Անջատողական ռեժիմի մասին այս արտահայտությունն ինձ հիշեցրեց Ղարաբաղյան շարժման ժամանակ Գորբաչովի խոսքերը: Ինքն էլ էր անջատողական ռեժիմի մասին խոսում: Եվ ադրբեջանցիները հիմա Գորբաչովի խոսքերն են վերարտադրում: Իսկ Գերագույն խորհրդի ամբիոնից ԳԽ պատգամավոր Հենրիկ Իգիթյանը Գորբաչովին բավական դիպուկ պատասխանեց. “Բոզին բոզություն է հասնում”: -Խոսք կա նաեւ Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ռազմակայան տեղակայելու մասին: Ձեր կարծիքով, Ադրբեջանը ո՞ր երկրին թույլ կտա ռազմաբազաներ տեղակայել, արդյո՞ք Թուրքիան կլինի նրանց թվում: -Թուրքիան նման նպատակներ ունի եւ հատկապես Նախիջեւանի տարածքում ռազմաբազաներ տեղադրելու առումով որոշ տեղերում, որոշ միջազգային կառույցներում նմանատիպ թաքնված հայտարարություններ արել է: Բայց կարծում եմ, որ ՌԴ-ի կողմից համարժեք պատասխան ինքը ստացել է: Ես չեմ բացառում Թուրքիայի ցանկությունը, բայց բացառում եմ ռազմակայանների տեղակայումը: Դա տարածաշրջանի համար կլինի վտանգավոր եւ դուր չի գա ոչ Հայաստանին, ոչ ՌԴ-ին: Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

No comments: