Tuesday, December 28, 2010

ՔՈՉԱՐՅԱՆ-ՍԱՐԳՍՅԱՆ ԽՆԴԻՐԸ

«Լրագիր» 28-12-2010- Ռուսաստանի այսպես ասած համապետական սփռման հեռուստաալիքներն, անդրադառնալով այդ երկրի Պետխորհրդի ընդլայնված նիստին, որեւէ կերպ չանդրադարձան այն պոլեմիկային, որ ծավալվեց նախագահ Մեդվեդեւի եւ վարչապետ Պուտինի միջեւ: Պետխորհրդի նիստի թեման Մեդվեդեւը փոխեց հենց նիստի ընթացքում, առաջարկելով անդրադառնալ ազգամիջյան բախումների խնդրին: Ահա այդ համատեքստում էլ Պուտինը հիշատակեց ԽՍՀՄ օրինակը, իսկ Մեդվեդեւը դրան հակադարձեց, որ ԽՍՀՄ անցած էտապ է եւ այդ ժամանակի մեթոդներն այժմ կիրառելի չեն:
Ակնհայտ է, որ Մեդվեդեւն ու Պուտինը մղում են մոտեցումների, մտածողության, վերջին հաշվով` իշխանության պայքար: Եվ շատերին այդ համատեքստում հուզում է հարցը, թե արդյոք այդ պայքարն իրական է, արդյոք դա իմիտացիա չէ, որի շնորհիվ Մեդվեդեւն ու Պուտինն ինչ որ խաղ են խաղում եւ ամրապնդում իրենց իշխանության երաշխիքային համակարգը:

Գրեթե նույն հարցը պարբերաբար բարձրանում է Հայաստանի պարագայում. Կա՞ն արդյոք հակասություններ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, թե այդ ամենը հորինվածք է, իմիտացիա, եւ իրականում նրանք միասին հոգ են տանում իշխանության շարունակականության եւ ամրության համար:

Երկու դեպքում էլ, թե Ռուսաստանի, թե Հայաստանի, պատասխանը թերեւս գտնվում է միեւնույն հարթության վրա: Այդ պատասխանն ընդհանրապես ունիվերսալ է եւ կարելի է պայմանականորեն կոչել “իշխանության հարց” կամ “իշխանության խնդիր”:

Այն երկրներում, որտեղ իշխանությունը հիմնված չէ սահմանադրական եւ օրենսդրական մեխանիզմների վրա, որտեղ իշխանության ձեւավորումը ընթանում է արտասահմանադրական ճանապարհով, դե յուրե իշխանություն ունեցող անձանց համար խիստ վտանգավոր է ունենալ դրան համարժեք դե ֆակտո “բաժնետեր” կամ “գործընկեր”: Ստացվում է, որ իրավասությունների, լիազորությունների, ազդեցության առումով նրանք հավասար են, իսկ պատասխանատվության տեսանկյունից դե յուրե իշխանության կրողի բեռն ավելին է, քանի որ համակարգի առաջ ունեցած պատասխանատվությունից բացի նա ունի նաեւ թե երկրի քաղաքացիների, թե միջազգային գործընկերների առաջ ունեցած պատասխանատվություն:

Այլ հարց է, թե ինչ մակարդակով, ինչ արդյունավետությամբ եւ պարտաճանաչությամբ է այդ պատասխանատվությունն իրականացվում: Բայց պատասխաան տվողը նա է: Հետեւաբար, տրամաբանական եւ բնական պահանջ է առաջանում, որ “եթե դե պատասխանատուն միայն ես եմ, ուրեմն իշխանությունը ոչ միայն դե յուրե, այլ նաեւ դե ֆակտո պետք է լինի միայն իմը, եւ ես պետք է որոշեմ, թե դրանից ում ինչքան եմ բաժանում”:

Հայաստանում այժմ թերեւս տեղի է ունենում հենց այդ գործընթացը: Այսինքն, Սերժ Սարգսյանը փորձում է վերցնել ու անձամբ բաժանել, քանի որ մինչ այժմ նա մեծ հաշվով տնօրինում է Ռոբերտ Քոչարյանի բաժանածը: Իսկ ինչպես պարականոնն է ասում` տիրում է նա, ով բաժանում է:

Հետեւաբար, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հակասության առումով խնդիրը նրանց միմյանց հանդեպ անձնական վերաբերմունքը կամ աշխարհայացքը չէ, այլ իշխանություն հասկացության բնական պահանջը: Խնդիրը միայն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում կամ չէր ցանկանում նվազեցնել սեփական իշխանությունը, ինչը նույնպես նորմալ է այն մարդու համար, ով երկիրը մոտ մեկ տասնամյակ ղեկավարել է Սահմանադրության եւ օրենքների շղարշի ներքո, բայց արտասահմանադրական մեխանիզմներով:

Այդ կառավարիչների համար հավասարապես վտանգավոր է թե այն վիճակը, երբ արտասահմանադրական մեխանիզմներն են շարունակում իշխել, թե այն վիճակը, երբ սկսում է իշխել Սահմանադրությունը: Մի դեպքում վտանգ կա լինել արտասահմանադրական համակարգի հարատեւությունը սնուցող “վառելիք”, մյուս դեպքում վտանգ կա լինել արտասահմանադրականից սահմանադրականի անցման “զոհ”:

Այդ պարագայում միակ քիչ թե շատ հուսալի հանգրվանը պրոցեսների գլխին լինելն է: Թերեւս այստեղ է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան փոխհարաբերության ամբողջ խնդիրը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: