Saturday, December 4, 2010

Նախիջևանի օրինակը շատ տիպիկ է ադրբեջանա-թուրքական քաղաքականության համար. Քաղաքագետ

Panorama.am. 3-12-2010- «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակում նախօրեին ՀՀ նախագահի ունեցած ելույթը կարևորում է նախ այն առումով, որ արդեն որերորդ անգամ շատ ճիշտ կերպով որպես հիմնավորում բերվում է Նախիջևանի օրինակը:
«Նախիջևանի օրինակը շատ տիպիկ է ադրբեջանա-թուրքական քաղաքականության համար, և կարծում եմ, ավել բան ասել ելույթի համար տրված ժամակահատվածում կարծես թե անհնար է: Կարծես թե բոլոր անհրաժեշտ շեշտադրումները կատարվեցին»,-ասաց Գ. Հարությունյանը:
Ըստ նրա, ելույթն ուղղված էր նաև մեր հանրությանը, որպեսզի մարդիկ հասկանան, որ հարցը չի վերաբերում Ղարաբաղը հանձնելուն կամ չհանձնելուն:
«Ինձ թվում է, սա մի ուղերձ է , որպեսզի մենք էլ հասկանաք, որ նման ռազմատենչ հարևան ունենալով, որը համարում է, որ Երևանը Ադրբեջանի մի մաս է, ապա ինչպիսի՞ տարածքային ամբողջականության մասին կարող է խոսք լինել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ ամբիոնից նախօրեին հայտարարել էր, որ Ադրբեջանի կազմում ամենաբարձր մակարդակի ինքնավարություն ունեցող Նախիջևանում հայկական մշակութային ժառանգությունն ի սպառ ոչնչացումը ադրբեջանական երկարատև և հետևողական հայատյած քաղաքականության գագաթնակետն էր:
«Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի պաշտոնյաները որևէ առիթ բաց չեն թողնում ասելու, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանը գտնվում է, այսպես կոչված, «պատմական ադրբեջանական հողերի» վրա»,-հայտարարել էր ՀՀ նախագահը:
Հարությունյանը խոսեց նաև Աստանայում ընդունված հնգակողմ հայտարարության մասին: Կարևորեց վկայակոչումը ՄԱԿ-ի կանոնադրությանը, որտեղ բոլոր սկզբունքները հավասար հարթությունում են: «Զուտ դիվանագիտական, իրավաբական տեսանկյունից դա մեզ ավելի լայն հնարավորություններ է տալիս գործելու»,-ասաց քաղաքագետը:

No comments: