Wednesday, July 14, 2010

ՀՀ դեսպան. Իրանը ԼՂ հարցում վարում է անկողմնակալ քաղաքականություն

Panorama.am. 14-7-2010- «Հայաստանի և Իրանի հարաբերությունները կարող են լավ օրինակ ծառայել այլ երկրների համա., դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` երկու երկրների հարաբերություններում ոչ մի խնդիր չի առաջացել` ընդհակառակը` վերելք է արձանագրվել»,- իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը: Նրա խոսքերով, Հայաստանն ու Իրանը, միջազգային կազմակերպություններում միմյանց հետ համագործակցելով, պաշտպանել են փոխադարձ դիրքորոշումները, ուստի Հայաստանը, Իրանի հետ ունենալով լավ հարաբերություններ, միջազգային ասպարեզում Իրանի ունեցած խնդիրների նկատմամբ չի կարող անտարբեր լինել: Դա է վկայում ՀՀ Նախագահի` Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում ունեցած ելույթը, երբ հայտարարվեց, թե տարածաշրջանային լուծումներում չի կարելի և հնարավոր էլ չէ անտեսել Իրանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` Հայաստանի դեսպանը նշել է. «Իրանը ԼՂ հարցում վարել է անկողմնակալ քաղաքականություն և Հայաստանի ղեկավարությունն իր շնորհակալությունն է հայտնել նրա ներդրած ջանքերի համար, քանի որ 1992 թ. Իրանի միջոցով էր, որ հայ-ադրբեջանական պատերազմում առաջին հրադադարը հաստատվեց. չնայած այդ հրադադարը մեկ շաբաթ էլ չտևեց` Իրանի դիրքորոշումը ցույց տվեց, որ պատերազմը կրոնական բնույթ չի կրում»: Խոսելով հայ-իրանական տնտեսական հարաբերություններից` Գրիգոր Առաքելյանը նշել է, որ հայ և իրանցի պաշտոնյաները քայլեր են ձեռնարկում, որպեսզի ապրանքաշրջանառության ծավալը հատի 1 միլիարդ դոլարի սահմանագիծը: Դեսպանն անդրադարձել է նաև մուտքի արտոնագրերի արժեքին` նշելով, որ Հայաստանը Իրանի քաղաքացիների համար իջեցրել է դրանց արժեքը, և նույնն ակնկալում է նաև իրանական կողմից: Նա տեղեկացրել է, որ վերջերս Իրանը հայկական կողմին առաջարկել է ամբողջովին վերացնել մուտքի արտոնագրային ռեժիմը: ՀՀ դեսպանը նկատել է, որ Հայաստանն ու Իրանը արդյունավետ համագործակցում են նաև կրթության, մշակույթի, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտում: Ըստ նրա` անցյալ տարվա ապրիլին ՀՀ Նախագահի` Իրան կատարած այցից հետո, այժմ նախապատրաստվում է Իրանի նախագահի պատասխան այցը Հայաստանը:

No comments: