Tuesday, January 18, 2011

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԿԻՊՐՈՍԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ` ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ

«ԱԶԳ», 18-01-2011- «Հայաստանն ու Կիպրոսը փայլուն հարաբերություններ ունեն, եւ ուզում եմ վստահեցնել, որ ես ու նախագահ Խրիստոֆիասը կանենք ամեն ինչ այդ ուղղությամբ», Հայաստանի նախագահի այս խոսքերին ի պատասխան Կիպրոսի նախագահը ասել է. «Կիպրոսը կաջակցի Հայաստանին Եվրոմիության հետ կապերն ամրապնդելու հարցերում: Հայաստանը կարող է Կիպրոսին ընկալել որպես Եվրոպայում ներկա հաստատուն բարեկամի եւ նեցուկի»:
Հիշեցնենք, որ երեկ մեկնարկեց նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Կիպրոս: Ինչպես նախորդ համարում տեղեկացրել էինք` Սերժ Սարգսյանը Կիպրոսում հանդիպումներ ունեցավ նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի, արքեպիսկոպոս Խրիստոմոս Երկրորդի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանի հետ: Հայաստանի նախագահը երեկ մասնակցեց նաեւ հայ-կիպրական գործարար համաժողովի բացմանը: Երկու, իրենց իսկ բնորոշմամբ, «եղբայրական երկրների» ղեկավարները հանդիպումից հետո` համատեղ ասուլիսում անդրադարձան ժողովուրդների դարավոր բարեկամական կապերին. «Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրների միջեւ հաստատվել են ամուր կապեր, որոնց հիմքում մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն է, իսկ նոր ժամանակներում` նաեւ ընդհանուր եվրոպական ժողովրդավարական արժեքները: Հայ-կիպրական բարեկամությունը զարգացման մեծ ներուժ ունի: Նախագահ Խրիստոֆիասի հետ արձանագրեցինք, որ հավելյալ քայլեր կձեռնարկենք համագործակցության ողջ ներուժը լիարժեք օգտագործելու համար: Կարծում եմ` դրան կնպաստի հենց այս այցի շրջանակներում տեղի ունեցող գործարար համաժողովը, ինչպես նաեւ մի քանի օր առաջ Երեւանում կայացած հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը», համատեղ ասուլիսում նշել է Հայաստանի նախագահը: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանի եւ Կիպրոսի դեպքում հեռանկարային է համագործակցությունը զբոսաշրջության եւ սննդամթերքի վերամշակման գործում, իսկ մշակութային ոլորտում առկա ամուր կապերի զարգացումը բացառիկ կարեւորություն է ներկայացնում: Կիպրոսի նախագահը նույնպես ընդլայնվելու հնարավորություն է տեսնում հայ-կիպրական առեւտրային, մշակութային ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցության առումով:
Տարածաշրջանի բոլոր երկրների` կոնկրետ Կիպրոսի համար հսկայական հետաքրքրություն ներկայացնող հայ-թուրքական հարաբերություններին երկու նախագահները նույնպես անդրադարձել են: «Ինչպես եւ մեր բարեկամ Կիպրոսը, մենք սովորություն չունենք մեր խնդիրները լուծել սպառնալիքների եւ քաղաքական շահարկումների լեզվով:
Կարծում եմ, քաջատեղյակ եք, որ չնայած հարաբերությունները կարգավորելու Հայաստանի պատրաստակամությանը` հայ-թուրքական սահմանն առաջվա պես փակ է, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել», ասել է Հայաստանի նախագահը:
Նախագահ Խրիստոֆիասը իր հերթին նշել է. «Ողջունում ենք հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ Հայաստանի կառավարության եւ բարեկամ նախագահի ցուցաբերած խիզախ կեցվածքը: Որպես կիպրացիներ շատ լավ ենք հասկանում թե՛ այս գործի դժվարությունը եւ թե՛ դրա անհրաժեշտությունը: Մաղթում ենք, որ հարկ եղած կամքը ցուցաբերվի, որպեսզի այս գործընթացը արդյունավետ ելք ունենա եւ դրական կերպով ազդի թե՛ երկու երկրների եւ թե՛ մյուսների վրա»:
Ինքնորոշված Արցախի հիմնահարցը նույնպես զգայուն ու հարազատ է Կիպրոսի համար, այս առումով Հայաստանի նախագահը կիպրոսցի գործընկերոջ հետ զրույցում նշել է, որ «յուրաքանչյուր հակամարտություն պետք է լուծվի` հաշվի առնելով պատմական անցյալն ու յուրահատկությունները»: Համատեղ ասուլիսում Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ Կիպրոսի նախագահը կիսում է իր դիրքորոշումը. «Հենց դա է պատճառը, որ մենք սատարում ենք միմյանց դիրքորոշումները` այդ հակամարտությունների կարգավորման առումով, եւ չենք համարում, որ ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները իրարամերժ են», ընդգծել է ՀՀ նախագահը:
Կիպրոսի նախագահը այս առումով ընդգծել է, որ իր երկիրը «ամբողջովին զորակցում է նախագահ Սարգսյանի պատրաստակամությանը` լուծելու ղարաբաղյան հիմնահարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ բանակցությունների ձեւաչափով եւ հիմնված միջազգային իրավունքի վրա»: Կրկին անդադառնալով հայ-կիպրական հարաբերություններին` նախագահ Խրիստոֆիասը նշել է. «Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ հարաբերությունները գերազանց մակարդակի վրա են, բարեկամական ու եղբայրական բնույթ են կրում: Այսօրվա մեր առանձնազրույցը, ինչպես նաեւ մեր պատվիրակությունների ներկայությամբ կայացած բանակցություններն ընթացան ջերմ, փոխադարձ ըմբռնման ու զորակցության մթնոլորտում»:
Ի վերջո հայ-կիպրական քննարկումների ու բանակցություններով Հայաստանի եւ Կիպրոսի կառավարությունների միջեւ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, ինչպես նաեւ քաղաքական հռչակագիր: Վերջինս իր բնույթով աննախադեպ է: Մասնավորապես Երեւանը` «իր աջակցությունն է հայտնում Կիպրոսի հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերին` ինչպես նկարագրված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերում եւ գնահատում է Կիպրոսի ստեղծագործական մոտեցումնՙ ուղղված հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, եւ ափսոսանք է հայտնում, որ այդ մոտեցումները թուրքական կողմից պատշաճ կերպով չեն ընդունվում»: Փաստորեն Երեւանը` առաջին անգամ գրավոր, միջպետական փաստաթղթի տեսքով իր աջակցությունն է հայտնում Կիպրոսին, որի պատասխան քայլը էլ ավելի աննախադեպ է: Այսպես. Նիկոսիան` «Իր աջակցությունն է հայտնում ԼՂ հակամարտության լուծման ջանքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում եւ շեշտում, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ միջոցներով, առանց ուժի կիրառման` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի վրա: Կիպրոսը իր աջակցությունն է հայտնում ՀՀ-ի կառուցողական ջանքերին` ուղղված ԼՂ հակամարտության լուծմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում ընթացող բանակցությունների միջոցով, որոնք հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկած տարրերի վրա, որոնք, ի թիվս այլոց, ներառում են ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով»: Փաստորեն առաջին անգամ` միջազգային իրավունքի եւ ԵՄ անդամ Կիպրոսը ոչ միայն «կառուցողական է» որակում ՀՀ ջանքերը ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ, այլեւ` ԼՂ հիմնահարցի կարգավորումը պայմանավորում է ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությամբ: Հայ-թուրքական հարաբերությունների առումով նույնպես նախադեպային է հայ-կիպրական հռչակագիրը, ըստ որի կիպրական կողմը` «ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի ջանքերն, ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով կանգ առան»:
Հայ-կիպրական քննարկումների արդյունքում մասնավորապես ստորագրվել է նաեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու համաձայնագիր: Բացի այդՙ երկու կառավարությունների միջեւ ստորագրվել են 2011-2012 թթ. համար տուրիզմի բնագավառոււմ համագործակցության համաձայնագրի իրականացման նպատակով համատեղ գործողությունների ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր եւ աշխատանքային ծրագիր` առողջապահության եւ բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին:
Երեկ երեկոյան Հայաստանի նախագահը հանդիպել է Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչներին, իսկ այսօր առավոտյան Լառնակա քաղաքում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակ դնելուց հետո նախագահը պետական այցով կմեկնի Հունաստան:
Հ. ԱՖՅԱՆ

No comments: