Thursday, July 1, 2010

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՌԱՎՈՏՅԱՆ

«Լրագիր» 1-7-2010- Որ Հիլարի Քլինթոնի հայաստանյան այցը իշխանության համար դառնալու էր գլուխ գովելու հերթական առիթը, որեւէ կասկած չկար: Ուրիշ առիթների իսպառ բացակայության պայմաններում մնում է միայն գլուխ գովել, որ ասենք Օբաման Սերժ Սարգսյանին հրավիրել է Վաշինգտոն, որ այնտեղ 45 րոպե հանդիպել է նրա հետ, որ նա Անգլիայի թագուհու ընդունելությանն է արժանացել, եւ այլն, եւ այլն: Հիմա էլ, որ Հիլարի Քլինթոնն է գալիս Հայաստան, ու գալը դեռ քիչ է, որոշել է գիշերել Հայաստանում, ինչը համարվում է Հայաստանին տրված բարձր գնահատական, մեծ պատիվ: Եվ իսկապես, եթե Հիլարի Քլինթոնը գիշերում է Հայաստանում, ուրեմն Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի տարածաշրջանի գիշերային կենտրոն հռչակվելու համար: Բայց խնդիրն այստեղ միանգամայն հասկանալի հարթության վրա է: Բանն այն է, որ Հիլարի Քլինթոնի Հայաստան գալու նպատակներից մեկն էլ հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ քննարկումներն են: Իսկ հայ-թուրքական գործընթացն աչքի է ընկել իր գիշերային բնույթով: Այդ գործընթացի շրջադարձային պահերը գիշերն են տեղի ունենում` ապրիլի 22-ի հայտարարություն, օգոստոսի 31-ի արձանագրություններ: Նույնիսկ դրանց ստորագրությունը, որ նախատեսված էր ցերեկը, հոկտեմբերի 10-ին ձգձգվեց մինչեւ գիշեր: Այդքանից հետո միանգամայն պարզ է, թե ինչու է տիկին Քլինթոնը որոշել գիշերել Հայաստանում: Հայաստանի հետ հարցեր միայն գիշերներն է լուծել հնարավոր: Հետեւաբար, ուրախանալու եւ հպարտանալու փոխարեն, որ Հիլարի Քլինթոնը գիշերելու պատիվ է անում Հայաստանին, թերեւս պետք է մտահոգվել, թե ինչ է մեզ սպասում հաջորդ առավոտյան: Ի դեպ, հաջորդ առավոտը լինելու է Հայաստանի Սահմանադրության օրվա առավոտը: Իսկ նկատի ունենալով Սահմանադրության հանդեպ Հայաստանի իշխանության առանձնահատուկ հարգանքը, թերեւս կարող ենք հետեւություն անել, որ հաջորդ առավոտ քիչ հավանական չէ Հայաստանի Մայր Օրենքին անարգանքի տուրքի մատուցումը, ասենք հակասահմանադրական որեւէ համաձայնության տեսքով, քանի որ դա էլ հեռու չէ հայ-թուրքական գործընթաց կոչվածից, եթե իհարկե մարդիկ չեն մոռացել, որ կար այդպիսի բան: Թեեւ չի բացառվում, որ օրինակ հունիսի 4-5-ի գիշերը լինի ոչ թե հայ-թուրքական գործընթացի հերթական, այլ Ղարաբաղի գործընթացի առաջին գիշերը, երբ որեւէ պատմական ակտ տեղի կունենա Ղարաբաղի կարգավորման գործընթացի կապակցությամբ: Բայց հուսանք, որ ի վերջո կհաղթի հյուրասիրության օրենքը, եւ գիշերը կլինի շատ քաղաքավարություն եւ հնարավորինս քիչ, գրեթե զրո քաղաքականություն: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: