Thursday, June 10, 2010

ՔԱՇԱԹԱՂԸ ԽԼԵՑԻՆ ՀՅԴ-ԻՑ

«Լրաcիր» 10-6-2010- Ղարաբաղում փոխել են Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարին: Սա հատկանշական չէր լինի, եթե չլիներ մի հանգամանք` արդեն մի քանի տարի է, դեռևս Արկադի Ղուկասյանի նախագահության տարիներից, Քաշաթաղի շրջանը տվել էին Դաշնակցությանը, որը հայտարարում է շուտափույթ վերաբնակեցման և շրջանի զարգացման մասին: Դատելով կադրային նշանակումներից, Բակո Սահակյանը դժգոհ է դաշնակցականների աշխատանքից և որոշել է նշանակել իր մարդուն: Այժմ իշխանությունում ՀՅԴ-ն գրեթե ոչինչ չունի, բացառությամբ ԱԳ նախարարի պաշտոնից, որը զբաղեցնում է Գեորգի Պետրոսյանը: Սակայն խոսքը դրա մասին չէ, այլ այն մասին, թե ինչ է տեղի ունենում Քաշաթաղում: Սկսած 1994 թ., երբ Քաշաթաղի շրջանում հաստատվեցին առաջին վերաբնակիչները, շրջանի զարգացումը տեղի էր ունենում սինուսոիդի պես: Առաջին տաս տարվա ընթացքում շրջանը ղեկավարում էր Ալեքսան Հակոբյանը ՀՀՇ-ից, ով հասավ նրան, որ 2003 թվականին շրջանում բնակվում էր 12000 հոգի, վերականգնվել էր 70 բնակավայր, որոնցից շատերում էլեկտրա և ջրամատակարարում էր անցկացվել: Շրջանում սոցիալ-հոգեբանական իրավիճակը, բնականաբար, ավելին էր ակնկալվում, սակայն ոչ ոք չէր սպասում կտրուկ բարելավում շրջանում, որտեղ պատերազմ էր եղել: Այդ ժամանակ ֆինանսավորումն իրականացվում էր արտաբյուջետային և ոչ ղարաբաղյան աղբյուրներից: Շուտով ֆինանսավորումը փոխանցվեց ԼՂՀ բյուջե, նշանակվեց վարչակազմի նոր ղեկավար, արդեն Ղարաբաղից, իրավիճակը սկսեց հետընթաց ապրել` բնակչության քանակը, ինչպես նաև վերաբնակվել ցանկացողների քանակը նվազեց: Շուտով ստիպված փոխեցին նոր ղեկավարին, և այդ ժամանակ որոշվեց շրջանը տալ ՀՅԴ-ին: Կուսակցության ներկայացուցիչ Կամո Մարտիրոսյանին հաջողվեց վերականգնել հոգեբանական դրությունը շրջանում, գրավել բազմաթիվ բնակություն հաստատել ցանկացողների, ովքեր պատրաստ էին ապրել ծանր պայմաններում, բայց պատմական հայրենիքում, հայրենասիրական մղումներով: Ներկայում Քաշաթաղի շրջանում, կուսական բնության, չուսումնասիրված պատմական հուշարջանների, բարեբեր հողի, որ կարող է տարեկան երկու բերք ապահովել, առկայությամբ ապրում են բարձր ոգի ունեցող հարյուրավոր մարդիկ: Նրանք անցնում են վատ ճանապարհներով, չեն կարող վաճառել իրենց արտադրանքը, սակայն լի են ազատության ոգով, որը թույլ է տալիս նրանց ապրել այնտեղ, որտեղ ցանկանում են: Ինչպսիսին կլինի իրավիճակը վարչակազմի նոր ղեկավարի նշանակումից հետո, դժվար է կանխատեսել: Ակնհայտ է, որ Քաշաթաղում բավական բնակչություն եւ ենթակառուցվածք կա զարգացման ծրագրերի անցնելու համար: 3 տարի առաջ Ջորջ Թուֆենկյանը փորձեց Բերձորում հավաքել հայկական քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կառույցների ներկայացուցիչների, նրանց Քաշաթաղի զարգացման ծրագրերին ներգրավելու նպատակով: Լավատեսական կոնֆերանսը, ցավոք, անարդյունք մնաց` չի իրականացվել անգամ չնչին մասն այն ամենի, ինչի շուրջ պայմանավորվածություն է եղել: Հետո բոլորը պատասխանատուներ ու մեղավորներ են փնտրելու: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: