Tuesday, January 18, 2011

Ժողովրդվարության փոխարեն գազ` Ադրբեջանից Եվրոպա

Panorama.am. 17-1-2011- Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի այցը Բաքու ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված ոչ մի լուրջ ուղերձով չնշանավորվեց: Մեկ անգամ ևս հաստատվեց, որ Եվրամիության և ընդհանրապես Արևմուտքի պետությունների համար Ադրբեջանում հիմնական գերակայությունները մնում են էներգակիրները: Բաքվում անցկացրած բանակցություններից հետո Բարոզոն լրագրողներին հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «վստահեցրել է իրեն` «Nabucco» գազային նախագծին աջակցելու հարցում»:
«Նախագահ Իլհամ Ալիևը հստակ կերպով հայտնեց, որ աջակցում է «Nabucco» նախագծին»,- ասել է նա: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթը»:
«Այսպիսով, Ադրբեջանում դեմոկրատիայի և մարդու իրավունքների բնագավառում տեղի ունեցող հետընթացը հեռվից քննադատող Եվրահանձնաժողովի նախագահը այդ ոլորտի բարելավման մասին խոստումների փոխարեն Բաքվում համաձայնություն ստացավ ռուսաստանյան գազից Եվրոպայի կախվածությունը նվազեցնող «Nabucco» նախագծի իրագործման հարցում»,- գրում է «Ենի Մուսավաթը»:
Հատկանշական է, որ Բարոզոյի այցից մեկ օր առաջ Իրանի նավթի նախարարը Բաքվում այդ երկիր տարեկան 1 մլրդ խմ գազ փոխադրելու մասին համաձայնագիր է ստորագրել, իսկ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ Ադրբեջանից և Միջին Ասիայից Եվրոպա գազամատակարարում նախատեսող «Nabucco» ծրագիրն իրատեսական չէ, քանի որ այդ գազատարով փոխադրելու համար բավարար քանակությամբ գազ Ադրբեջանը չունի:

No comments: