Saturday, June 12, 2010

Աշխարհի առաջնություններ. թվեր և փաստեր

Tert.am. 11-6-2010- Ֆուտբոլի աշխարհի նախորդ 18 առաջնություններում անցկացված 708 խաղում խփվել է 2063 գոլ (միջինը՝ 2,91 գնդակ): Անդրանիկ գոլի հեղինակ է դարձել ֆրանսիացի Լյուսյեն Լորանը՝ 1930թ. գրավելով Մեքսիկայի հավաքականի դարպասը: Առայժմ վերջին գոլի հեղինակն աշխարհի չեմպիոն, իտալացի Մարկո Մատերացին է, որը 2006թ. հուլիսի 9-ին Բեռլինում կայացած եզրափակիչ խաղում գրավել է Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ֆաբիեն Բարտեզի պաշտպանած դարպասը: Ամենաբարձր արդյունավետությամբ աչքի է ընկել 1954թ. Շվեյցարիայում կայացած աշխարհի 5-րդ առաջնությունը (140 գոլ 26 խաղում, միջինը՝ 5,38 գոլ): Ամենացածր արդյունավետությունը գրանցվել է 1990թ. Իտալիայում կայացած աշխարհի 14-րդ առաջնությունում (115 գոլ 52 խաղում, միջինը՝ 2,21 գոլ): Առավելագույն քանակի գոլեր (171՝ 64 խաղում) գրանցվել է 1998թ. Ֆրանսիայում անցկացված մրցաշարում: Աշխարհի առաջնությունների մասնակից 77 երկրների հավաքականներից միայն 7-ին է հաջողվել նվաճել Աշխարհի գավաթը: 5 անգամ ուժեղագույնն են ճանաչվել բրազիլացիները (1958, 1962,1970, 1994, 2002թթ.), 4 անգամ՝ իտալացիները (1934, 1938, 1982, 2006թթ.), 3 անգամ՝ գերմանացիները (1954, 1974, 1990թթ.): 2-ական անգամ աշխարհի չեմպիոն են հռչակվել Ուրուգվայի (1930, 1950թթ.) և Արգենտինայի (1978, 1986թթ.) հավաքականները, մեկական անգամ էլ հաղթանակի բերկրանքը վայելել են անգլիացիներն (1966թ.) ու ֆրանսիացիները (1998թ.): Նախորդ 18 առաջնությունների մրցավայր են դարձել 15 երկրներ, ընդ որում 2002թ. առաջին անգամ մրցաշարն անցկացվել է երկու երկրում՝ Ճապոնիայում և Հարավային Կորեայում: Իտալիան, Մեքսիկան, Ֆրանսիան և Գերմանիան 2-ական անգամ են հյուրընկալել առաջնության մասնակիցներին: 10 անգամ առաջնությունն անցկացվել է Եվրոպայում, 7 անգամ՝ ամերիկյան մայրցամաքում, մեկ անգամ էլ՝ Ասիայում: Առայժմ միայն բրազիլացիներին է հաջողվել «օտար» մայրցամաքում չեմպիոն հռչակվել, այն էլ 2 անգամ (1958թ.՝ Շվեդիայում, 2002թ.՝ Ճապոնիայում և Հարավային Կորեայում): 6 անգամ ուժեղագույնն է ճանաչվել առաջնության կազմակերպիչ երկրի հավաքականը՝ Ուրուգվայը (1930թ.), Իտալիան (1934թ.), Անգլիան (1966թ.), ԳՖՀ-ն (1974թ.), Արգենտինան (1978թ.) և Ֆրանսիան (1998թ.): Վերջինս 2-րդ փորձից դարձավ աշխարհի չեմպիոն: Մինչ այդ 1938թ. Ֆրանսիայում անցկացված առաջնությունում դաշտի տերերը մնացել էին առանց մեդալների: Շվեյցարիայի (1954թ.), Մեքսիկայի (1970, 1986թթ.), Իսպանիայի (1982թ.) և ԱՄՆ-ի (1994թ. հավաքականներին էլ «հարազատ պատերը» չօգնեցին մրցանակակիր դառնալ: Միայն պորտուգալացիներին (1966թ.) և խորվաթներին (1998թ.) է հաջողվել աշխարհի առաջնություններում նորամուտը նշել մրցանակային տեղով՝ դառնալով 3-րդ մրցանակակիր: Ֆրանսիայի հավաքականը միակ աշխարհի գործող չեմպիոնն էր, որ հաջորդ առաջնությունում (2002թ.) հաղթանակ չտոնեց ու գոլ չխփեց՝ պայքարից դուրս մնալով խմբային մրցաշարում: Բրազիլիայի հավաքականը միակն է, որ մասնակցել է նախորդ 18 առաջնություններին: 5 անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի տիտղոսին՝ բրազիլացիներն այդ առաջնություններում անցկացրած 32 հանդիպումներում պարտություն չեն կրել, ընդ որում 1970 և 2002թթ. հաղթել են բոլոր խաղերում: Աշխարհի առաջնություններում բրազիլացիներն անցկացրել են բոլորից շատ խաղ (92), տոնել են առավելագույն քանակի հաղթանակներ (64), առավել հաճախ (23 անգամ) հաղթել են խոշոր հաշվով, խփել են բոլորից շատ գոլեր (201): Առավել հաճախ՝ 7-ական անգամ առաջնության եզրափակիչում հանդես են եկել Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները՝ հաջողության հասնելով համապատասխանաբար 5 և 3 անգամ: Ընդ որում միայն 2002թ. է կայացել այս հավաքականների անդրանիկ հանդիպումն աշխարհի առաջնություններում, այն էլ՝ եզրափակիչում: 1982-1990թթ. Գերմանիայի հավաքականը 3 անգամ անընդմեջ մասնակցել է եզրափակիչ խաղին՝ չեմպիոնի տիտղոսը նվաճելով մեկ անգամ (1990թ.): Իսկ ահա բրազիլացիները 1994-2002թթ. երեք եզրափակիչներից 2-ում հաղթել են: Այս մասին հայտւմ է armsport.am-ը։

No comments: