Friday, June 11, 2010

ՀԱՃՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԻՑԸ

«Լրագիր» 11-6-2010- Այսօր մեկնարկում է քառամյակի գլխավոր իրադարձություններից մեկը, գուցե ամենագլխավորը` ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Այն տեղի է ունենալու Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում: Հույս ունենանք, որ բնական ու անբնական համաշխարհային որեւէ իրադարձություն չի մթագնի այդ ֆուտբոլային տոնը: Հույս ունենանք, որ չի լինի որեւէ բնական աղետ: Հույս ունենանք, որ Թուրքիան կամ որեւէ այլ պետություն չեն որոշի որեւէ նավատորմ ուղարկել Գազայի շրջափակումը ճեղքելու: Շրջափակումը շատ վատ բան է, իսկ այն ճեղքելը նվիրական գործ, բայց միեւնույն է, Իսրայելը թույլ չի տալու եւ անիմաստ զոհերից ու վիրավորներից բացի ոչ մի այլ բան չի լինելու: Հույս ունենանք, որ Եվրամիության որեւէ երկրի տնտեսություն առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի պայթի, եւ համաշխարհային տնտեսությունը չի գցի ցնցումների մեջ: Հույս ունենանք, որ մինչեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկը հասցնելով ընդունել Իրանի դեմ պատժամիջոցների խստացման մասին բանաձեւը, առաջիկա մեկ ամսում միջազգային հանրությունն Իրանի հարցում այլ սրացումների չի գնա, Իրանն էլ չի հասցնի ստեղծել իր միջուկային ռումբը: Հույս ունենանք, որ Թուրքիայի իշխանությունը հանկարծ չի որոշի հայ ֆուտբոլասերների ինադու հայ-թուրքական արձանագրությունները մտցնել խորհրդարան ու փչացնել հայաստանցի ֆուտբոլասերների ֆուտբոլային վայելքը: Հույս ունենանք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ֆուտբոլասեր կլինեն: Եվ, ի վերջո, հույս ունենանք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կլինի դիտարժան, կանցնի առանց մրցավարական կոպիտ սխալների, որոնք սովորաբար փչացնում են ֆուտբոլից ստացվող տպավորությունը, կլինեն շատ գոլեր, աֆրիկացիները ստադիոններում մի քիչ քիչ կփչեն իրենց “զուռնաները”, կհաղթի իսկապես լավագույն թիմը: Ու մեկ էլ, հույս ունենանք, որ այդուհանդերձ աշխարհում ավելի շատ մարդ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը սպասում է ավելի շատ պարզապես նայելու եւ հաճույք ստանալու, քան բուքմեյքերական կոմբինացիաների մեջ մխրճվելու համար: Գոնե Հայաստանի մասով կարծես թե նկատելի է այդ տրանսֆորմացիան: Համենայն դեպս, ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին, ու համոզված եմ` նաեւ դրա ընթացքում էլ է այդպես լինելու, բուքմեյքերական գովազդային գրոհ է սկսվել հեռուստաեթերով. այսինչ թիմի գործակիցն այսքան է, այնինչի գործակիցը այնքան, սա այսքան կլինի, նա կլինի այնքան, սա այսպես, իսկ նա այնպես, ու այդպես շարունակ: Հասկանալի է, որ ամբողջ աշխարհում բուքմեյքերությունը բավական տարածված երեւույթ է, մարդիկ խաղադրույք են կատարում, հաղթում են կամ պարտվում: Բայց երբ այդ ամենն արդեն սկսում է գերակշռել ֆուտբոլի նկատմամբ, երբ ասենք հայկական հեռուստաեթերում ֆուտբոլային խաղերի մեկնաբանության մի զգալի մասը նվիրվում է գործակիցների պարզաբանմանը, հիշեցումներին եւ այլն, այսինքն, երբ հաղորդավարը վերածվում է բուքմեյքերական գրասենյակի ներկայացուցչի, դա արդեն երեւի թե լուրջ խնդիր է: Ու հույսն այն է, որ եթե այդպես է լինում ակումբային մրցաշարերում, գոնե ֆուտբոլային քառամյա տոնի ժամանակ չի լինի այդպիսի բան: Սակայն, դատելով նրանից, որ հայկական եթերն արդեն իսկ ողողել են բուքմեյքերական գովազդները, պետք է ենթադրել, որ խաղերի ընթացքում էլ հաղորդավարներն են շարունակելու այդ “խրախճանքը”: Ու արդեն դժվար է ասել, թե աշխարհի առաջնության սպասման մեջ ինչն է ավելի շատ` գործակիցների հաշվարկը, թե բարձրակարգ ֆուտբոլից ստացվող հաճույքի կանխազգացումը: Իսկ գուցե գործակիցներն արդեն դարձել են հաճույքի բաղկացուցիչ մասը: Ով գիտե: Հույս ունենանք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կապացուցի հակառակը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: