Tuesday, October 12, 2010

ԲԱՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐԽԻՎՆԵՐՆ ՈՒ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ ԹԱԼԵԱԹԻՆ

«ԱԶԳ», 12-10-2010 - Մեկ տարի առաջ` հոկտեմբերի 10-ին, Հայաստանում եւ Թուրքիայում շատերը անհամբեր սպասում էին, թե ինչ տեղեկություններ կգան Ցյուրիխից, որտեղ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարների ներկայությամբ Հայաստանի եւ Թուրքայի ԱԳ նախարարները պատրաստվում էին ստորագրել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ու զարգացման արձանագրությունները, սակայն գործընթացը ձգձգվում էր:
Այդ արձանագրությունների ստորագրմանը նախորդել էին Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների, ինչպես նաեւ միջազգային միջնորդների, առաջին հերթին` Շվեյցարիայի եւ Միացյալ Նահանգների երկարատեւ ու դժվարին դիվանագիտական ջանքերը:
Ամեն դեպքում, հենց հոկտեմբերի 10-ին, քիչ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թուրքիան ցանկանում էր նախապայմաններ առաջ քաշել ղարաբաղյան հարցի առնչությամբ, ինչի առիթը նրան չտրվեց Ցյուրիխում: Այդ նախապայմանները կամաց-կամաց շարադրվեցին հետագա տարբեր առիթներով թուրքական ղեկավարության ելույթներում:
Արձանագրությունների ստորագրումից մեկ տարի անց զեկույց է հրապարակել ամերիկյան Քարնեգի հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը` դրանում հայ-թուրքական արձանագրությունները համարելով Հարավային Կովկասում վերջին տարիների ամենադրական նախաձեռնությունը: «Այս արձանագրությունները պետք է կենդանի պահվեն, քանի որ գործընթացը դեռ հնարավորություն ունի տարածաշրջանում փոփոխություններ բերելու, իր զեկույցում նշել է դե Վաալը` հավելելով, որ գործընթացը կարող է վերականգնվել 2011 թվականի ամռանը Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո: «Ահա թե ինչու է կարեւոր, որ կողմերը գործընթացը մինչ այդ կենդանի պահելու ջանքեր գործադրեն»:
Դե Վաալի ներկայացմամբ, գործընթացում բոլոր կողմերի ներգրավվածության պարագայում 2015-ը` որպես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից, կարող է լինել այնպիսի մի սահմանաժամկետ, մինչեւ երբ կարելի է աշխատել հայ-թուրքական գործընթացի բարելավման ուղղությամբ:
Փորձագետը որոշ տարբերակներ է առաջարկում, որոնք կարող են օգտագործվել կենդանի պահելու հայ-թուրքական գործընթացն անգամ փակ սահմանների դեպքում: Մասնավորապես, դե Վաալը թուրքական կողմին առաջարկում է ավելի զուսպ լինել` չփորձելով միջնորդական առաքելության դերակատարություն ստանձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում: Մյուս կողմից, ըստ Վաալի Հայաստանը կարող է վերականգնել իր տարածքով հաղորդակցությունը Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ, էլեկտրաէներգիա մատակարարել Թուրքիայի սահմանամերձ շրջաններ: Թուրքիան էլ, իր հերթին, կարող է ազատ մուտք ապահովել հայկական պատմական շրջաններ, օրինակ` Անի: Իսկ մինչ այդ Թուրքիան, ըստ փորձագետի, հարկ է, որ բացի իր արխիվներն ու ապամոնտաժի Թալեաթի հուշարձանը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: