Sunday, December 26, 2010

Ի՞նչ կփոխի թուրք–ադրբեջանական ռազմական համագործակցության համաձայնագիրը. փորձագետների մոտեցումները

Tert.am. 25-12-2010- Դեկտեմբերի 21–ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից վավերացված թուրք-ադրբեջանական ռազմավարական գործընկերության, փոխադարձ համագործակցության մասին համաձայնագիրը կարելի է ասել թուրք–ադրբեջանական ռազմական դաշինքի ձևավորման իրավական փաստաթուղթ է ։ Այսօրվա ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ անդրադառնալով վավերացված համաձայնագրի բովանդակությանը։ Նա մասնավորապես ընդգծեց համաձայնագրի հետևյալ կետը. «Երկրորդ հոդվածով սահմանվում է, որ եթե կողմերից մեկը երրորդ կողմի կամ երրորդ երկրների խմբի կողմից ռազմական ագրեսիայի կամ սպառնալիքի տակ է գտնվում, ապա կողմերը փոխադարձ ամեն միջոցներով, այդ թվում ռազմական փոխադարձ օգնություն և աջակցություն են տրամադրում»։
Փորձագետը նշեց, որ ինքն այնուամենայնիվ դեռևս իրատեսական չի համարում, որ կնքված համաձայնագիրը հնարավորություն կտա ռազմաբազա տեղակայել Նախիջևանում, քանի որ, ըստ Հովսեփյանի, նման քայլ կատարելիս պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանային մյուս երկրների արձագանքը։
«Սա ընդհանուր ռազմաքաղաքական տեսանկյունից Ռուսաստանի դիրքերի որոշակի թուլացում է նշանակում, որովհետև ինչպես կարելի է հասկանալ, որ Թուրքիան նման համարձակություն ունի տարածաշրջանում նման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»,– համաձայնագրի շուրջ իր կարծիքը հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ համաձայնագրի վավերացման արդյունքում հարկավոր է ավելի զգոն լինել։
Թուրք–ադրբեջանական համաձայնագրի առումով ՀՀ ՊՆ Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը կարևորեց այն հանգամանքը, թե արդյոք այդ պայմանագիրը կարող է հանգեցնել տարածաշրջանում ուժերի բալանսի փոփոխության։ Այդուհանդերձ, մասնագետն այն կարծիքին է, որ հաշվի առնելով ներկա զարգացումները և այն, որ թուրք–ադրբեջանական տվյալ համաձայնագրին ի պատասխան մենք էլ ունենք հայ–ռուսական դաշնակցային պայմանագիր, կարելի է վստահ ասել, «որ տեսանելի ապագայում, այնուամենայնիվ, թուրք–ադրբեջանական դաշնակցությունը չի հանգեցնի ուժերի հավասարակշռության շեշտակի փոփոխության, որովհետև մենք էլ տարածաշրջանային զարգացումներին արձագանքում ենք ադեկտվատ կերպով և կարծում եմ՝ բալանսը կպահպանվի»։
Դավիթ Ջամալյանը նաև նկատեց, որ պատերազմի վերսկսումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ տարածաշրջանում արձանագրվի ուժերի շեշտակի փոփոխություն։
Պատերազմի վերսկսման հավանականության մասին խոսելիս մասնագետը կանխատեսեց Ադրբեջանի հաջորդ տարվա վարքը. «Այն, ինչ տեղի է ունեցել անցնող տարի, չի բացառվում որ նույն պատկերը կունենանք նաև առաջիկայում»,– ասաց Ջամալյանը՝ պարզաբանելով, որ խոսքը դիվերսիաների, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին է։
Բացի այդ, նա նշեց, որ Ադրբեջանը կփորձի նաև ինչ–որ պատասխան քարոզչական, դիվանագիտական և կեղծ պատմական թեզեր դնել շրջանառության մեջ։ Նկատելով, որ Ադրբեջանի շրջանառած կեղծ պատմական թեզերին Հայաստանի նախագահը պատասխանում է, Դավիթ Ջամալյանը կարևորեց նաև Հայաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքի ակտիվացումն այս ուղղությամբ։

No comments: