Tuesday, January 18, 2011

Թուրքական մամուլի արձագանքը ՀՀ նախագահի կիպրոսյան այցին

Panorama.am. 18-1-2011- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հրավերով նախօրեին պետական այցով մեկնել էր Կիպրոսի Հանրապետություն: Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկվել էին ՀՀ արտաքին գործերի, Առողջապահության, Էկոնոմիկայի, Մշակույթի, Սփյուռքի նախարարները, ինչպես նաև բարձրաստիճան այլ անձինք: Սերժ Սարգսյանի կիպրոսյան հանդիպումներն ու ելույթները նկատելի ակտիվությամբ լուսաբանվել են նաև թուրքական մամուլում: Այդ թեմայով թողարկված լրահոսն անշեղորեն ներկայացրել է ՀՀ նախագահի հնչեցրած հայտարարությունները` ուղղակի և անուղղակի մեջբերմամբ:
Սերժ Սարգսյանի կիպրոսյան այցին լայն հետաքրքությամբ և մեծ ուշադրությամբ հետևել է հատկապես Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, որի հրապարակած լրատվանյութն արագորեն տեղ էր գտնում նաև այլ լրատվական կայքերում: Կիպրոսից ստացվող տեղեկությունների իսկությունը պահպանելով` թուրքական լրատվամիջոցներն, այնուամենայնիվ, զերծ չեն մնացել մատուցվող նյութին միջամտելուց` արտահայտելով իրենց վերաբերմունքը կամ ենթատեքստային մեկնաբանությունը: Այդ ամենն իրականացացվել է վերնագրային ձևակերպումների միջոցով: Ստորև ներկայացնում ենք թուրքական մի շարք լրատվական կայքերում (Hurriyet, CnnTurk, Bugun, Haberpan, Ihlas և այլն) տեղ գտած վերնագրերը, որոնք վկայում են թուրքական ակնհայտ անհանգստության մասին:
• «Սարգսյանը Կիպրոսից քննադատեց Թուրքիային»
• «Երևանից մի խրատ` Անկարայի եվրաինտեգրման ճանապարհին»
• «Սարգսյանի ուղերձը (մեսիջ) Թուրքիային»
• «Սերժ Սարգսյան. Առանց մեզ հետ հաշտվելու տեղ չունեք ԵՄ-ում»
• «Սարգսյանն անխնա հանդիմանեց Թուրքիային»
• «Հայերն ու հույները Թուրքիայի դեմ միասնական են»
Այսպիսով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր կիպրոսյան ելույթներով թուրքական լրատվամիջոցներում ընկալվել ու լսարանին է մատուցվել իբրև Թուրքիային հանդիմանող, խրատող, քննադատող, նախաձգուշացնող պետական գործիչ: Դատելով նախորդ օրվա թուրքական էլեկտրոնային մամուլի հրապարակումներից` կարող ենք հստակ առանձնացնել թեմային առնչվող լուսաբանումների այն առանցքային շեշտադրումները, հատկապես որոնց վրա էլ թուրքական ԶԼՄ-ները հրավիրում էին թուրք լսարանի ուշադրությունը:
1. Հայաստանի նախագահը հայտարարեց, որ Թուրքիան առանց իր անցյալի հետ հաշտվելու ու հարևանների հետ կառուցողական հարաբերություններ զարգացնելու չի կարողանա ԵՄ անդամ դառնալ:
2. Կիպրոսը վերահաստատել է ղարաբաղյան հարցում Հայաստանին աջակցելու իր հաստատակամությունը:
3. Հայկական կողմն էլ իր աջակցությունն է հայտնել կիպրացի հույներին Կիպրոսի հիմնախնդրի լուծման գործում:

No comments: