Tuesday, December 28, 2010

ՊԱՅՔԱՐԻ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

«Լրագիր» 28-12-2010- Յուրաքանչյուր քաղաքացիական շարժում պետք է ունենա պայքարի հստակ մեխանիզմներ։ Այս պարզ ճշմարտությունը, երբեմն, պատշաճ կերպով չի կարևորվում պայքարողների կողմից, ինչի հետևանքով պայքարը դառնում է տարերային, անկազմակերպ, ներքին տրամաբանությունից զուրկ։
Ինչպիսի¬¬՞ մեխանիզմներ կարելի է կիրառել ձևականորեն դեմոկրատական համարվող պետությունում իրական դեմոկրատական ռեժիմ ստեղծելու համար մղվող պայքարում։ Կարծում ենք, որ մի շարք գործուն մեխանիզմներ կարելի է գտնել «քաղաքացիական անհնազանդության» զինանոցում։
«Քաղաքացիական անհնազանդության» կոնցեպցիան, որը մշակվել է ամերիկացի Հենրի Դավիթ Թոռոյի և հնդիկ Մահաթմա Գանդիի կողմից, հաջողությամբ կիրառվել է ինչպես ազգերի ինքնորոշման համար, այնպես էլ առանձին անարդարությունների դեմ մղվող պայքարներում։ Քաղաքացիական անհնազանդության էությունը հետևյալն է. անհնազանդության մասնակիցները իրականացնում են հատուկ տեսակի հրապարակային, խաղաղ բնույթ ունեցող բողոքի գործողություններ, որոնց ժամանակ ցուցադրում են իրենց անհնազանդությունը սահմանադրականության և դեմոկրատիայի սկզբունքներին դեմ գնացող իշխանությանը, կամ նրա կողմից վարվող այս կամ այն քաղաքականությանը, կամ ինչ-որ օրենքին/ներին։ Նման գործողությունների խնդիրն է՝ հասարակության ուշադրության սևեռելը բողոքողների կողմից բարձրացվող խնդրին/ներին և իշխանությունների վրա ճնշում գործադրելը՝ նպատակ ունենալով նպաստել նրանց վարքի փոփոխությանը կամ հասնել նրանց հրաժարականին։
Քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ամբողջությամբ պետք է տեղավորվեն սահմանադրականության շրջանակներում։ Սակայն, երբեմն, դրանք կարող են ուղեկցվել առանձին օրենքների հրապարակային, գիտակցված խախտումներով (օրինակ՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, հարկերի չվճարում և այլն)։ Քաղաքացիներն այդ խախտումներին գնում են միայն այն ժամանակ, երբ պայքարի բոլոր մնացած մեթոդները սպառում են իրենց։ Ի դեպ, նման ակցիաների մասնակցիները պետք է պատրաստ լինեն օրենքի սահմաններում «վճարել» օրենքի խախտումների դիմաց։

Հարկ է նշել նաև, որ քաղաքացիական անհանզանդության ակցիաները բացառապես խաղաղ բնույթ պետք է կրեն։ Դրանց ժամանակ իշխանության ներկայացուցիչների կարգադրություններին չհնազանդվելը, եթե լինում է դրա անհրաժեշտությունը, պետք է կրի միայն պասիվ բնույթ։ Նման ակցիաների ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի ագրեսիվ պահվացք որդեգրել իշխանության ներկայացուցիչների և ընդհանրապես, որևէ մեկի նկատմամբ։
Քաղաքացիական անհնազանդությունը, ընդհանուր առմամբ, ի զորու է ուժազրկել ավտորիտար իշխանություններին և այդ առումով այն լավագույնս կարող է նպաստել բռնապետական ռեժիմների տապալմանը։ Ընդհանրապես, պետք է նշել, որ բռնապետությունները գոյատևում են այն պատճառով, որ ունեն մարդկային ռեսուրս, որը հնազանդվում է բռնապետներին, համագործակցում է նրանց հետ։ Քաղաքացիական անհնազանդությունը զրկում է ավտորիտար իշխանությանը նրա ուժի ամենակարևոր աղբյուրից՝ ռեժիմի նկատմամբ ցուցաբերվող քաղաքացիների հնազանդությունից։ Քաղաքացիական անհանզանդության միջոցառումները նաև պահանջում են շատ լուրջ կարգապահություն և կազմակերպվածության բարձր մակարդակ, ինչն իր հերթին նպաստում է դեմոկրատական հանրության ձևավորմանն ու ամրապնդմանը։
Իսկ այժմ դիտարկենք քաղաքացիական անհնազանդության զինանոցի մի քանի կոնկրետ ակցիաներ, որոնց կիրառումը, մեր կարծիքով, կարող է բավականին արդյունավետ լինել մերօրյա Հայաստանում դեմոկրատիայի համար մղվող պայքարում։ Պետք է նշել, որ քաղաքացիական անհնազանդության մի շարք կարևոր ակցիաներ մեր երկրում արդեն իսկ իրականացվել և/կամ իրականացվում են ժողովրդավարության համար պայքարող տարբեր քաղաքական և հասարակական խմբերի և կառույցների կողմից և այդ իսկ պատճառով ստորև կներկայացնենք մի քանի ակցիաների տեսակներ, որոնք կամ չեն կիրառվել, կամ էլ կիրառվել են ոչ պատշաճ կերպով։
- Անհնազանդության գաղափարի տարածում։ Չափազանց անհրաժեշտ է հանրայնացնել իշխանությունների հետ չհամագործակցելու (այն դեպքում, երբ իշխանություններն իրենք իրենց վեր են դասում սահմանադրական նորմերից) գաղափարը հասարակության հնարավորինս լայն շրջանակներում։ Դա կարելի է կատարել մի շարք միջոցներով։ Օրինակ, կարելի է տարբեր հասարակական կազմակերպությունների ծրագրերի շրջանակներում կազմակերպել հատուկ սեմինարներ։ Հայաստանում գոյություն ունեն մի շարք ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող հասարակական կազմակերպություններ, որոնք ունեն բավականին մեծ թվով շահառուներ։ Արդյունավետ կլիներ, եթե բոլոր նման կազմակերպությունները սերտորեն համագործակցեին միմյանց հետ նմանատիպ սեմինարներ կազմակերպելու նպատակով։ Անկախ նրանից, թե ինչ տիպի ծրագիր, գործունեություն է իրականացնում կազմակերպությունը, միշտ հնարավոր է առնվազն մեկ-երկու սեմինար նվիրել քաղաքացիական պայքարի խնդրին։ Այդ միջոցառումները կարելի է տեսագրել, տեսագրությունը տեղադրել համացանցում, թվային կրիչներով տարածել տարբեր հասարակական վայրերում։ Զուգահեռ դրան օգտակար կլինի նաև քաղաքացիական շարժումների մասին պատմող տարբեր որակյալ վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի բազմացումը և տարածումը;
- իշխանական քարոզչություն իրականացվող միջոցառումներին սեփական պաստառներով, կոչերով և այլն դեմոկրատական հանրության այցելումը և այդ միջոցառումների հրապարակային, կազմակերպված լքումը;
- այս կամ այն խանութի/ների, որոշակի ապրանքատեսակների հրապարակային և կազմակերպված բոյկոտը։ Ակցիայի այս տեսակը հատկապես ազդեցիկ կլինի, երբ այդ խանութները, կամ ապրանքատեսակները կապված լինեն վատ համբավ ունեցող պաշտոնյաների և օլիգարխների հետ։ Այդ ակցիաները կարելի է կազմակերպել ինչ-որ կոնկրետ ժամկետով, այնպես էլ անժամկետ;
- հասարակական տրանսպորտի՝ օրինակ, «մարշրուտկաների» հրապարակային և կազմակերպված բոյկոտը։ Այդ ակցիաները նույնպես կարելի է կազմակերպել ինչ-որ կոնկրետ ժամկետով, այնպես էլ անժամկետ;

- հանրային գիտակցության վրա ազդող կոչեր(օրինակ, «իմ ձայնը չի վաճառվում», «ո՛չ բռնապետությանը», «ընտրությունները կեղծողները ազգի դավաճաններ են» և այլն) պարունակող հատուկ տարբերանշանների, հագուստի կրումը հանրային վայրերում։

Հարկ է նշել, որ պայքարի տարատեսակ միջոցառումները պետք է կիրառել համակարգված կերպով և ըստ նախօրոք մշակված ռազմավարության և մարտավարության։ Իրականացված յուրաքանչյուր ակցիայի արդյունավետությունը պետք է գնահատվի նրա կազմակերպիչների կողմից։ Կատարված գնահատականների վրա պետք է կատարվի մարտավարության, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև ռազմավարության փոփոխություն։

ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

No comments: