Saturday, December 4, 2010

Հայազգի տնտեսագետը հնարավոր է դառնա Նոբելյան մրցանակակիր. Bloomberg

Tert.am. 3-12-2010- Հայազգի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն հնարավոր է մոտ ապագայում ստանա Նոբելյան մրցանակ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet օրաթերթը՝ վկայակոչելով Bloomberg հեռուստաալիքին, որը հատուկ թողարկում էր պատրաստել համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետի մասին։
Հիշեցնենք, որ Տարոն Աջեմօղլուն վերջերս տեղ էր զբաղեցրել ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականի կողմից հրապարակված «Համաշխարհային 100 ինտելեկտուալների» (The Top 100 Global Thinkers) ցանկում։
Անկարան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Միացյալ Նահանգներում բնակվող պոլսահայ տնտեսագետի նկատմամբ և ցանկանում է, որպեսզի նա կարևոր դերակատարություն ստանձնի Թուրքիայի տնտեսության մեջ։ Անձամբ Թուրքիայի արտգործնախարարը նրան հրավիրել է ապրել և աշխատել Թուրքիայում:
Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967թ. Ստամբուլում: 1986թ. ավարտել է Գալաթասարայի վարժարանը, որից հետո` Անգլիայի Յորք համալսարանի տնտեսագիտության բաժինը, իսկ գիտական աստիճան ստացել է Լոնդոնի տնտեսագիտական համալսարանում, որտեղ և դասավանդել է 1992-1993թթ.: 1993–ից ի վեր դասավանդում է Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտում:
IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների վարկանշային աղյուսակում Տարոն Աջեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը, այն դեպքում, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Պոլ Կրուգմանն այդ աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:

No comments: