Thursday, June 10, 2010

Ինչո՞ւ է Անթալիայում ու Բաթումում հանգստանալն ավելի էժան, քան Հայաստանում

Tert.am. 10-6-2010- Հայաստանի տարածքում հանգստանալ ցանկացող հայերն ավելի թանկ են վճարում, քան Հայաստանից Անթալիա կամ Բաթումի մեկնողները։ «Ինչո՞ւ են Հայաստանի սահմաններում հանգստի գոտիների ծառայություններն այդքան թանկ» հարցին First Travel գործակալության տնօրեն Կարեն Անդրեասյանն այսօր խորհուրդ տվեց հարցն ուղղել շուկայում մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերություններին։ «Տուրօպերատորն ինքն է կազմում փաթեթը և տալիս տուրագենտներին, որպեսզի վաճառեն։ Շուկայում գոյություն ունեն մի քանի ընկերություններ, որոնք հանդիսանում են տուրօպերատոր։ Իրենք մեզ տալիս են փաթեթ, որից մենք կարող ենք ունենալ 10 տոկոս և վերջ։ Թե այդ 10 տոկոսից մենք ձեզ ինչքան զեղչ կտանք, դա տուրգործակալության խնդիրն է»,- պարզաբանեց Անդրեասյանը։ Ըստ նրա՝ ոչ միայն Հայաստանի տարածքում են գները բարձր։ Օրինակ՝ Հայաստանից Անթալիա հանգստի մեկնելու փաթեթը ավելի թանկ է, քան Վրաստանից՝ Անթալիա։ Հայաստանում բոլոր ուղղություններով չվերթերի գները թանկ են, քանի որ, ըստ բանախոսի, առաջին մեղավորն ավիաընկերություններն են, երկրորդը՝ մենաշնորհային իրավիճակը։ Անդրեասյանի խոսքով՝ մենաշնոր կա ինչպես Հայաստանի բոլոր, այնպես էլ տուրիզմի բնագավառում, ինչը պետք է «ջարդել»։

No comments: