Wednesday, July 14, 2010

Դ. Բաբայան. Ստատուս-քվոն ձեռնտու է Ալիևին

Panorama.am. 14-7-2010- «Ուրիշ որևէ բան մենք չէինք էլ սպասում: Ընդհանրապես այդպիսի ռազմատենչ, ոչ կառուցողական քաղաքականությունը ոչ մի հիմք չի թողնում մտածելու, որ ապագայում կարող է բեկում լինել այս խնդրում»,- անդրադառնալով ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` նախօրեին հնչեցրած ելույթին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստի ընթացքում ունեցած ելույթում նշել է, թե երբ հայերն ասում են, որ ԼՂ-ն անկախանալու է, դա ուղղակի նրանց ֆանտազիան է: «Առանց Ադրբեջանի համաձայնության` ԼՂ-ն չի կարող ստանալ որևէ կարգավիճակ: Ադրբեջանի ժողովուրդը երբեք թույլ չի տա բաժանել Ղարաբաղը»: Բաբայանի խոսքերով, Ալիևն իր ելույթներով խախտում է նաև իր երկրի մայր օրենքը: «Նա իր վերջին ելույթներից մեկում Արցախին տվել էր «Ադրբեջանի Հանրապետության ԼՂ տարածաշրջան» անվանումը: Սակայն ԼՂ տարածաշրջան նույնիսկ իրենց սահմանադրության մեջ չկա: Այսինքն՝ Ալիևն իր ելույթում ասում է այնպիսի բան, ինչը հակասում է իրենց իսկ սահմանադրությանը, ի՞նչ կարելի է սպասել նման մարդուց կամ նման պետությունից: Բնական է` ոչինչ»,- ասաց ԼՂՀ պաշտոնյան: Նրա խոսքերով, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նման մոտեցումով, մոտ ապագայում որևէ կարգավորման չենք կարող հասնել, սա նաև ցույց է տալիս, որ Ալիևին, ըստ ամենայնի, ձեռնտու է պահպանել ստատուս-քվոն, այսինքն՝ նրան ևս ձեռք չի տալիս կարգավորումը: Պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե Ալիևը մասնավորապես նշել է, թե Ադրբեջանի ժողովուրդը երբեք թույլ չի տա, որ Արցախը Ադրբեջանից բաժանվի՝ Դ. Բաբայանը նշեց. «Ի՞նչ է նշանակում, թե Ադրբեջանը համաձայնություն չի տա: Երբ Խորհրդային միությունը փլուզվում էր, համաձայնություն էր տալիս Ադրբեջանի անկախացմանը կամ դա ի՞նչ ժողովրդավարական մոտեցում է այս հարցին: Իհարկե, Ադրբեջանի խանական-դեսպոտիկ կարգավիճակը արտացոլված է նաև նրա ներքին և արտաքին քաղաքականության մեջ»: Այնուհետև ԼՂՀ պաշտոնյան հավելեց. «Իսկ երբ նա խոսում է Ղարաբաղին ինքնավարություն տալու խնդրի մասին, այստեղ պետք է հասկանանք, որ նա այդ քայլին ևս չի կարող գնալ, քանի որ երկրի ներսում ունի փոքրամասնություններ: Այստեղ հետաքրքիրն այն է, որ այդ համատեքստում Ադրբեջանին ավելի ձեռնտու է ճանաչել ԼՂ անկախությունը, քան խոսել ինքնավարության մասին, քանի որ երբ նա խոսում է ինքնավարության կամ հանրաքվեի մասին, ապա վաղը, Ադրբեջանում փոքրամասնության ամենաքիչը երեք ներկայացուցիչներ՝ ավարները, լեզգիները, թալիշները կարող են բարձրացնել ինքնավարության խնդիրը, իսկ դա կքանդի առանց այդ էլ արհեստական «ադրբեջանական ազգ» հասկացողությունը: Հետևաբար, Ադրբեջան ամեն ինչ պետք է անի, որ կամ Ղարաբաղն առանց հայերի վերցնի կամ հարցն ուղղակի այսպես թողնի: Ադրբեջանում ազգի ձևավորումն ավարտված չէ, հետևաբար` նա ավելի ագրեսիվ է և անհանդուրժողական է ներքին փոքրամասնությունների ու անկախության ճանաչման առնչությամբ»:

No comments: