Wednesday, January 19, 2011

Ո՞Վ ԿՍԱՍՏԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻՆ

Ադրբեջանում աղավաղում են ոչ միայն եվրոչինովնիկների, այլեւ ուզածդ նախագահի ասածները
«ԱԶԳ», 19-01-2011- Ապատեղեկատվությունն առավել շատ է տարածվում, քան հերքումը: Հերքումն անհրաժեշտություն է, երբ խոսքը լուրջ աղավաղումների ու կեղծումների մասին է, սակայն երբ կեղծում ու աղավաղում են պարբերաբար, հստակ է, որ հերքումը բավարար չէ, սակայն այլ միջոցներ դեռեւս չեն կիրառվում, մասնավորապես, ադրբեջանական քարոզչամեքենայի արտադրանք ապատեղեկատվության դեմ:
Օրինակներն այս առնչությամբ այնքան շատ են, որ բնավ կարիք չկա թերթելու անցյալի հրապարակումները, այլ յուրաքանչյուր օր այդպիսի օրինակներ կարելի է գտնել թեկուզ Ադրբեջանի նախագահի կայքէջի հաղորդագրություններում:
Հերթական անգամ էլ աղավաղումների բաժնով են աշխարհին եւ հատկապես ադրբեջանական հասարակությանը մատուցվել Ադրբեջանի եւ Լատվիայի նախագահների համատեղ հռչակագրի որոշ հատվածներ: Մասնավորապես, ադրբեջանական պաշտոնական տեղեկատվության համաձայն, Լիտվայի նախագահ Վալդիս Զատլերսն առանց այլեւայլության համաձայնել է Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերի հետ ու անգամ ամրագրել հռչակագրով, թե «Ադրբեջանն ու Լատվիան կողմ են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծմանը... հատկապես տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքների հիման վրա...»:
Ուղղակի բացառիկ է, որ ԵՄ-ը ներկայացնող Լատվիայի նախագահի համատեղ հռչակագրից այդքան հեշտորեն անհետացել են մյուս երկու սկզբունքները` ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման:
Իրականում պարզվում է, որ բնավ էլ չեն անհետացրել, այլ, ինչպես ասում են, «օգնել են անհետանալու»: Լատվիայի ԱԳՆ երկկողմ հարաբերությունների վարչության տնօրեն Յանիս Զլամեցը, ի պատասխան այսօրինակ հռչակագիրը պարզաբանելու հարցին, նշել է, որ Լատվիան ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին եւ որեւիցե նպատակ չունի խանգարելու դրան:
Լատվիացի բարձրաստիճան դիվանագետի խոսքով, Լատվիայի դիրքորոշումը ամբողջովին համընկնում է ԵՄ դիրքորոշմանը, որը տարբեր առիթներով արտահայտվել է ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպույի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ընդհանուր արտաքին եւ պաշտպանական միասնական քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթընի կողմից, առ այն, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա:
Լատվիացի դիվանագետը հիշեցրել է, կարծում ենք` ամենից առաջ ադրբեջանական կողմին, որ Լատվիան միացել է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հելսինկյան եւ աթենքյան հայտարարություններին, ինչպես նաեւ Աստանայի հռչակագրին, որտեղ ամեն ինչ հստակ ամրագրված է:
Հիշեցնենք, որ հերթական մի ապատեղեկատվություն էլ ադրբեջանական նախագահի կայքէջում հայտնվել ու վերագրվում էր Բաքու հունվարի 13-14-ին կատարած այցի ժամանակ տված մամուլի ասուլիսում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին առ այն, թե վերջինս կարծում է, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի «տարածքային ամբողջականության սկզբունքի համաձայն, եւ որ պետք է վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Եվ սա այն դեպքում, երբ Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում նման որեւէ հայտարարություն չկա: ՄԻնչդեռ իրականում ԵՄ-ը տարբեր մակարդակներում քանիցս հայտարարել է, որ աջակցում է Մինսկի գործընթացին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: