Tuesday, January 18, 2011

Էրդողանը հոդված է տպագրել Newsweek-ում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոդված է տպագրել հանրահայտ Newsweek ամսագրում, որը որոշ կրճատումներով ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

«Եվրոպայի ապահով մարդը»
Թուրքիային թվում է, թե ԵՄ-ն իր կարիքը շատ ունի
Էրդողանը գրում է, որ 21-րդ դարի սկզբին ականատեսն ենք լինում, թե ինչպես է փոփոխվում աշխարհը: G20-ը եկել է փոխարինելու G7-ին` որպես համաշխարհային տնտեսության կարգավորող ատյան: Եկել է ժամանակը բարեփոխելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպեսզի այն ավելի ներկայացուցչական լինի: Էրդողանը մատնանշում է մի քանի երկրներ` Հնդկաստան, Թուրքիա, Բրազիլիա, որոնք ավելի մեծ դեր են սկսել խաղալ համաշխարհային տնտեսության մեջ:
ԵՄ-ին անդրադարձում նա նշում է, որ ԵՄ-ն էլ չի կարող խուսափել ուժերի հավասարակշռության փոփոխությունից: Ֆինանսական ճգնաժամը ցույց տվեց, որ փոփոխությունների կարիք կա այդտեղ, քանի որ Եվրոպայի աշխատաշուկաներն ու սոցիալական ապահովության համակարգերը հայտնվեցին կոմայի, իսկ եվրոպական տնտեսությունները` լճացման մեջ:
Այս իրավիճակում, հարցնում է Թուրքիայի վարչապետը, արդյո՞ք նա կարող է պահպանել իր դիրքերը նոր աշխարհակարգի պայմաններում` առանց այդ հարցերին լուծումներ տալու:
Միաժամանակ Էրդողանը խոսում է Թուրքիայի մասին, որը` որպես ԵՄ թեկնածու երկիր, մեծ ազդեցություն ունի համաշխարհային թատերաբեմում իր տպավորիչ տնտեսական զարգացմամբ և քաղաքական կայունությամբ: Թուրքիան Եվրոպայի ամենազարգացող տնտեսությունն է Եվրոպայում և այդպիսին կմնա 2011թ.-ին: Իսկ Տնտեսական զարգացման և համագործակցության խորհրդի կանխատեսմամբ, 2050թ.-ին Թուրքիան ընդհանրապես կդառնա Եվրոպայի երկրորդ խոշորագույն տնտեսությունը:
Նա խոսել է նաև հարևանների հետ հարաբերությունների մասին` նշելով, որ Կովկասի, Բալկանների և մերձավորարևելյան երկրների հետ Թուրքիան վարում է «զրո խնդիրներ, անսահման առևտուր» քաղաքականությունը` դրանով իսկ պայմաններ ստեղծելով կայունության համար: «Սա ռոմանտիկ նեոօսմանականություն չէ, սա ռեալ պոլիտիկ է, որը հիմնված է աշխարհակարգի պահանջների նոր տեսլականի վրա»,- գրում է նա: Էրդողանը հույս է հայտնում, որ Եվրոպան նույնպես այսկերպ կգործի հաջորդ տասնամյակում:
Այս պայմաններում նա կարևոր է համարել խոսել Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին, որը խոչընդոտվում է ԵՄ որոշ անդամների կողմից, որի կապակցությամբ Էրդողանը հայտնել է իր դժգոհությունը: 22 հարցերից, որոնց շուրջ բանակցում է Թուրքիան, 18-ի հետ կապված բանակցությունները դադարեցված են: Նա այս ամենն անվանում է բյուզանդական խարդավանքների քաղաքականություն, որին ականատես չի եղել և ոչ մի թեկնածու երկիր: Եվ այս առումով, Թուրքիան յուրօրինակ դեպք է:
Էրդողանը զգուշացնում է, որ ԵՄ հետ բանակցություններում շրջադարձը շատ արագ մոտենում է: Նա բողոքել է, որ ընդունելով տարբեր երկրների այդ կառույցի մեջ, օգնելով նրանց տնտեսություններին` ԵՄ-ը թույլ չի տվել այդ երկրներին լուրջ խնդրների առաջ կանգնել: Այսպիսի վարվելակերպ Էրդողանը Թուրքիայի նկատմամբ չի տեսել:
Եվ այն, որ Թուրքիան կարող է դիմակայել այս փորձություններին, դեռ չի նշանակում, որ նրան պետք է դուրս թողնել այդ կառույցից: Էրդողանը հարց է տալիս, թե արդյո՞ք Թուրքիայի իշխանություններն են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության խոչընդոտը: Ըստ Էրդողանի` եթե այո, ապա ինքը լուրջ հարցեր ունի այդ հաշվարկներն անողների համար:
Էրդողանը նշում է, որ ի տարբերություն 50 տարի առաջվա Թուրքիայի, այն փոխվել է: Եվ իր երկիրը այլևս չի սպասելու փակ դռան առջև:
Ոմանք, ըստ Էրդողանի, կարծում են, թե Թուրքիան ԵՄ-ին այլընտրանք չունի: Սա, թերևս, ճիշտ է, քանի որ Թուրքիայի տնտեսությունն ամենից շատն է ինտեգրված ԵՄ-ին, իսկ Թուրքիայի բարեփոխումները միշտ խարսխված են եղել եվրոպական ազատականության և ժողովրդավարության վրա: Սակայն հակառակն էլ գոյություն ունի` Եվրոպան ռեալ այլընտրանք չունի Թուրքիային, հատկապես նոր աշխարհակարգում, որտեղ փոխվում է ուժերի հարաբերակցությունը: ԵՄ-ն ունի Թուրքիայի կարիքը` ավելի ուժեղ, հարուստ, ավելի բաց և անվտանգ լինելու համար: «Ես կարծում եմ,- եզրափակում է Էրդողանը,- որ ուշ չի լինի, նախքան նրանք այս փաստը կարձանագրեն»:

No comments: