Monday, January 31, 2011

«Ենի Մուսավաթ». «Արաբական ալիքը» կարող է հասնել Ադրբեջան

Panorama.am. 31-1-2011- Արաբական երկրներում տեղի ունեցող հեղափոխությունները և ժողովրդական շարժումները սկսել են լրջորեն անհանգստացնել ավտորիտար երկրների իշխանություններին, այդ թվում նաև` Ադրբեջանի իշխանությանը: Ադրբեջանցի վերլուծաբանները հայտնում են, որ հերթական հեղափոխական ալիքը կարող է հարվածել նաև Ադրբեջանին, որտեղ դեմոկրատական ինստիտուտները ճնշման տակ են, ազատ մամուլ գրեթե չի մնացել, այլընտրանքային մտածողությունը տեղ չունի, ընտրությունները կեղծվում են, օրենքներն ամեն քայլափոխի խախտվում են, անտեսվում են մարդու իրավունքներն ու արդարությունը:
Ադրբեջանի քաղաքացիներն ամենամանր հարցն անգամ չեն կարողանում լուծել առանց կաշառքի, իսկ պաշտոնյաներն իրենց ունեցվածքով, շքեղ և իքնագոհ ապրելակերպով բորբոքում են ժողովրդին: Իշխանության և ժողովրդի բոլոր խավերի միջև խորն անջրպետ և հակասություն է առաջացել: Բազմաթիվ փորձագետներ իրավացիորեն չեն բացառում, որ Ադրբեջանում ևս հնարավոր է, որ ժողովուրդը ոտքի ելնի` հանուն իր իրավուքների: Այդ պատճառով էլ իշխանությունը կառավարությանը հանձնարարել է շտապ «բարեփոխումներ» իրականացնել: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթը»` նշելով, որ բարեփոխում բառը չակերտներով է ներկայացնում, քանի որ կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության իշխանությունը վախենում է իրական բարեփոխումներից: Գնալ իրական բարեփոխումների` կաշառակերության, կոռուպցիայի, ստի և ուռճացված թվերի վրա հիմնված իշխանության համար ինքն իրեն տապալել կնշանակեր:
Այդ պատճառով էլ Ադրբեջանի իշխանության համար «բարեփոխումները» կարտահայտվեն մոտ օրերին` միայն մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից հեռացնելով: Իշխանությունն այդ մարդկանց կմեղադրի պարտավորությունները լավ չկատարելու, կաշառակերության, յուրացումների, ամենակարևորը` ժողովրդի և իշխանության միջև անդունդը խորացնելու մեջ:
Այս մասին թերթին տեղեկացրած աղբյուրը նշել է նաև Իլհամ Ալիևի իշխանության «քավության նոխազների» անունները: Դրանց թվում են տրանսպորտի նախարար Զիա Մեմեդովը, անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահ Քերեմ Հասանովը, հարկերի նախարարն ու նախարարության վարչությունների ղեկավարները, մաքսային ծառայության պետ Այդըն Ալիևը, նրա տեղակալները, Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Հաջիբալա Աբութալիբովը, Մետրոպոլիտենի պետ Թաղը Ահմեդովը, «Ազերէներջի»-ի նախագահ Էթիբար Փիրվերդիևը, «Ազալ»-ի ղեկավար Ջահանգիր Ասկերովը, կասպյան նավագնացության վարչության պետ Այդըն Բեշիրովը, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը, Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաևը, «Ադրբեջանի երկաթուղիներ»-ի ղեկավար Արիֆ Ասգերովը, «Ազերսու»-ի նախագահ Նիզամեդդին Ռզաևը:
Թերթը հայտնում է, որ առաջիկա օրերին հիշյալ անձանց ղեկավարած կառույցներում ստուգումներ կսկսվեն, ինչից էլ կախված կլինի նրանց հետագա ճակատագիրը: Թերթի աղբյուրը հայտնել է, որ իշխանությունը արաբական հեղափոխություններից հետո իրավիճակի վերլուծություն է սկսել այն պատճառով, որ վերջին մեկ տարվա ընթացքում չինովնիկական կամայականություններից վնաս կրած քաղաքացիների թիվն այնքան մեծ է, որ նախագահի աշխատակազմի վերլուծաբաններն ասել են, որ եթե այդ մարդկանց թեկուզ կեսը ոտքի կանգնի, Ադրբեջանում ժողովրդական հեղափոխություն կսկսվի:
«Ամենահետաքրքրականն այն է, որ իշխանական վերլուծաբաններն առանց թաքցնելու խոսել են, որ Ադրբեջանում ժողովրդական ապստամբության համար պարարտ հող կա: Այդ պատճառով էլ իրավիճակից դուրս գալու համար վարչակարգի տերերը «քավության նողազների» որոնումների են դուրս եկել և …գտել են: Այդ ցուցակը կարող է նաև աճել…Բայց դժվար թե այս զգայուն պահին դիպչեն նաև ոստիկանության և բանակի ղեկավարությանը: Ընդհակառակը, իշխանությունն ատամներով նրանց կպաշտպանի, քանի որ նման քայլը կարող է դառնալ ընդդիմության ոտքի ելնելու և հեղափոխական էյֆորիայի ուժգնացման պատճառ»,- գրում է «Ենի Մուսավաթը»:

No comments: