Saturday, December 4, 2010

Աշխարհը ցնցած WikiLeaks-ի կայքում Աթաթուրքի նկարն է հայտնվել. Ի՞նչ է դա նշանակում

News.am. 3-12-2010- Թուրքիայի բոլոր լրատվամիջոցները որպես ցնցող լուր են ներկայացնում այն, որ ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերը հրապարակած Wikileaks-ի կայքէջում հայտնվել է արխիվների սենյակի մի նկար, որտեղ դարակներից մեկի վրա դրված է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարը:
Wikileaks-ի կայքում տեղադրված են նկարներ, որոնք կայք այցելողները կարող են ներբեռնել ու օգտագործել որպես մոնիտորի էկրանին տեղադրվող նկարներ: Այդ նկարներից մեկում, որը խորագրված է «Ժամանակն է բացել արխիվները», պատկերված են արխիվների դարակները` սկանդալային գործերի անվանումներով։ Դարակներից մեկում դրված է Աթաթուրքի լուսանկարը, իսկ պատից կախված է ԱՄՆ նախկին նախագահներից Նիքսոնի լուսանկարը, ով հրաժարական էր տվել սկանդալային Watergate-ի պատճառով։ Ի դեպ, Աթաթուրքի լուսանկարի ներքեւի դարակում դրված է նարգիլե:
Դարակների վրա հայտնված գրությունները վերաբերում են՝ աֆղանական պատերազմին, Քենեդիի սպանությանը, բանկային խարդախություններին, Գուանտանամոյին, Բիլդերբերգի հանդիպմանը։
Թուրք մեկնաբանները չեն կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է մեղադրական գործերով լցված դարակներից մեկում դրված Աթաթուրքի լուսանկարը։ Որոշները կարծում են, որ դա կապված է հայերի եւ հույների ցեղասպանություններին նրա առնչություն ունենալու հետ:
Twıtter-ի որոշ հույն օգտագործողներ իրենց անհանգստություն են հայտնել, որ Wikileaks-ի կայքի նկարում հայտնվել է Աթաթուրքի լուսանկարը։
Milliyet-ի հիշյալ հրապարակման տակ հետաքրքիր մեկնաբանություն էր թողել մի ընթերցող։ «Wikileaks-ը գաղտնիքներով լի մի դուռ է բացում եւ ներսում Աթաթուրքի նկարն է։ Չեմ կարծում, որ այնտեղ Աթաթուրքին գովելն են օրինակ վերցրել։ Բացի այդ, մտածելու տեղիք է տալիս, որ հրապարակված փաստաթղթերում Իսրայելի հետ կապված ոչինչ չկար»,-նշել է Turk Style նիկով թուրք ընթերցողը։

No comments: