Monday, January 31, 2011

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇԱՆՏԱ՞Ժ

«Լրագիր» 31-1-2011- Նախընտրական շրջանը սոցիոլոգների «դրախտն» է, որովհետեւ նրանց պահանջարկն այդ ընթացքում մեծանում է, պատվերները շատանում են, ու թերեւս նաեւ թանկանում: Այդ իսկ պատճառով էլ վերջին շրջանում սոցիոլոգների ասուլիսները հաճախակի են դարձել, ու թերեւս էլ ավելի կհաճախակիանան: Մի քանի շաբաթ առաջ ահավոր հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հրապարակեց կուսակցությունների ու քաղաքական գործիչների իր պարզած վարկանիշը: Այսօր էլ Ադիբեկյանից ոչ պակաս ահավոր հայտնի սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանն իր պարզած վարկանիշն է հրապարակել:
Սակայն վարկանիշային թվերից ու տոկոսներից բացի, Գեւորգ Պողոսյանը մի բավական հետաքրքրական միտք էլ է հրապարակել: Նա ասել է, թե բնակչությունն ավելի շատ ոչ թե սոցիալական վիճակի, այլ պատերազմի վտանգի պատճառով է արտագաղթում Հայաստանից:

Սոցիոլոգ Պողոսյանի այդ դիտարկումը բավական հետաքրքիր է, հատկապես եթե նկատի ունենանք նախադեպերը, որոնք հիմք են տալիս ենթադրելու, իսկ շատերի համար էլ նույնիսկ համոզված պնդելու, որ սոցիոլոգները Հայաստանում հանրայնացնում են ընդամենը իշխանության ծրագրերը, մտադրություններն ու տրամադրությունները:

Արտագաղթը Հայաստանի համար թիվ մեկ ռազմավարական խնդիրներից է, եթե ոչ խնդիրների խնդիրը: Իշխանությունն էլ անկասկած գիտակցում է այդ կարեւոր խնդրի լուծման անհրաժեշտությունը, քանի որ ժողովրդագրական պատկերը Հայաստանում աղավաղվում է վտանգավոր արագությամբ: Ինչն է այստեղ հետաքրքրականը սոցիոլոգի այն պնդման մեջ, թե արտագաղթի գլխավոր պատճառը պատերազմի վտանգն է, ոչ թե սոցիալական ծանր կացությունը:

Նախ, այդպիսով ստացվում է, որ արտագաղթի համար պատասխանատվության հիմնական ծանրությունն իշխանության վրա չէ: Եթե արտագաղթի գլխավոր պատճառ է հռչակվում պատերազմի վտանգը, ապա ինչ անի այստեղ Հայաստանի իշխանությունը, որն առանց այն էլ ամեն ինչ անում է Ղարաբաղի խնդիրը կարգավորելու եւ պատերազմի վտանգը չեզոքացնելու համար. Ադրբեջանն է, որ ոչ մի կերպ չի համաձայնվում փոխզիջումների եւ պահանջում է ամբողջը: Այդպիսով, առաջին «նապաստակն» այն է, որ արտագաղթի հարցում իշխանության վրա չէ պատասխանատվության հիմնական բեռը:

Մյուս «նապաստակը», որ «խփվում» է արտագաղթի հիմնական պատճառը ոչ թե սոցիալական վիճակը, այլ պատերազմի վտանգը հռչակելով, դա այն է, որ փորձ է արվում նախընտրական օրակարգում առաջնային դարձնել կամ գերակա դարձնել ոչ թե հանրության սոցիալական պահանջները` գների թանկացում, աշխատատեղերի ստեղծում, եկամուտների աճ, աջակցություն փոքր ու միջին բիզնեսին, հարկային եւ մաքսային ագրեսիայի հաղթահարում, այլ պատերազմի վտանգը: Իսկ դա շատ հարմար միջոց է պարբերական շահարկումների համար: Նախընտրական պայքարի ցանկացած փուլում, ցանկացած պահի, երբ իրավիճակը կարող է իշխանության համար դառնալ անվերահսկելի` խոսքը հեղափոխության կամ ապստամբության մասին չէ, այլ թեկուզ օրակարգային առաջնահերթությունների եւ հասարակական տրամադրությունների ձեւավորման, իշխանությունը կարող է դրանք կանգնեցնել եւ շրջել պատերազմի շանտաժով. հանգիստ մնացեք ու մի մոռացեք, որ թշնամին կփորձվի օգտվել ձեր անհանգստությունից:

Պատերազմի վտանգը որպես արտագաղթի գլխավոր գործոն առաջ բերելը միանգամայն նպաստավոր է իշխանության նախընտրական ռազմավարության տեսանկյունից, որովհետեւ ակնհայտորեն երեւում է, որ սոցիալական առումով այս անգամ շատ դժվար է լինելու արդյունավետ կառավարել նախընտրական պրոցեսը, որովհետեւ մարդկանց կարիքներն ավելացել են, իսկ իշխանության փողն էլ ճգնաժամի ընթացքում պակասել է: Մինչդեռ հայտնի է, որ իշխանությունն իր փողն ավելացնելու մի միջոց ունի` ավելացնել քաղաքացիների սոցիալական ծանրությունը: Ստացվում է փակ շրջան, որը բացելու միակ հնարավորություն իշխանությունը թերեւս պատերազմի վտանգն է տեսնում:

Համենայն դեպս մինչ այժմ հենց կարծես թե հենց այդպես է եղել` ինչ իշխանությունն է տեսել, այն էլ տեսել են «պայծառատես» սոցիոլոգները, կամ հակառակը. ոչ մի էական տարբերություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: