Wednesday, July 14, 2010

Daily Hurriyet. Թուրքական ռասիզմը չի վերանում

Panorama.am. 14-7-2010- Թուրքիայի պետական գործիչների կողմից պարբերաբար հնչեցվող ռասիստական արտահայտությունները սկսել են մտահոգել նաև թուրքական լրատվամիջոցներին: Անցյալ շաբաթ թուրքական հանրահայտ հեռուստաշոուներից մեկի ընթացքում իր ելույթի ժամանակ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուխը, խոսելով իր կառույցի գործունեությունը քննադատողների մասին, վրդովված ասել է. «Ես չեմ հավատում, որ այս մարդկանց երակներում, հիրավի, թուրքական արյուն է հոսում». Այս մասին է տեղեկացնում թուրքական «Daily Hurriyet»-ը: Այս կապակցությամբ «Daily Hurriyet»-ի մեկնաբան Մուստաֆա Աքյոլը գրում է. «Շատ մարդկանց համար` ներառյալ և ինձ, «թուրքական արյուն» արտահայտությունն ահաբեկող հնչում: Տասնյակ տարիներ շարունակ մեզ ասում էին, որ «լինել թուրք» պարզապես նշանակում է «լինել Թուրքիայի քաղաքացի»»: Հոդվածագիրը հարց է բարձրացնում, թե ինչու՞ է գլխավոր շտաբի պետը նման արտահայտություն անում և պատասխանում է. «Կարծում եմ` պատճառն այն չէ, որ Բաշբուխը համոզյալ ռասիստ է, այս արտահայտությանն արմատները շատ ավելի խորն են: «Թուրքական զտարյունության» գաղափարը սկիզբ է առել Օսմանյան կայսրությունում, 20-րդ դարի 20-ական թթ-ներին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը գաղափարական նոր թափ հաղորդեց թուրքական ռասիստական նկրտումներին»: Աթաթուրքի կառավարման օրոք բազմաթիվ են «թուրքական զտարյունության» գաղափարի արհեստական արմատավորման վառ ապացույցը հանդիսացող օրինակները, որոնցից մի քանիսը ներկայացված են Մուստաֆա Աքյոլի հոդվածում. «1935թ-ին Աթաթուրքի կողմից հիմնադրված «Թուրքիայի պատմական հասարակություն» կազմակերպությունը բացել է Օսմանյան կայսրությունում 17-րդ դարի հայտնի ճարտարապետ Խոջա Սինանի գերեզմանը: Գիտնականները հետազոտել են հայտնի ճարտարապետի գանգը և հայտարարել, թե վերջինս զտարյումն թուրք է եղել»: Նշենք, որ Խոջա Սինանը հայազգի է, ծնվել է 1590թ-ին Օսմանյան կայսրության Կեսարիա նահանգի Ագրնաս հայկական գյուղում: «Daily Hurriyet»-ի լրագրողը նշում է, որ նման «հայտնագործությունները» Աթաթուրքի կառավարման օրոք բազմաթիվ էին և հավելում, որ Աթաթուրքի ռեժիմը նպատակ ուներ ջնջել Օսմանյան կայսրություն հասկացությունը և վերջինիս էթնիկ, ազգային երանգ հաղորդել, այս նպատակի իրականցման մասնակի լուծումը Աթաթուրքը գտավ ռասիզմի գաղափարի մեջ: «Աթաթուրքի մահից հետո (1938) զրկվելով պետական աջակցությունից` ռասիզմի ալիքը Թուրքիայում, կարծես թե, մարեց: Սակայն մինչ այժմ թուրք երեխաները դաստիարակվում և կրթվում են Աթաթուրքի կողմից շրջանառության մեջ դրված «զտարյունության» գաղափարի վրա: Այդ է պատճառը, որ ժամանակակից Թուրքիայում ռասիզմի գաղափարը չի վերանում: Գիտակցաբար թե անգիտակցորեն իր խոսքերով գեներալ Բաշբուխը ջուր լցրեց ռասիզմի գաղափարի սերմանման ջրաղացին»,-գրում է Մուստաֆա Աքյոլը:

No comments: