Thursday, June 10, 2010

Աշոտ Ղուլյանը վերստին գլխավորում է ԼՂՀ խորհրդարանը

7or.am.10-6-2010- Հունիսի 10-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, որի ժամանակ ընտրվել է ԼՂՀ օրենսդիր մարմնի նախագահը: Գաղտնի քվեարկությամբ 29 կողմ, 3 դեմ ձայներով(մեկ ընտրաթերթիկ անվավեր է ճանաչվել) ԱԺ նախագահ է ընտրվել Աշոտ Ղուլյանը, ով ղեկավարել է նաև 4-րդ գումարման խորհրդարանը: «Ազատ հայրենիք» կուսակցությունը ներկայացնող Արթուր Թովմասյանը ընտրվել է խորհրդարանի փոխխոսնակ: Նիստին ներկա է եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և հանդես է եկել ողջույնի խոսքով: «Մայիսի 23-ին արցախցիները հերթական անգամ ցուցաբերեցին բարձր կարգապահություն ու քաղաքացիական կեցվածք և իրենց ձայնը տվեցին հանուն Արցախի հզոր ու բարգավաճ ապագայի: Այդ ապագայի կերտման գործում մեծ է Ազգային ժողովի պատգամավորների դերը: Ժողովուրդը ձեզ է տվել իր վստահության քվեն, և դուք պարտավոր եք լիովին արդարացնել այն: Խորհրդարանի գործունեության առանցքային ուղղություններից են հանրապետության օրենսդրական դաշտի կատարելագործումը, իշխանության մյուս թևերի հետ համագործակցության խորացումը, ժողովրդավարական սկզբունքների ամրապնդումը, քաղաքակիրթ աշխարհին արժանիորեն ներկայանալու և միջազգային հանրությանն ինտեգրվելու խնդիրների իրականացումը: Եվ այդ աշխատանքի հիմքում առաջին հերթին պետք է լինեն Արցախի պետական շահերը՝ Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան: Թանկագին բարեկամնե՛ր, Արցախի ժողովուրդը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ի վիճակի է ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, կառուցել ազատ, անկախ ու ժողովրդավարական երկիր, և որ այդ ուղին անշրջելի է մեր հանրապետության համար»,- մասնավորապես նշել է Բ. Սահակյանը:

No comments: