Tuesday, January 18, 2011

ԱԼԻԶԱԴԵ՞Ն ԷԼ Է ՀԱՅ

Բաքվի ջարդերի հերթական տարելիցի առթիվ մամուլում հրապարակումներին «հակադարձելով», ադրբեջանական կողմը, մասնավորապես, «հերքել» է հայազգի քաղաքացիների ցուցակների գոյությունը եւ առաջարկել «ներկայացնել փաստեր»:
Տրամաբանությունն, ինչ խոսք, «երկաթյա» է, քանի որ, ըստ երեւույթին, դրանք կամ ոչնչացվել են, կամ պահվում են իշխանության եւ ԱԺՃ արխիվներում: Իսկ հակահայկական ելույթների, բռնությունների եւ այլ իրադարձությունների շուրջը ժամանակակիցների, դեպքերի ականատեսների վկայությունների պակաս չկա: Այդ թվում` ադրբեջանցիների:
Այս առումով ուշագրավ է Զարդուշտ Ալիզադեի «Երկրորդ հանրապետության վախճանը» գիրքը, որին կարելի է ծանոթանալ համացանցում:
«Հոկտեմբերի կեսերին վերադառնալով մի ուղեւորությունից, ես ուշ երեկոյան մտա ԱԺՃ կենտրոնակայան եւ բարձրացա վարչության սենյակ: Երբ բացեցի դուռը եւ ներս մտա, տեսա սարսափելի վայրենի պատկեր. աթոռին նստած էր մի ոչ բարձրահասակ տղամարդ, որի ձեռքերից եւ ուսերից բռնել էին հինգ-վեց մարդ:
Աթոռին նստածը ողողված էր արյունով, դեմքին կապտուկներ էին եւ այտուցներ: Երբ ես ներս մտա, հետեւից ինչ-որ մեկը միաժամանակ ափերով հարվածում էր նրա ականջներին:

- Ի՞նչ եք անում,- բղավեցի ես:
Մոտեցավ Աբուլֆազ բեյի (Էլչիբեյի - Վ. Ա.) ինձ հայտնի «տղաներից» մեկը եւ ուրախ զեկուցեց.

- Հայ ենք բռնել, ատրճանակն ինչ-որ տեղ է շպրտել, չի խոստովանում, ծեծում ենք, որ խոստովանի:
Ամեն ինչ հասկանալի էր: Ես մոտեցա երկու հաղթանդամ, քրտնամխած, դեմքերը կարմրած տղամարդու, որոնց նախկինում ԱԺՃ-ում չէի տեսել.

- Իսկ դուք ո՞վ եք:
- Մենք 26 կոմիսարների շրջանի միլիցիայի սպաներ ենք, էս քաղաքացիների օգնությամբ հայ ենք բռնել, նախկին քրեական է, փախուստի ժամանակ ատրճանակը շպրտեց», պատմում է Զարդուշտ Ալիզադեն:
Ըստ հեղինակի, այդ ամենին ականատես էր Իսա Ղամբարովը, որն, ի պատասխան «Մի՞թե դու չես տեսնում» հարցին, ինչպես Ալիզադեն է գրում, «իրեն բնորոշ լկտիությամբ» պատասխանել է. «Ես այնքան էի տարված խոսակցությամբ, որ շուրջս ոչինչ չէի նկատում»:
Խոսքը 1989 թ. հոկտեմբերի կեսերին Ադրբեջանի ժողովրդական ճակատի կենտրոնակայանում տեղի ունեցած վայրագության մասին է: Ալիզադեն չի մանրամասնում, թե հետագա ի՞նչ ճակատագրի է արժանացել «նախկին քրեական հայը»: Առանց այդ էլ հասկանալի է: Միայն կարող ենք ենթադրել, որ նա, ամենայն հավանականությամբ, իր ժողովրդի դեմքը փրկելու համար հաշվեհարդարի տեսարանը գունազարդել է զոհի «քրեական անցյալի եւ ատրճանակի պատմությամբ»: Իրականում, չպետք է կասկածել, դա եղել է պարզ խոշտանգում:
Այնուհետեւ Ալիզադեն խոսում է մերձբալթյան ուղեւորության եւ Բաքու վերադառնալու մասին եւ շարունակում. «Բաքվում մեզ սպասում էին անցանկալի լուրեր: Մարդկանց փոքրիկ խմբեր` 10-20 հոգով, շրջում էին հիմնարկ-ձեռնարկություններով, ներխուժում տնօրենների մոտ եւ պահանջում աշխատանքից ազատել հայերին: Այդ խուլիգաններին գլխավորում էին Մոհամմեդ Խաթեմին, Խալիլ Ռզան (վերջինս բանաստեղծ է - Վ. Ա.): Միլիցիան ոչինչ չէր ձեռնարկում: Իրավիճակը սկսել էր հիշեցնել սումգայիթյան ջարդերի նախօրեն: Իշխանություններն իրենց անգործունեությամբ խրախուսում էին ջարդարարներին, նպաստում ամբոխի մեջ ամենաստոր բնազդների արթնացմանը»:
Սա, թերեւս, իրավիճակի ոչ այնքան հանգամանալի բնութագիրն է, բայց ընկալումը ճիշտ է, որին հետեւում է. «Վերադառնալով Բաքու, ես Լեյլա Յունուսովայից իմացա, որ ԱԺՃ կենտրոնակայանի դիմաց կախված են քաղաքի հայ բնակիչների ցուցակները` հասցեներով: Յունուսովան զանգել էր Իսա Ղամբարովին եւ պահանջել ցուցակները պոկել: Ղամբարովն ասել էր, որ ԱԺՃ վարչությունն արդեն իրավիճակը չի վերահսկում, որ «պատռված ցուցակները նորից են կախվում եւ ոչինչ անել հնարավոր չէ»:
Ալիզադեն, այսպիսով, վկայում է, որ Բաքվում ջարդերից առաջ կազմվել են ազգությամբ հայ քաղաքացիների ցուցակներ` հասցեներով, դրանք կախվել են ԱԺՃ կենտրոնակայանի դիմաց, որ ոչ ոք ոչինչ չի ձեռնարկել` կանխելու հասունացող ողբերգությունը:
Հեղինակն այնուհետեւ պատմում է իր եւ Ֆարհադ Բադալբեյլիի հեռախոսազրույցի մասին: Ըստ այդմ, կոնսերվատորիա է ներխուժում «կեղտոտ ջահելների մի խումբ եւ պահանջում ոչնչացնել բոլոր եվրոպական երաժշտական գործիքները, իջեցնել ռուս եւ եվրոպական երգահանների նկարները»: Երբ նրանք փորձում են պոկել Բեթհովենի նկարը, Բադալբեյլին միջամտում է եւ ասում, որ գերմանացի երգահանը... «սպանել է իր հայ ստնտուին: Միայն դրանից հետո նրանք կանգ առան եւ հարգանքով նայեցին համաշխարհային երաժշտության մեծ դասականի դիմանկարին»:
Կոնսերվատորիայի ռեկտորը, հայտնի դաշնակահարը, մտավորականն ի վերջո, «կեղտոտ ջահելների խմբին» այլ բան չի գտնում ասելու, քան, որ «Բեթհովենն սպանել է իր հայ ստնտուին»: Ահա ամբոխի եւ «ազգի ընտրյալի» մակարդակը: Բայց հետեւենք Ալիզադեի շարադրանքին. «Հայտնի դարձավ, որ Լենինի պողոտայում, երկաթուղային կայարանից ոչ հեռու, բաքվեցի կնոջ վրա, որ իր անչափահաս տղայի հետ անցնելիս է եղել փողոցը, մի խումբ ջահելներ հարձակվել են միայն այն բանի համար, որ նրանք խոսել են ռուսերեն: Ավազակախումբը ծեծել է տղային, նրան հարվածել դանակով... 1917-ի տարեվերջի Պետերբուրգը, 1934-ի Բեռլինը, 1989-ի տարեվերջի Բաքուն...», թեման այսպես է եզրափակում նա:
Ալիզադեն, հղում անելով Յուսիֆ Սամեդօղլուին (Սամեդ Վուրղունի որդուն), պատմում է մի դեպքի մասին, երբ նա եւ ժողովրդական բանաստեղծ Բախտիար Վահաբզադեն մեկնել էին հարավային շրջաններից մեկը` ներկայացնելու շրջկոմի նորանշանակ քարտուղարին: Բավական էր, որ Վահաբզադեն ակնարկեր, թե ով է քարտուղար լինելու, եւ ամբոխից հնչում են կոչեր. «Նա դավաճանել է մեզ, ծախվել կենտկոմին, այրել դավաճանի գրքերը, այրել»: Միայն մեծագույն ջանքերի շնորհիվ է Յուսիֆ Սամեդօղլուին եւ Վահաբզադեին հաջողվում փրկվել հաշվեհարդարից եւ ճողոպրելով` հասնել Բաքու:
Բռնությունների, ինչպես Զարդուշտ Ալիզադեն է վկայում, ենթարկվել են հայերը, ռուսախոս բնակչությունը, նաեւ` ադրբեջանցիներ, որոնք ամբոխին փորձել են ողջախոհության կոչ անել: Եվ պատահական չէ, որ նա 1989 թ. տարեվերջին Բաքուն համեմատում է ֆաշիստական ռեժիմի Բեռլինի հետ: Այո՛, դա այդպես էլ եղել է:
Բայց արդյոք Բաքվում անցած տարիներին որեւէ բան փոխվե՞լ է: Ըստ ամենայնի` ոչ: Այլապես չէին փորձի ամեն գնով «հերքել» անհերքելին: Այլ կընդունեին իրողությունը որպես ցավալի դաս: Որպեսզի այն երբեք չկրկնվի: Մինչդեռ «կեղտոտ ջահելներից» Բեթհովենի «հայ ստնտուի պատմությամբ» սեփական գլուխը մի կերպ փրկած Ֆարհադ Բադալբեյլին այսօր հանդես է գալիս որպես «ԼՂ ադրբեջանական համայնքի վարչության անդամ» եւ դեռ հավակնում «խաղաղարար առաքելության»: Ի՞նչ բարոյական իրավունք ունի Բադալբեյլին խոսելու երկու` ադրբեջանական եւ հայ ժողովուրդների միջեւ խաղաղության հաստատման մասին, եթե նա «կեղտոտ ամբոխի» ֆաշիստական մղումներից սարսափած` Բեթհովենին անվանել է ... հայասպան, որպեսզի դրանով արդարացնի մեծ երգահանի դիմանկարը չպղծելու մասին իր խոսքի «արդարացիությունը»:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: