Wednesday, January 19, 2011

ԼՂՀ պաշտոնյա. Կիպրոսը, որպես հակամարտության կարգավորման հիմք, ընդունում է հենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը

Panorama.am. 18-1-2011- «Կիպրոսն ավելի լավ է պատկերացնում Արցախի հիմնախնդիրն ու դրա էությունը, քանի որ նա էլ ինչ-որ կերպ առնչվում է նման մի հիմնախնդրի: Ճիշտ է դրանք տարբեր խնդիրներ են, սակայն կա ընդհանուր մոտեցում հակամարտության վերաբերյալ. հայրենիքի բռնազավթումն այլ պետության կողմից»,-անդրադառանալով ՀՀ-ի և Կիպրոսի Հանրապետության միջև ստորագրված քաղաքական հռչակագրին՝ Panorama.am-ին ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքերով, այդ հռչակագրով Կիպրոսը երկու կարևոր ուղու է հետամուտ լինում. նախ և առաջ դրանով ցույց է տրվում եվրոպական ընդհանուր քաղաքականությունը, որը նաև սատարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և երկորրդը, չպետք է մոռանալ, որ Կիպրոսի խնդիրը դեռևս լուծված չէ, և Թուրքիան մեծ խնդիրներ է ստեղծել նաև Կիպրոսի համար:
«Այդ հռչակագրով կարելի է ասել, որ Կիպրոսը սատարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Կարևորն այն է, որ Կիպրոսը` որպես հակամարտության կարգավորման հիմք, ընդունում է հենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»,- ընդգծեց ԼՂՀ պաշտոնյան:
Հիշեցնենք, որ այդ հռչակագրում մասնավորապես նշվում է.
«Կիպրոսի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ջանքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում և շեշտում է, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ միջոցներով, առանց ուժի կիրառմանը դիմելու և բանակցությունների միջոցով` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա: Կիպրոսի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության կառուցողական ջանքերին ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում ընթացող բանակցությունների միջոցով, որոնք հիմնված են Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկած տարրերի վրա, որոնք, ի թիվս այլոց, ներառում են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով»:

No comments: