Saturday, December 4, 2010

Ադրբեջանի տնտեսությունը ենթարկվում է մենաշնորհային շահերին. Wikileaks

Tert.am. WikiLeaks-ի հրապարակած ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերից մեկում խոսվում է Ադրբեջանում շատ հայտնի ընտանիքներից մեկի՝ Հեյդարովների ընտանիքի մասին, որը Ադրբեջանի գործարար աշխարհում ունեցած ազդեցության տեսանկյունից երկրորդ ընտանիքն է՝ Փաշաևի ընտանիքից հետո (Ալիևի կնոջ ընտանիքը)։ Հեյդարովները Ադրբեջանում մեծ գործարարական կայսրություն են ղեկավարում՝ մրգահյութերից մինչև անշարժ գույք։
Ինչպես հայտնում է Русский Репортёр-ը, փաստաթղթում նշվում է, որ Քյամալեդին Հեյդարովը՝ ընտանիքի ամենաազդեցիկ անդամը, շատ դիտորդների կարծիքով, հավանաբար «ավելի հզոր է, քան նախագահը»։
Հեյդարովը ծնվել է 1961 թ.։ Տարբեր պետական և մասնավոր ձեռնարկություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելուց հետո նա 35 տարեկանում դարձել է Պետական մաքսային կոմիտեի նախագահ, որը, ինչպես նշվում է փաստաթղթում, նույնիսկ ադրբեջանական չափանիշներով «կազմակերպություն է՝ կաշառակերության բարձր մակարդակով»։
2006 թ. Հեյդարովը զբաղեցրել է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, իսկ այդ նախարարությունը, ըստ փաստաթղթի, ենթադրվում է, որ ամենամեծ եկամուտն ունի մյուս բոլոր նախարությունների համեմատ։
«Հաճախ են կատակում, թե Ադրբեջանում դատական համակարգում դատը կարելի է շահել, եթե դու դատավորի ընկերն ես կամ հրավիրել ես Բենջամին Ֆրանկլինին (այսինքն լավ վճարել ես)։ Իհարկե, դատարանում հաղթելու համար կա նաև այլ ճանապարհ՝ լուրջ քաղաքական ուժ ներկայացնելը»։
Փաստաթղթում նշվում է, որ շինարարության համար անվտանգության վկայական ձեռք բերելը շատ նման է վերոհիշյալին։ Իսկ այդ վկայականը տրամադրում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Նախարարությունը շինարարության անվտանգության համար վկայականներ է տալիս, իսկ շենքերը փլվում են։ Փաստաթղթում բերվում են շենքերի փլուզման օրինակներ, ինչի հետևանքով մարդիկ են մահացել։
«Նման օրինակները նախարարության հեղինակության վրա ազդում են, որը մեծ հաշվով դիտարկվում է որպես «Բաքվի վերնախավի և անմիջապես Հեյդարովի ընտանիքի համար կթու կով»։
Փաստաթուղթը անդրադարձել է նաև Հեյդարովի որդիներին՝ Նիջաթ և Տալեհ Հեյդարովներին, որոնք վերջերս ցանկություն են հայտնել երկու «Գոլֆսթրիմ» ինքնաթիռ գնել՝ յուրաքանչյուրը 20 մլն դոլար արժողությամբ։ «Գոլֆսթրիմներ»–ի 50 տոկոս իրավունքը պատկանում է Shams al Sahra FZCO ընկերությանը, որը Դուբայում գրանցված ընկերություն է՝ Նիջաթ և Տալեհ Հեյդարովների անունով։
Փաստաթղթում նշվում է, որ Հեյդարովները մենաշնորհացրել են մրգային հյութի շուկան՝շատ բարձր գին սահմանելով և դժվարացնելով Թուրքիայից, Ուկրաինայից և Ռուսաստանից ավելի էժան մրցակիցների «կյանքը»։
«Ադրբեջանի տնտեսությունը զգալի չափով ենթարկվում է մենաշնորհային շահերին, իսկ դիտորդները կարծում են, որ Հեյդարովը այդ անմրցակցային բուրգի գլխավերևում է»,– նշվում է փաստաթղթում։
Նրա որդին՝ Տալեհը, «Ադրբեջանի եվրոպական կազմակերպության» նախագահն է։ Փաստաթղթում նշվում է, որ թեև այդ կազմակերպությունը անկախ մարմին է, սակայն «նրա զրույցները արտացոլում են պաշտոնական Ադրբեջանի նպատակներն ու ձգտումները»։ Իբրև օրինակ բերվում է այն, որ վերջերս Տալեհը և նրա կոհորտան բարձրացրել են «հայկական ագրեսիայի» հարցը ԼՂ-ում՝ բողոքելով Կոնգրեսի՝ ԼՂ –ին հումանիտար օգնություն տրամադրելու ջանքերի դեմ։

No comments: