Thursday, July 1, 2010

Արդարությունը հայերի կողմն է. հույն պատգամավոր

Tert.am. 1-7-2010- Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի մասնակիցների հետ: Ողջունելով հյուրերին` նա խորհրդանշական է համարել, որ վեհաժողովը որոշել է իր տարեկան նիստը գումարել Հայաստանում` հնագույն քրիստոնեական և քաղաքակրթության օրրաններից մեկում: Նա նաև կարևորել է վեհաժողովի` «Տարածաշրջանում քրիստոնեական հոգևոր և մշակութային հուշարձանների պահպանման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» բանաձևը։ Նա ողջունել է վեհաժողովի մասնակիցների որոշումը` այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և տեղում ծանոթանալ դարեր շարունակ իր բնօրրանում ապրող ու արարող քրիստոնյա ժողովրդի ներկայիս մարտահրավերներին, խաղաղության պայմաններում սեփական որոշմամբ իր ապագան կառուցելու` արցախահայության ցանկությանն ու կամքին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին, առկա խնդիրներին, ԼՂ հակամարտությանը վերաբերող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների վերջին հայտարարությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Հանդիպման ավարտին վեհաժողովի մասնակիցները շնորհակալություն են հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստանում վեհաժողովի անցկացմանն աջակցելու համար` ընդգծելով, որ նման ընտրությունը պայմանավորված է եղել նաև տարածաշրջանի ընդհանուր վիճակով, մտահոգություններով ու գործընթացներով: «Մենք ձեր կողքին ենք, և արդարությունը ձեր կողմն է: Այն, ի վերջո, կհաղթանակի», - ասել է ՈՒՄՎ գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Խիտիրիս Տիլեմախոսը:

No comments: