Tuesday, January 18, 2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՔԻԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐԸ

«Լրագիր» 18-1-2011- ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հրապարակել էր Հայաստանի եւ Ադրբեջանի ՀՆԱ ցուցանիշները, որոնց միջեւ առկա է գրեթե կրկնակի տարբերություն: Եթե մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ հաշվարկով Հայաստանի ցուցանիշը 5 800 դոլար է, ապա Ադրբեջանի նույն ցուցանիշը 11 հազար դոլար է: Երեխայի համար էլ պարզ է, որ բանն այստեղ նավթն ու գազն են: Եթե դրանք չլինեին, կամ եթե Հայաստանն էլ դրանից ունենար, ապա ցուցանիշների տարբերություն կամ չէր լինի, կամ այն շատ չնչին կլիներ, ընդ որում գուցե առավելությունը լիներ Հայաստանինը, որովհետեւ հայերը բիզնեսի հարցում անկասկած առավել ընդունակ են, քան ադրբեջանցիները:
Բայց փաստն այն է, որ այժմ Ադրբեջանի ՀՆԱ ցուցանիշը զգալիորեն գերազանցում է Հայաստանին, եւ այդ առումով առկա է Հայաստանի համար բացասական միտում. Ադրբեջանը շարունակում է ավելի արագ աճ արձանագրել, քան Հայաստանը:
Դրա հիմնական վտանգ համարվում է այն, որ Ադրբեջանն այդպիսով կարող է ավելի մեծ կշիռ ձեռք բերել աշխարհում, հզորանալ եւ մի օր էլ գերտերություններից ստանալ պատերազմի թույլտվություն, որը կհաղթի, քանի որ Հայաստանից ավելի հզոր է: Կամ էլ, մի օր այդ թույլտվությունը կարող է լինել տարբեր այլ գործոններից ելնելով, եւ այդ դեպքում Հայաստանը չի դիմանա, որովհետեւ ժամանակակից պատերազմը մեծապես պայմանավորվում է կողմերի տնտեսական պոտենցիալով:

Ասել, թե այդ վտանգը բացարձակ է, իհարկե այդպես չէ: Ի վերջո, ոչ միշտ է, որ պատերազմը շահում է վիճակագրորեն ուժեղ կողմը: Առավել եւս, որ Ղարաբաղի առաջին պատերազմում Ադրբեջանի տնտեսական առավելությունը թերեւս ավելի քիչ չէր, քան այժմ: Բայց Ադրբեջանը պարտվեց: Ու բանն այստեղ ամենեւին էլ հայկական ոգին կամ սեփական տունը պաշտպանելու առավելությունը չէր: Դա իհարկե կա, ընդ որում զգալիորեն: Բայց միայն դրանով պատերազմ չես շահի, առավել եւս 20-րդ դարավերջին:

Պարզապես Հայաստանն ու Ղարաբաղը կարողացան այդ պահին առավել համահունչ ու ադեկվատ լինել համաշխարհային միտումներին, համաշխարհային արժեհամակարգին: Կարողացան հնարավորինս արդյունավետ օգտագործել փոքրաթիվ խաղաքարտերը եւ Ադրբեջանի տնտեսական առավելությունը չեզոքացրին արդիական արժեքների գեներացիայով, որ տեղի էր ունենում նույնիսկ պատերազմական պայմաններում:

Հիմա ժամանակն այլ է, այլ են Հայաստանն ու Ղարաբաղը: Հիմա միջազգային զեկույցներում Ղարաբաղին տրվող որակական գնահատականները հավասարվում են Ադրբեջանին, իսկ հայկական կողմից դրան ընդամենը տրվում են ավանդական պատասխաններ հայերի դեմ “համաշխարհային դավադրության” տրամաբանության շրջանակում: Ու դա, ժամանակի հանդեպ հայկական կողմում առկա այդօրինակ վերաբերմունքն է ամենամեծ վտանգը, ոչ թե Ադրբեջանի ՀՆԱ ծավալը: Հայկական պետությունները` Հայաստանն ու Ղարաբաղը, դադարել են իրական կյանքում ադեկվատ լինել համաշխարհային միտումներին ու զարգացումներին, դադարել են իրական կյանում գեներացնել արդիական քաղաքակրթական արժեքները: Դրանք առկա են միայն որոշ ելույթներում, այն էլ որոշակի ամբիոններից:

Իսկ իրական կյանքում գեներացվում են բոլորովին այլ արժեքներ, շահարկվում են «ազգայինը, հայրենասիրականը, միասնականը», որոնց շնորհիվ փորձ է արվում հասարակությանը զրկել մտածելու եւ ստեղծագործելու հնարավորությունից, հանրային ռեսուրսները կենտրոնացնել հնարավորինս փոքր թվով անձանց ձեռքին, դա դարձնել օրինաչափ, դրա դեմ որեւէ տեսակի իրական, ոչ իմիտացիոն գործունեություն որակվում է որպես դավադրություն ազգի ու պետության դեմ:

Ահա այդ պայմաններում է Ադրբեջանի տնտեսական առավելությունը դառնում վտանգավոր: Մինչդեռ, այդ տնտեսական առավելությունը Հայաստանի “վերնախավի” համար դառնում է այդ պայմանները խորացնելու հերթական առիթ: Վիճակագրական ակնհայտ առավելությունը արձանագրելով, “վերնախավը” ոչ թե մտածում է, որ այն կչեզոքանա միայն ազգի, քաղաքացիների ստեղծագործական պոտենցիալի դրսեւորման հնարավորինս ազատական եւ լայն դաշտի ապահովումով, այլ փորձում է այդ վիճակագրական տվյալները շահարկելով էլ ավելի նվազեցնել ստեղծագործական ազատության սահմանները:

Այդ է ժամանակակից Հայաստանի “աքիլեսյան գարշապարը”:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: