Tuesday, January 18, 2011

Ի՞նչ ունենք ասելու Սահակաշվիլիին

HayNews.am. 18-1-2011- Վերջին անգամ, երբ Հայաստան էր ժամանել Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև չկա մի խնդիր, որը հնարավոր չէր լինի լուծել: Պարզվեց, սակայն, որ այս հայտարարությունն այնքան էլ տեղին չէ, քանի որ, ինչպես հիմա է երևում , դեռ կան մի քանի հարցեր, որոնք իսկապես լուծման և հստակեցման կարոտ են: Դժվար է անգամ թվարկել, թե որ խնդիրն է ավելի առաջնային, սակայն կան մի քանիսը, որոնք օրակարգում պետք է լինեն: Այսպես, ցայսօր լուծված չէ Վիրահայոց թեմի կարգավիճակի հարցը: Ավելին, մեր հարևան երկրի ռեինտեգրացիայի փոխնախարարը հայտարարել էր, թե Վրաստանը երբեք չի գրանցի Հայ Առաքելական եկեղեցին, քանի որ այն «Էջմիածնի մասնաճյուղ է»: Թերևս դրանով է պայմանավորված նաև այն, որ վրացական կողմի նախաձեռնությամբ այս էլ որերորդ անգամ հետաձգվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցելությունը Թբիլիսի: Վերջին անգամ հայտարարեցին, որ Վրաստանի պատրիարք Իլիա II-ը վատառողջ է, և ինքն է խնդրել այցը հետաձգել: «Վատառողջ» հոգևորականը, սակայն, կարծես թե միանգամից առողջացավ, երբ Թբիլիսի ժամանեց Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն: Անգամ երկուսով մի հայտարարություն ընդունեցին, որով «ճանաչում էին երկու երկրների տարածքային ամբողջականությունը»: Սլաքը, պարզից էլ պարզ, ուղղված էր Արցախի դեմ: Այնուհետև Վրաստանը հայտարարեց, թե չսեփականաշնորհվող օբյեկտների ցանկից հանում է Ռուսաստան-Հայաստան գազամուղի` իր տարածքով անցնող հատվածը: Ազերիններն էլ, բնականաբար, միանգամից ցանկություն հայտնեցին գնել այն: Թե ինչ հետևանքներ կունենանք, եթե այդ «գործարքը» ի կատար ածվի, դժվար չէ պատկերացնել: Այս խնդիրների ցանկին կարելի է և պետք է գումարել մի քանի հայկական եկեղեցիների վրացականացման հարցը, որից անընդհատ խուսափում է խոսել պաշտոնական Թբիլիսին: Ինչ վերաբերում է Ջավախքի իրավիճակին, ապա այստեղ էլ, մեղմ ասած ամեն ինչ հարթ չէ: Արգելվում է այնտեղ տանել հայկական մամուլ, հայատառ գրքեր` առանց որևիցե հոդաբաշխ հիմնավորման: Շուրջ մեկ տարի է, ինչ Վրաստանում «անցանկալի անձ» է հայտարարվել Հայաստանի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ինչի մասին պաշտոնական Երևանը, թերևս, նույնպես պարտավոր է խոսել:
Իհարկե, Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերություններն ուղղակի անհրաժեշտություն են, սակայն դա չի նշանակում, որ նմանատիպ հարցերը պետք է մնան առանց լուծման: Ինչպես նախօրոք է հայտարարվել, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ժամանում է Երևան, և հրաշալի առիթ է վերոնշյալ հարցերը բարձրացնելու համար:
Նարեկ Գալստյան

No comments: