Thursday, June 10, 2010

Հյուսիսային Կովկասի զինյալներին ֆինանսավորում են արաբական բանկերի Բաքվի մասնաճյուղերը

Panorama.am. 10-6-2010- Գերմանիայի ազդեցիկ «Frankfurter Allgemeine Zeitung» թերթը Դաղստանում կատարած հետազոտություններից հետո եզրակացության է եկել, որ ռուսաստանյան այդ սուբյեկտում գործում են ոչ թե Ռուսաստանի, այլ շարիաթի օրենքները: Թերթը հիշեցրել է, որ Մոսկվայի մետրոյում վերջին ահաբեկչական ակտերն իրականացրել են դաղստանցի կամիկաձե կանայք: «Հյուսիսային Կովկասում, հատկապես Դաղստանում ուժեղացել է իսլամի նկատմամբ երիտասարդների հակումը: Դաղստանցի զինյալները ենթարկվում են իրեն Հյուսիսային Կովկասի էմիր հռչակած չեչեն զինյալների առաջնորդ Դոկու Ումարովին: Ադրբեջանի հյուսիսային շրջաններում գործող «Անտառի եղբայրներ» խմբավորումը նույնպես գործում է Ումարովի ղեկավարության ներքո: Դաղստանում այնպիսի գյուղեր կան, որ բնակչության երկու երրորդը վահաբական է: Աղքատությունն ու գործազրկությունը նպաստում են, որ արաբական երկրներից եկած փողերի հաշվին երիտասարդությունը ներգրավվի արմատական խմբավորումների մեջ: Դաղստանի զինյալները ֆինանսավորվում են արաբական երկրներից եւ արեւմտյան աղբյուրներից: Փողերը փոխանցվում են արաբական բանկերի` Ադրբեջանում գտնվող մասնաճյուղերի միջոցով: Զինյալները հզոր հովանավորներ ունեն նաեւ Ադրբեջանի հյուսիսային սահմաններում»,- համոզմունք է հայտնել գերմանական թերթը:

No comments: