Tuesday, January 18, 2011

Իրանը ԱՄՆ-ին մեղադրել է կիբերհարձակման մեջ

Tert.am. 18-1-2011- Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլին ԱՄՆ–ին մեղադրել է Իրանի միջուկային օբյեկտների համակարգիչները Stuxnet վիրուսով վարակելու մեջ, հայտնում է Agence France-Presse–ը։
Ջալիլին ասել է, թե ինքը որոշ փաստաթղթերի հետ է ծանոթացել, որոնք հաստատում են, որ հարձակումն իրականցվել է «ի գոհունակություն» Միացյալ Նահանգների։
Ջալիլին ընդգծել է նաև, որ որոշ ԶԼՄ–ներում վիրուսի արդյունավետությունն այդուհանդերձ գերագնահատված է եղել. «Նրանք, ովքեր դա կազմակերպել էին, այժմ համոզվեցին, որ հարձակումն այդքան էլ հաջող չէր»,– նշելէ Ջալիլին։
Ավելի վաղ, գերմանցի համակարգչային փորձագետ Ռալֆ Լանգերը Stuxnet կոդի վերլուծության արդյունքում եկել է այն եզրահանգման,թե Իրանի միջուկային ծրագիրը երկու տարով հետ է ընկել։

Հունվարի 16–ին The New York Times թերթը, վկայակոչելով անանուն փորձագետներին, տեղեկացրել էր, որ Stuxnet–ը փորձարկվել է իսրայելյան հրաձգարաններում, որտեղ փորձարկման նպատակով ուրանի հարստացման համար իրանական ցենտրիֆուգների նմանօրինակներն են կանգնեցվել։ Հաղորդվում է, թե իբր այդ փորձարկումներն իրականցվել են ԱՄՆ և Իսրայելի համատեղ ջանքերով և ուղղված են եղել Իրանի միջուկային զենքի մշակման կասեցմանը։

Ինչպես հաղորդվել էր 2010թ. նոյեմբերին, Stuxnet վիրուսը 2009թ. ամռանը կարող էր Իրանի միջուկային օբյեկտներում հարյուրավոր ցենտրիֆուգներ շարքից հանել՝ ցենտրիֆուգների շարժիչների արագությունը կարգավորող և էներգիա մատակարարող կոնվերտերի պտտման հաճախությունը կտրուկ փոփոխելու միջոցով։

ՄԱԳԱՏԷ–ում ընդգրկված իրանցի դիվանագետները, մասամբ հաստատել էին համակարգիչների վիրուսով վարակված լինելու փաստը՝ 2010թ վերջին հայտնելով Իրանի ցենտրիֆուգներում առկա անսարքությունների մասին։
Stuxnet վիրուսն Իրանից բացի 2010 թ. հայտնաբերվել էր միանգամից մի քանի ասիական երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի և Ինդոնեզիայի համակարգչային համակարգերում։

Որևէ պաշտոնական տեղեկություն, որը կհաստատեր այս կամ այն երկրի, կամ կազմակերպության պատասխանտվությունը Stuxnet վիրուսի մշակման հարցում, դեռևս չկա։

No comments: