Tuesday, January 18, 2011

«Հրանտի ու Ռաքելի սերը նման էր հեքիաթի». պատմում է Ռաքել Դինքի քույրը

HayNews.am. 18-1-2011- «Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի քույրը՝ Երջանիկ Մունգանը, ով այժմ բնակվում է Մարսելում, Hurriyet-ի թղթակցին պատմել է Ռաքելի և Հրանտի մեծ սիրո, նրանց ավանդույթներով ու սովորություններով լի ամուսնության մասին՝ այս ամենը նմանեցնելով հեքիաթի: Վարդանի գերդաստանի (առավել հայտնի է քրդական Վարթո աշիրեթ անվանումով) առաջնորդի՝ Սիամենթի դուստրերը՝ Ռաքելն ու Երջանիկը տարբեր մայրեր են ունեցել, բայց ապրել և մեծացել են միասին: 1960-ականների սկզբներին, երբ Պոլսո հայոց պատրիարք Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը կազմակերպում է Վարդանի գերդաստանի տեղափոխոթյունը Պոլիս, առաջիններից, ովքեր մեկնում են քաղաք, լինում են Սիամանթի դուստրերը՝ Ռաքելն ու Երջանիկը:
«Թուզլայում մենք տեսանք մեր ավագ քրոջ՝ Ռաքելի և Հրանտ ախպերիկի մեծ սերը: Սակայն մեր հայրն այնքան էլ կողմ չէր դեպքերի նման զարգացմանը: Դեմ էին նաև գերդաստանի մյուս մեծերը: Այնուամենայնիվ, գործին խառնվեց անձամբ պատրիարքը: Հայրս պահանջեց 20 հազար թուրքական լիրայի չափով գլխագին Ռաքելի համար: Այդ ժամանակ դա աստղաբաշխական թիվ էր: Նույն պատրիարքի միջնորդությամբ հայրս գլխագինը դարձրեց 6000 լիրա, ինչն էլ ի վերջո վճարեց Դինքը: Միայն այդ քայլից հետո Սիամենթ աղան Ռաքելին կնության տվեց Հրանտին, բայց և միևնույն ժամանակ ամբողջովին հետ վերադարձրեց որպես գլխագին վճարված 6000 լիրան»:
Ռաքելը Վարդանի գերդաստանի առաջին աղջիկն էր, ով կնության տրվեց «օտար» մարդու: Մինչ այդ Վարդանի գերդաստանում խստորեն պահպանվում էր ներքին ամուսնությունների ավանդույթը, որն էլ հնարավորություն էր տվել հայկական մեծ գերդաստանին որոշակիորեն պահել ազգային դիմագիծը:«Մեր ընտանիքում 13 երեխա կար, սակայն Ռաքելը հորս աչքի լույսն էր»,-նշում է Ռաքելի քույրը:
«Հրանտի ու Ռաքելի սերը նման էր հեքիաթի»,-շարունակում է Երջանիկը. «Երբ սպանվեց Հրանտը, սպանվեց միանգամից երկու մարդ, քանի որ քույրս չէր կարող ապրել առանց նրա: Միակ բանը, որ Ռաքելին ստիպեց ապրել, հավատն էր առ Աստված»:
«Մենք այժմ ամեն կերպ փորձում ենք օգնել Ռաքելին, ուժ տալ նրան: Մենք կորցրեցինք մի սիրտ, սիրտ, որն ամբողջովին լի էր սիրով ու բարեկամությամբ»,-նշում է Ռաքելի քույրը:

No comments: