Tuesday, October 12, 2010

Ա. Զաքարյան. Հայաստանն ապացուցեց՝ իր առաջնահերթությունները հստակ են, անբեկանելի

Panorama.am. 12-10-2010- Լրացավ Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների մեկ տարին: Որո՞նք էին այդ հարաբերությունները կարգավորելու դրդապատճառները և ինչ ունենք այսօր, այդ արձանագրությունները ստորագրելուց 1 տարի անց: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԱԺ պատագամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանի հետ:
«Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, զարգացման հնարավորությունները ոչ միայն երկու պետությունների միջև միջպետական հարաբերությունների կառուցման հետ կապված խնդիր է, այլ նաև իր մեջ ներառում է տարածաշրջանային նշանակության այլ կարևորագույն խնդիրներ: Ժամանակակից աշխարհակարգի քաղաքական զարգացումներում, քաղաքականությունն ընդհանրապես կառուցում են հանդուրժողականության, բարիդրացիական հարաբերությունների կառուցմամբ: 21-րդ դարում բազմավեկտոր և բազմաբնույթ շահերի առկայության պարագայում համաշխարհային քաղաքականությունը հնարավորին չափ փորձում է խուսափել կոնֆլիկտային մոդելներից: Որովհետև այսօր ցանկացած հարաբերության արտապատկեր ունի երկու երես և կախված շահերի առաջնայնություններից, կախված չիրացված քաղաքական հարաբերություններում առկա պոտենցիալներից»,- նշեց պատգամավորը:
Նա ասաց, որ եթե հաշվի առնենք ՀՀ-ի զարգացման հետագա հեռանկարները, ապաշրջափակման անհրաժեշտությունը, տնտեսական նոր հնարավորությունների և հեռանկարների ներգրավման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հարավային Կովկասի երկարատև խաղաղության, կայունության ապահովման կենսական պահանջները, Հայաստանն իր արտաքին քաղաքականության քաղաքական օրակարգում ընդգրկեց նաև հայ-թուրքական հարաբերությունների կառուցման ընթացիկ նախագիծը:
«Ինչու նախագիծ, որովհետև ընդամենը առաջարկ էր Թուրքիայի Հանրապետությանը՝ հարաբերությունները կառուցել որոշակի գործոնների և հանգամանքների վրա: Բանականաբար, այդ ամենին պետք էր հասնել բանակցային փուլերի արդյունքում, և որի արդյունքում ծնվեցին արձանագրությունները: Դրանից առաջինը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում և երկրորդ, հարաբերությունների զարգացում՝ բնականաբար որպես առաջին քայլ, հայ-թուրքական սահմանի բացում: Այսինքն, նպատակ էր հարաբերությունների հաստատումը, իսկ այդ հարաբերությունների համար որպես առաջին միջոց՝ սահմանների բացում: Այս երկու խնդիրներն է դրված եղել արձանագրություններում, մնացած բոլոր մտահոգող, փոխադարձ շահավետ, հեռանկարային, տեսլական հանդիսացող բոլոր հարցերը, ըստ էության պետք է քննարկվեին, արձանագրությունների մեջ նախատեսված ձևաչափով, որը կոչվում էր միջկառավարական ենթահանձնաժողով՝ ըստ ոլորտների, ըստ ուղղությունների»,- ընդգծեց քաղաքական գործիչը:
Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունենր կարգավորման գործընթացի հետևանքներին՝ Ա. Զաքարյանը նշեց. «Նախ Հայաստանի Հանրապետությունը հստակ արտահայտեց իր քաղաքական կամքը` տարածաշրջանում որպես գործոն հանդես գալու, առկա խնդիրները բանակցային, դիվանագիտական, փոխշահավետ հիմքերի վրա դնելու պատրաստակամությունը, ինչպես նաև երկարատև խաղաղություն, կայունություն ապահովելու համար իր ջանքերը ներդնելու կարողությունը: Հայաստանն ապացուցեց, որ պատասխանատու և կանխատեսելի գործընկեր է և կարող է ներգրավվել լուրջ տարածաշրջանային գործընթացներում:
Մենք աշխարհին ապացուցեցինք, որ Հայաստանն ու Հայկական սփյուռքը մեկ ամբողջականություն են, և Հայաստանն այն պետությունն է, որն ի զորու է իր խնդիրները բարձրացնել համաշխարհային մակարդակ և քննարկումներ իրականացնել միջազգային տարբեր ձևաչափերում»:

Նրա խոսքերով, Հայաստանը հիմնավորված կերպով ապացուցեց, որ և՛ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, և՛ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, իր առաջնահերթությունները հստակ են, անբեկանելի և ամբողջովին հիմնված են միջազգային իրավունքի և նորմերի վրա:
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքում ցեղասպանության ճանաչման գործընթացը նոր հնչեղություն ստացավ: Թեև որոշ պետություններ նշում էին, որ Հայատանն ու Թուրքիան փորձում են իրենց հարաբերությունները կարգավորել և պետք չէ նրանց խանգարել, դա ևս քննարկման ձև էր, որ այդ երկրները լրացուցիչ անգամ ուշադրություն դարձնեին Ցեղասպանության եղելության փաստին: Եվ վերջապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված այս ողջ գործընթացներում Հայաստանը որպես պետություն, հետագա արտաքին քաղաքական հարաբերությունների կառուցման, զարգացման և խորացման համար ձեռք բերեց բավարար ծավալով քաղաքական կապիտալ և հեղինակություն:

No comments: