Tuesday, January 18, 2011

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ

«Լրագիր» 18-1-2011- Երեկ ելույթ ունենալով Կիպրոսի խորհրդարանում, Սերժ Սարգսյանը հերթական հայտարարությունն է արել Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Նա նշել է, թե Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում: Մենք տրամադրված ենք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց եթե Ադրբեջանը գնա իրավիճակի սրման, մեր պատասխանն ավելի քան վճռական է լինելու, ասել է Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծել է, թե Ադրբեջանը զինադադարից ի վեր ժամանակն օգտագործում է նոր ագրեսիայի պատրաստվելու համար:
Նախօրեին ոչ պակաս վճռական հայտարարություններ էր արել Իլհամ Ալիեւը: Նա հայտարարել էր, թե Հայաստանը չի ցանկանում ազատել գրաված հողերը, ձգտում է որքան կարելի է երկար պահել այդ հողերը, եւ դրանով հասնելով այնպիսի պայմանների, որոնք ձեռնտու են նրան Ղարաբաղի կարգավիճակի կապակցությամբ: Իսկ դա հնարավոր չէ, ասել էր Ալիեւը:
Նա նշել էր, որ ադրբեջանական պետությունը երբեք թույլ չի տա, որ ադրբեջանական հողում ստեղծվի հայկական երկրորդ պետություն: Նա ասել էր նաեւ, թե Ադրբեջանի քաղաքացիները պետք է վերադառնան հայրենի հողեր, այդ թվում լեռնային Ղարաբաղ, պետք է Լեռնային Ղարաբաղում ապրեն ինքնավարության պայմաններում: Այս շրջանակից դուրս լուծում չկա, ասել էր Ալիեւը:

Նա ակնարկել էր, թե 2011-ին Ադրբեջանը մտադիր չէ ռազմական գործողություններ սկսել: Մենք ձգտելու ենք, որ 2011-ին ավելի ամրապնդենք մեր դիրքերը միջազգային կառույցներում: Մյուս կողմից, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում բանակի կառուցմանը, հայտարարել էր Ալիեւը:

Ակնհայտ է, որ պատերազմը, որ կարող է սանձազերծել Ադրբեջանը, ձեռնտու է բոլորին, այդ թվում Հայաստանին, բայց ոչ Ադրբեջանին: Դատելով միջազգային փորձագետների հայտարարություններից, բոլորը սպասում են, որ Ալիեւի նյարդերը տեղի կտան, եւ Ադրբեջանում կկրկնվի վրացական սցենարը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: