Tuesday, January 18, 2011

Հայ բեռնափոխադրողները Թուրքիայում «գցել են» հայ առեւտրականներին

News.am. 18-1-2011- Նախորդ տարի սննդի ոլորտում բարձր գնաճից հետո այս տարի Հայաստանի քաղաքացիներին եւս մեկ տհաճ անակնկալ է սպասվում: Այսուհետ Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն հագուստի, արդյունաբերական եւ եւս մի շարք այլ ապրանքների համար վճարել գրեթե կրկնակի ավելի, քանի որ մի քանի խոշոր հայկական բեռնափոխադրող ընկերություններ անակնկալ կերպով կրկնակի բարձրացրել են Թուրքիայից Հայաստան բեռնափոխադրումների գինը:
Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Ստամբուլից, տարօրինակն այն է, որ բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունները այս տհաճ լուրը հայտնել են այն ժամանակ, երբ Երեւանից Ստամբուլ ուղեւորվող մի քանի տասնյակ ավտոբուսներ դուրս էին եկել Հայաստանից եւ արդեն գտնվում էին Թուրքիայի տարածքում: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս լուրը լսելուն պես մի քանի ավտոբուս հետ են դարձել ճանապարհից, չնայած արդեն մտել էին Թուրքիայի տարածք, սակայն չէին հասել Ստամբուլ:
Ավտոբուսային փոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցները վստահեցրել են ուղեւորներին, թե իրենք տեղյակ չեն եղել այդ տհաճ անակնկալի մասին: Իսկ անխտիր բոլոր առեւտրականները համոզված են, որ տվյալ քայլն արվել է միտումնավոր, այլապես եթե մինչ ավտոբուսների շարժվելը(Երեւան-Ստամբուլ ուղերթերն իրականացվում են շաբաթ օրը բոլոր ավտոբուսային փոխադրողների համար) հայտնի դառնար գների բարձրացման տհաճ լուրը, բոլոր առետրականները կհրաժարվեին նման պայմանով ապրանք բերելուց, եւ ավտոբուսները կմնային Երեւանում, իսկ բեռնափոխադրողները՝ առանց գործի:
Արդեն երկուշաբթի առավոտյան Ստամբուլի «Էմնիյեթ» ավտոկայանում, որտեղից իրականացվում է Ստամբուլ-Երեւան ուղերթը, մի քանի հարյուր խաբված հայաստանցի առեւտրականներ բողոքի չարտոնված ցույց են արել: Ցուցարարները դժգոհությամբ նշում էին, որ իրենք դարձել են դիտավորյալ խաբեության զոհ: Հայկական բեռնափոխադրող ընկերությունների ստամբուլյան ներկայացուցչությունների աշխատակիցների հետ բանակցությունները գրեթե արդյունք չտվեցին, քանի որ բեռնափոխադրողները համաձայնվեցին միայն այս ուղերթին եկած առեւտրականների համար կիրառել ոչ թե կրկնակի, այլ 50 տոկոսով բարձր գին: Այսինքն՝ եթե հագուստը մինչ այս տեղափոխվում էր Հայաստան 1կգ-ը 4 ԱՄՆ դոլարով, ապա միայն այս անգամ եկածները կվճարեն 6 դոլար, իսկ այնուհետ որպես հաստատագրված գին լինելու է բեռնափոխադրողների նշած 8 դոլարը: Նույն տրամաբանությամբ բարձրացել են նաեւ մյուս ապրանքատեսակների տեղափոխման գները:
Ստամբուլի ավտոկայանում հայաստանցիների բողոք-ակցիան չի վրիպել թուրքական լրատվամիջոցների ուշադրությունից, որոնք նկարահանում էին տեղի ունեցածը եւ մանրամասն հետաքրքրվում տեղի ունեցածով:

No comments: